«Ծիծեռնակաբերդի խճուղում ճանապարհահատվածի փլուզումից հետո տարվող շինարարական աշխատանքները կավարտվեն 4-5 օրից, և այն ամբողջությամբ կբացվի»,- հունիսի 3-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Անդրադառնալով ճամփեզրին կատարվող շինարարությանը՝ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ այս պահի դրությամբ արձանագրություն չկա, որ շինարարի մեղքով է այդ ամենը եղել:
«Այս պահին, որպես այդպիսին, արձանագրում չկա, որ շինարարի մեղքով է եղել այդ ամենը: Պարզապես շինարարություն է արվել, անձրևի պատճառով, ինչպես նաև շինարարական վիբրացիաների պատճառով փլուզում է տեղի ունեցել: Շինարարն իր միջոցներով վերականգնում է այդ ճանապարհը: Կարծում եմ, որ այդ հատվածում ցանկացած շինարարի հետ հնարավոր էր, որ կարող է տեղի ունենալ: 4-5 օրից ճանապարհն ամբողջությամբ կբացվի, երկու հերթափոխով աշխատանք են անում»,- հավելել է Հրաչյա Սարգսյանը:
Մինչև դեկտեմբերի 31-ը 8 մետրանոց 150 ավտոբուսները կլինեն Երևանում. քաղաքապետ
«Հաջորդ շաբաթ նախատեսում ենք 8,6 մետրանոց 150 ավտոբուսների մրցույթ, հայտարարել և ակնկալում ենք, որ մինչև դեկտեմբերի 31-ը ավտոբուսները կլինեն Երևանում: Ինչպես նաև մեկ ամիս առաջ պայմանագիր ստորագրեցինք 12 մետրանոց ավտոբուսներ ձեռք բերելու համար: Ժամկետը 2023 թվականի մարտ-ապրիլ ամիսներն են»,- հունիսի 3-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Վերջինս հայտնել է նաև, որ կավելանա մանուշակագույն ավտոբուսների թվաքանակը:
«Եթե նայեք, քաղաքում հիմնականում կապույտ ավտոբուսներ են երթևեկում, մանուշակագույն ավտոբուսների պահեստամասերի ձեռքբերման հետ կապված մրցույթը չի կայանում, բայց կարծում եմ՝ մոտակա ժամանակ որոշում կունենանք և այդ որոշման համաձայն՝ պահեստամասերը ձեռք կբերենք, մանուշակագույն ավտոբուսները նույնպես կերթևեկեն, քանակն ավելի շատ կլինի»,- նշել է Հրաչյա Սարգսյանը: