Ավելի լավ է՝ այդ մարդը գա և ներկայանա նախաքննական մարմնին. Հովհաննիսյանը՝ Միհրան Պողոսյանի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն այսօր Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում, անդրադարձավ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի այն հայտարարությանը, որով նա անդրադարձել էր ՀՀ-ում մեծ քանակությամբ թմրանյութ հայտնաբերելու դեպքին:

Հիշեցնենք՝ Պողոսյանը իր հայտարարության մեջ նշել էր․ «Սույն թվականի մայիսի 13-ին տեղեկանալով ՀՀ տարածքում գտնվող բանանի պահեստում շուրջ 1 տոննա կասկածելի զանգվածի առկայության մասին՝ անմիջապես ձեռնամուխ եմ եղել համապատասխան քայլեր ձեռնարկելուն։ Մասնավորապես, զանգահարել եմ ՀՀ ԱԱԾ տնօրենի ընդունարան, արդյունքի չհասնելով՝ քիչ անց ձայնային հաղորդագրություն եմ ուղարկել ԱԱԾ տնօրենի բջջային հեռախոսահամարին, որից հետո՝ կարճ ժամանակ անց, Արմեն Աբազյանը զանգահարել է ինձ»։

Հովհաննիսյանը նկատեց․ «Չեմ տիրապետում քրեական գործի մանրամասներին, բայց ավելի լավ է՝ այդ մարդը գա և ներկայանա նախաքննական մարմնին, որովհետև գտնվում է հետախուզման մեջ։ Տվյալ անձնավորությանը ՀՀ իրավապահ մարմինները հետախուզում են ՀՀ պետական գույքը հափշտակելու և մի շարք այլ հանցագործությունների համար։ Թող գա, ներկայանա և ավելի մանրամասն պատմի իր առնչությունը բանանի ու կոկաինի հետ»,- ասաց նա։

Հարցին՝ ինչպե՞ս է եղել, որ շուրջ մեկ տոննա կոկաինը սահմանին չի հայտնաբերվել, և արդյոք թմրանյութերի տարածումը մեր երկրում եղե՞լ է բանանի ներկրման միջոցով, քանի որ այդ շուկան երկար տարիներ է գործել է մոնոպոլ, պատգամավորն ընդգծեց. «Նկատել եմ, որ մեր ընդդիմությունն է լավ տեղյակ կոկաինի գործից, ես չեմ հետաքրքրվել։ Բազմաթիվ այլ ոլորտներ կան, որոնք գտնվել են մոնոպոլ վիճակում։ Հիմա եթե հետախուզվող մարդը մեկնաբանում է, մի հատ էլ ասում է, որ զանգահարել է ԱԱԾ պետին, կարող եմ ենթադրել, որ նախկինում ավելի մեծ հանցագործությունների մասին կարող է խոսք գնացած լինել»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, ի լրումն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ 2023 թվականի մայիսի 17-ի հրապարակման, ԱԱԾ-ն նոր հաղորդագրություն էր հրապարակել՝ հայտնելով, որ կա ձերբակալված: Վերջինս «Մրգենի» ՍՊ ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետ Մ. Ղ.-ն է:

Մայիսի 17-ին ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով ՀՀ է ներմուծվել կոկաին տեսակի՝ շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց։

ՀՀ վարչապետը, երեկ ԱԺ-ում մեկնաբանելով 1 տոննա կոկաինի գործը, հայտնել էր, որ մեկ տոննա կոկոաինի հասցեատերը բանանի՝ հայտնի ներկրմամբ զբաղվող ընկերությունն է, որի սեփականատերը հետախուզման մեջ գտնվող նախկին պատգամավոր է։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում