«Պատերազմի դաշտից զանգեց՝ հասել եմ իմ երազանքին, Ղարաբաղում եմ ու պաշտպանում եմ իմ հայրենիքը»․ որդեկորույս մայր՝ մեղադրում եմ ինձ

Հրազդան քաղաքի տնակներից մեկում է 48-ամյա Լուսինե Հովհաննիսյանը միայնակ մեծացրել երկու որդիներին։ Ասում է՝ դժվարությունները շատ էին, սակայն որդիները որևէ բանի կարիք երբևէ չեն ունեցել։ Պատմում է՝ ավագ որդու երազանքն էր զինվորական ծառայությունն ավարտեր, մոր համար տուն գնել․ «Ասում էր՝ մա՛մ, կգամ ծառայությունից, քեզ տնակից կհանեմ։ Երեխուս երազանքը կիսատ մնաց»,- ասում է ու հուզվում մայրը։

Լուսինեն ասում է՝ որդու զոհվելուց հետո հաճախ է ինքն իրեն մեղադրում նրա մեջ այդքան հայրենասիրություն սերմանելու համար։ Որդին ինքնակամ շուտ է մեկնել ծառայության, երազում էր, որ հայրենիքի պաշտպանության հարցում ինքն իր ներդրումն ունենա։

«Ինքը չպետք ա ծառայեր, ես միայնակ մայր էի, ախպերը պիտի լիներ 18 տարեկան, նոր գնար, բայց չէր համբերում, թղթերը բերեց, ստորագրեցինք, գնաց ու գնաց,- հուզվում է մայրն ու հիշում,- պատերազմի երրորդ օրը զանգեց, շատ ուրախ էր, ասեց՝ հասել եմ իմ երազանքին, Ղարաբաղում եմ ու պաշտպանում եմ իմ հայրենիքը… Ավարտելուց հետո էլ ուզում էր զինվորական դառնալ, ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան»,- ասում է Լուսինեն։

Լուսինեն մտահոգ շարունակում է․ «Հիմա էլ ախպերն ա, նույն կերպ ուզում ա գնա ախպոր վրեժը լուծի։ Մեկ-մեկ ինձ մեղադրում եմ՝ ինչի՞ ես իմ էրեխեքի մեջ էդպես հայրենասիրություն սերմանեցի»։

Լուսինեի ավագ որդին՝ Նարեկ Հովհաննիսյանը, Կապանում է ծառայել, 2020-ի սեպտեմբերի 4-ին տեղափոխվել է Ջրական զորավարժությունների, Ջրականում էլ պատերազմի ժամանակ կռվել է թշնամու դեմ։ Զոհվել է հոկտեմբերի 14-ին թշնամու կասետային ռումբի հարվածից։

Լուսինեն հիշում է՝ որդին զոհվելուց չորս օր առաջ զանգել էր, հուզմունքը չէր կարողացել զսպել, քանի որ մարտի դաշտում միանգամից չորս ընկերոջ էր կորցրել․ «Ասեց՝ ընկերներս մեկը մեկի հետևից զոհվեցին»։

Որդու զոհվելու մասին մայրն իմացել է նույն օրը։ Ասում է՝ կյանքը շուռ եկավ, ամեն ինչ իմաստազրկվեց այդ պահից սկսած։

«Հարևանս կնոջ հետ ինձ խաբեց, ասեց՝ մայրդ վատացել ա… Գնացի իրանց տուն, տեսա՝ բոլորն էնտեղ են, ու հասկացա՝ ինչ ա կատարվել։ Հետո ոչ մի բան չեմ հիշում ընդհանրապես, սկորին անընդհատ գալիս-անզգայացնում էր, սրսկում էին, որ ոչ մի բան չհասկանայի։ Իմ համար կյանքը կանգ ա առել, ինչքան էլ մի հատ տղա ունեմ»,- ցավով ասում է որդեկորույս մայրը։

Որդուն մասին պատմելիս Լուսինեն ասում է՝ սիրում էր մարդկանց ուրախ տեսնել ու ամեն ինչ անում էր, որ ժպտային․ «Չէր սիրում, որ մարդիկ խռով լինեին, ոնց որ խաղաղության աղավնի լիներ, ուզում էր բոլորին հաշտեցնել։ Մաքուր էր, ազնիվ ու շատ ջերմ»,- ասում է Լուսինեն ու կարոտով պատմում․

«Նույնիսկ իրա սերը չէր կարողանում թաքցնել, դպրոցից գալիս էր, թեկուզ բակում լինեի, հետևիցս կգրկեր, կթռցներ, ասում էր՝ դու իմ մաման ես, թող հարևաններն էլ, ամբողջ աշխարհն էլ իմանա, թե ինչքան շատ եմ քեզ սիրում»,- ասում է ու հուզվում մայրը:

Այժմ Լուսինեն ապրում է որդու մասին հուշերով, նրա գրած բանաստեղծությունները ընթերցելով, նրա նկարներն ու խաչքարը համբուրելով: «Ու ոչ մի օր չոր չեն մնում աչքերս»,- ցավով ասում է մայրը։

Նարեկ Հովհաննիսյանը հուղարկավորվել է Հրազդանի պանթեոնում։

MediaLab.am

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում