«Պատմությունը հիմնված է իրական իրադարձությունների վրա, դասական ինքնակենսագրական չէ: Սա տվյալ հեղինակի ճանապարհն է, ով փորձում է գտնել լուծումներ: Իսկ Սերգեյ Փարաջանովը հայտնի էր նաև նրանով, որ նա կարողանում էր շարունակել իր գործն անկախ ամեն ինչից: Նշեմ, որ ֆիլմը ստեղծելիս՝ բոլոր դժվարությունները մի կողմ են դրվում, քանի որ Փարաջանովի կողմից օրհնված նախագիծ էր. բոլոր 9 հերոսների՝ ֆիլմում հայտնվելը, կարծես, ճակատագրական լիներ»,-Life.tert.am-ի հետ զրույցում ասաց «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով» վավերագրական ֆիլմի ռեժիսոր, հեղինակ և պրոդյուսեր Զառա Ջյանը:
Փարաջանովի 100-ամյակի առթիվ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում տեղի էր ունեցել այս վավերագրական ֆիլմի փակ ցուցադրությունը։ Ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է, որին մասնակցություն է ունեցել նաև Մեծ Բրիտանիան: Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում, Սերբիայում, Լատվիայում և Գերմանիայում: «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով» ֆիլմի կայացմանն աջակցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և այլն:
Իսկ ֆիլմի հերոսները պատմում են Փարաջանովի հետ առաջին հանդիպման, նրանից ստացած տպավորությունների, նրա բացառիկ, յուրահատուկ լինելու, հանճարեղության մասին: Ֆիլմի հերոսներն են՝ ռեժիսորներ Ատոմ Էգոյանը, Էմիր Կուստուրիցան, Թարսեմ Սինխը, դերասանուհի Չուլպան Խամատովան, կինոքննադատ Ժոել Շապրոնը, ռեժիսոր Ալի Խամրայեվը, Լորա Գուերրա (Թ. Գուերրայի կինը), ակադեմիկոս Լևոն Աբրահամյանը, ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը: Ֆիլմի հեղինակների խոսքով՝ ֆիլմի 10-րդ հերոսը հենց Սերգեյ Փարաջանովն է: Նշենք, որ ֆիլմի հերոսներից ռեժիսորներ Թարսեմ Սինխը և Ատոմ Էգոյանը ներկա էին փակ դիտմանը:
«Փարաջանովը եզակի կինոմատոգրաֆիկ տեսլական է ունեցել, և եթե ինչ-որ մեկին հետաքրքրում է այն, ինչ առաջարկում է կինոն, ուրեմն անհնար է գտնել ավելի անսովոր ձայն, քան Փարաջանովինն է: Իսկ Փարաջանովի իմ ամենասիրած ֆիլմը «Նռան գույնը» ֆիլմն է»,-ասաց Ատոմ Էգոյանը: