«Հրապարակը» գրում է՝ օրեր առաջ անդրադարձել էինք ինչպես հեղուկ գազի ներկրման, այնպես էլ կոնյակի արտահանման խնդիրներին, որոնք ուղիղ կապ ունեն Վրաստանի հետ։
Հիշեցնենք, որ հայկական կոնյակով բարձված բեռնատարները չեն կարողանում հատել վրացական սահմանը, ստեղծվում են խոչընդոտներ։ Մեր հոդվածում նշել էինք, որ այս օրերին Վրաստանում գտնվող ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հնարավոր է մեկնել է այդ խնդիրները կարգավորելու համար:
ՆԳՆ մեր աղբյուրները հայտնեցին, որ Արփինե Սարգսյանն ու իր վրացի գործընկերը կարծես թե խնդրին լուծում են տվել։ Արփինե Սարգսյանի այցից անմիջապես հետո սահմանին կանգնած, կոնյակով բարձված բեռնատարներին վրացիները սկսել են թողնել անցնել սահմանը։ Այդ մասին նաև իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով. «Լավ լուր կոնյակի արտահանման մասով. Միայն վերջին 2 օրում վրացական Գեզի մաքսային տերմինալից դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել շշալցված կոնյակով բեռնված 88 բեռնատար»։
Թեմայի մասին պաշտոնական մեկնաբանություն խնդրեցինք ՆԳՆ-ից` ՆԳ նախարա՞րն է բարձրացրել խնդիրը։ Մեզ հայտնեցին․ «Ի թիվս այլ հարցերի, այո, Վրաստանի գործընկերների հետ քննարկվել է նաև կոնյակի հարցը»։ Իսկ կոնկրետ ինչ է քննարկվել չասացին, արդեն ավանդական դարձած պատասխանը տվեցին. «Այլ մեկնաբանություն չունենք»։
