Ես պիտի տուն գնամ ու ով փորձի խանգարել՝ իմ թշնամին է. արցախցի պատգամավոր

Աշխարհի որ ծայրում էլ լինեմ, իմ տուն պիտի գնամ, այս մասին գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Պիտի ձեքերս բացեմ ու գրկեմ, շնչեմ, միախառնվեմ ճչացող լռությանն ու տխուր ժպիտով հիշեմ 2020-ի «հաղթում ենք»-ը, սեփական արյան մեջ կորած փոքրամարմին հայ զինվորին, որ ատամները սեղմած՝ լալու փոխարեն ժպտում էր, շենքերի նկուղներում իրենց որդիների ու ամուսինների համար թաց աչքերով շշուկով աղոթող մայրերին ու կանանց…, պիտի հիշեմ հազարներին, որ այդպես էլ տուն չեկան, դարձան սառը քարից ժպտացող նկար…»,- Facebook-ում գրել է նա։

Պատգամավորը նշել է՝ պիտի տուն գնա, որ վերջապես իրավունք ունենա ասելու. «Ներեք ինձ, տղանե՜ր»։

«Իմ տունն այդպես էլ այլ տեղ չգտա, այն ինձ գրկել է Ստեփանակերտում… .ես պիտի տուն գնամ ու ով փորձի խանգարել՝ իմ թշնամին է»,- հավելել է Հակոբյանը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում