«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ով հաճախ խուսափում է լրագրողների հարցերից, ասուլիս էր հրավիրել, սահմանել ընթացակարգ՝ «Մեկ հարց, մեկ պատասխան»։
Իհարկե լրատվամիջոցների որեւէ ներկայացուցիչ այդ կանոնով չսահմանափակվեց։ Հնչեցին ե՛ւ Ավինյանի սրտով հարցեր, ե՛ւ ոչ այնքան դուրեկան։
Նախ, 36-ամյա Տիգրան Ավինյանը 15 տարեկան դեռահասի պես գլուխ էր գովում, որ 19 տարեկանում Mercedes ջիպ մեքենայում էր նստած, ապա արդարանում էր, որ ինքն ամեն բան ունեցել է 2017 թվականից առաջ եւ չէր խոստովանում, որ նույնիսկ գույքային ձեռքբերումները եղել են 2018 թվականից հետո։
Խոսենք փաստերով:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ 2024 թվականին Տիգրան Ավինյանի ընտանքիը ձեռք է բերել բնակարան Նորք-Մարաշ վարչական շրջանում։ «Ազատություն»-ը գրել էր, որ տունը մոտ 300 քառակուսի մետր է, օժանդակ շինություն էլ կա, 730 մետր էլ հողատարածքն է: Ըստ փաստաթղթերի՝ առանձնատունը գնել են անցած նոյեմբերի 19-ին ու նույն օրն էլ գրավադրել «Բիբլոս» բանկում: Այսինքն՝ հիփոթեքային վարկով են գնել:
Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը ֆեյսբուքյան գրառում էր արել՝ ասելով, որ միայն վերջին 5 տարիների ընթացքում, հիմնվելով Տիգրան Ավինյանի եւ նրա ընտանիքի հրապարակային հայտարարությունների եւ շուկայական գների վրա, ինքը հաշվել է Ավինյանների ընտանիքի կողմից գնված (կամ ըստ իրենց՝ «մայնինգի» միջոցով ձեռք բերված) մոտ 3.2 միլիոն դոլար արժողությամբ ակտիվներ։ Նրանց խոսքով՝ ակտիվների մի մասը գնելու համար վարկեր են օգտագործվել։
