Խուճապային խոսակցություններ տարածողները հայրենիքի հետ կապ չունեն. Արարատի մարզպետը՝ Երասխում իրավիճակի մասին

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի հավաստմամբ՝ մարզում և հատկապես Երասխում իրավիճակը հանգիստ է։

Վերջինիս խոսքով՝ չնայած Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ ադրբեջանական կողմն անընդհատ կրակոցներ է արձակում՝ գյուղը շարունակում է ապրել իր բնականոն կյանքով։

«Վերջին անգամ կրակել են երեկ առավոտյան։ Միայն գործարանի ուղղությամբ են կրակոցները լինում։ Աշխատակիցները թեև մտավախություններ ունեն, քանի որ իրենց աշխատանքն է, դրա համար վճարվում են, բայց շարունակում են աշխատանքը։ Իրենց մտավախություններն էլ լուրջ չեն, պարզապես անհանգստություն է լինում կրակոցների ժամանակ, քանի որ աշխատանքներին խանգարում է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Ըստ մարզպետի՝ գյուղացիների տրամադրությունը նույնպես լավ է, խուճապ չկա․ «Ապատեղեկատվությունները, թե մարդիկ խուճապի մեջ են և այլ, նման խոսակցություններ տարածող մարդիկ ուղղակի հայրենիքի հետ կապ չունեն։ Խուճապային տրամադրություն չկա, ամեն ինչ շատ լավ է։ Ամեն օր հանդիպումներ եմ ունենում իրենց հետ, սովորական առօրյա հարցեր ենք քննարկում։ Գյուղացիները հիմնականում իրենց աշխատանքով են զբաղված, գյուղատնտեսությամբ»։

Հարցին՝ ԱՄՆ դրոշի տեղադրումը և՞ս չի զսպում Ադրբեջանին՝ սադրանքներից զերծ մնալու համար, Թևոնյանն ասում է՝ էական նշանակություն չունի:

Մարզպետի խոսքով՝ Երասխում ևս մեկ գործարան կա՝ Երասխի գինու գործարանը, որը մի քանի տարի է, ինչ գործում է, այդ գործարանը շարունակում է իր բնականոն աշխատանքը։

«Այդ ուղղությամբ կրակոցներ ադրբեջանական կողմից չկան»,- նշում է նա:

Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանը վերջին օրերին ենթարկվում է Ադրբեջանի զինված ուժերի կրակոցներին։ Այն կառուցվում է Երասխի տարածքում՝ ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ ու ներդրումային միջոցներով: Հունիսի 14-ին մետալուրգիական գործարանի ուղղությամբ կրակոցների հետևանքով վիրավորում էր ստացել ազգությամբ հնդիկ 2 քաղաքացի: Նրանք կառույցի շինաշխատանքներում էին ներգրավված:

Օրեր առաջ գործարանի տարածքում բարձրացվեցին Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում