Կիթառահար Լևոն Սիմոնյանը ԱՄՆ-ում պատրաստվում է թողարկել իր նոր ալբոմն ու հանդես գալ մի շարք հայտնի երգիչների հետ համերգային ծրագրերով

Հայտնի հայ ու արտասահմանցի արտիստների համերգների և ձայնագրությունների ժամանակ հաճախ կլսեք երաժիշտ Լևոն Սիմոնյանի կիթառի հնչյունները: Հայտնի կիթառահարն այս պահին գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ մի շարք երգիչների հետ համագործակցելու հրավերով: Նախկինում ևս Լևոն Սիմոնյանը հանդես է եկել ԱՄՆ-ում: 2016թ. կիթառահարը հրավիրվել էր մասնակցելու Microsoft-ում տեղի ունեցած Արման Հովհաննիսյանի մենահամերգին, որն անցել է լեփ-լեցուն դահլիճում: 2017թ. դարձյալ Արման Հովհաննիսյանի հետ կիթառահարը հանդես էր եկել Լաս Վեգասում, 2018թ. հատուկ հրավեր էր ստացել Նորոյի մենահամերգի ժամանակ նվագելու Հոլիվուդի Dolby համերգասրահում:

Կիթառահար Լևոն Սիմոնյանն իր երաժշտական կարիերայի ընթացքում համագործակցել է նաև հայտնի երգիչներ Հայկոյի, Ռազմիկ Ամյանի, Թաթայի, Ձախ Հարութի, Սարոյի, Արա Մարտիրոսյանի և շատ այլ հայտնի անուների հետ:

Թե ինչպես Լևոն Սիմոնյանը ստացավ ԱՄՆ-ում հանդես գալու հրավեր և այս պահին ի՞նչ պրոյեկտներով է հանդես գալու կիթառահարը, խոսել ենք երաժիշտ, Լևոն Սիմոնյանի պրոդյուսեր Արա Թորոսյանի հետ:

— Պարոն Թորոսյան, ի՞նչ պրոյեկտի շրջանակում է այս պահին կիթառահար Լևոն Սիմոնյանը գտնվում ԱՄՆ-ում:

Երբ Հայաստանում Լևոնի մասնակցությամբ ունեցանք համերգներ Թաթա Սիմոնյանի հետ, ես ուշադրություն դարձրի ու նկատեցի Լևոնի տաղանդը, նաև այն, թե նա որքան արագ է յուրացնում համերգային ծրագիրը: Նա նաև ունի նվագելու հետաքրքիր տեխնիկա և մեր համագործակցությունը շատ հետաքրքիր ստացվեց: Ես հասկացա, որ նա բավականին տարբերվում է մյուս կիթառահարներից: Երբ Միացյալ Նահանգներում անհրաժեշտ է լինում կիթառահարի մասնակցության համերգներին կամ ձայնագրման ժամանակ, ես նախընտրում եմ հրավիրել Լևոնին: Նա մեծ հնարավորություններով երաժիշտ է, հրաշալի տիրապետում է թե՛ ակուստիկ, թե՛ էլեկտակիթառին:

-Առաջիկայում ի՞նչ համերգների շրջանակում հանդես կգա Լևոնը:

Առաջիկա համերգը, որին պատրաստվում է Լևոնը, Արկադի Դումիկյանի 2-օրյա մենահամերգն է, որը տեղի կունենա 2025թ. մարտի սկզբին ԱՄՆThe Peacock Theater համերգասրահում: Լևոնը Արկադի Դումիկյանի հետ մեկ անգամ չէ, որ հանդես է եկել: 2023թ.-ին նա հրավիրված էր մասնակցելու Դումիկյանի մենահամերգին, որը ևս տեղի ունեցավ ԱՄՆ հայտնի The Peacock Theater համերգասրահում, և անցավ լեփ-լեցուն դահլիճում: ԱՄՆ-ում Լևոնն այս պահին աշխատում է նաև Արմենչիկի հետ, որի հետ 2017թ. շրջագայել էր Լիբանանում ու մասնակցել Jounieh Summer Festival-ին:

Լևոնը քաջ տեղյակ է բոլոր արտիստների երաժշտական ծրագրին: Առաջիկայում Լևոնի հետ հանդես ենք գալու նաև բոլոր այն արտիստների հետ, որոնք համերգներով գալու են ԱՄՆ:

-Իսկ ի՞նչ անձնական նորություններով է հանդես գալու Լևոն Սիմոնյանն առաջիկայում:

Լևոնը ունեցել է տեսահոլովակներ ու ձայնագրություններ ու շատ շուտով իր հանդիսատեսին կներկայացնի նոր տեսահոլովակ: Իսկ այժմ աշխատում է իր նոր ալբոմի վրա, որը պատրաստ կլինի 2025թ.-ին:

Կիթառահար Լևոն Սիմոնյանն ընդգրկված է եղել երաժշտական հայտնի հաղորդաշարերում, ինչպիսին Հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց» նախագիծն է, որի կազմում երաժիշտն աշխատել է շուրջ 2 տարի: «Երգ երգոց»-ն, ի դեպ, տվյալ ժամանակահատվածում տարվա լավագույն հաղորդում է ճանաչվել։ Լևոն Սիմոնյանը Հայաստանում սիրված Hayway բենդի հիմնադիրներից մեկն է: Հենց Hayway բենդի կազմում երաժիշտը մեկնել է Քաթար՝ համերգային ուղևորութան, որը տևել է շուրջ 5 ամիս: Դոհայում բենդը հանդես է եկել ջազ ակումբում: 2019թ. Hayway խումբը ռադիո «Վան»-ի կազմակերպած Van Music Awards-ում շահել է Number1 մրցանակը:

Որպես հայտնի կիթառահար Լևոն Սիմոնյանը հրավերներ է ստացել հանդես գալու նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ: Նվագախմբի հետ կիթառահարը շրջագայել է նաև Հայաստանից դուրս, մասնակցել է Expo 2020 Dubai-ին, որի շրջանակում նվագել է Հայաստանի օրվան նվիրված մեծ համերգի ժամանակ:

Երաժիշտը Դուբայում համերգներով հանդես գալու հրավերներ հաճախ է ստացել: 2022թ. հենց Դուբայում մասնակցել է Սուրբ Ծննդին նվիրված Carol by Candlelight միջոցառմանը, որը տևել է 3 օր: Միջոցառման շրջանակում Լևոնը հանդես է եկել սիմֆոնիկ և փոփ նվագախմբերի կազմում՝ հանրահայտ երգիչների և երաժիշտների հետ միասին:

Աղբյուրը՝ tert.am/life/am

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: