Այս 9 հոգին հերոսի պես են կռվել 150 հոգանոց թշնամու զորքի դեմ, մենք նրանց մարմինները հերոսի պես էլ պետք է հանձնենք. ինչո՞ւ է թուրք պաշտոնյան այսպիսի հայտարարություն արել

Սետեմբերի 27-ին՝ պատերազմի հենց առաջին օրը, 29-ամյա Գևորգ Արշակյանը զինկոմիսարիատից ծանուցագիր է ստացել ու մեկնել ռազմաճակատ:

«Մոբ»-ի հետ մինչև հոկտեմբերի կեսը կռվել են Ջաբրայիլում, որից հետո տուն վերադառնալու հրաման ստացել: Գևորգի ընկերը՝ Արմեն Մխիթարյանը, պատմում է, որ ընկերը կրկին ծանուցագիր է ստացել, այս անգամ նույն գումարտակով վերադարձել են Արմավիրի N զորամաս: Սակայն նոյեմբերի 26-ին հրաման են ստացել՝ հսկելու Լաչինի միջանցքը:

«Լաչինում պետք է հսկեին մեր սահմանները, որպեսզի թշնամու կողմից տեղաշարժ չլիներ, մինչև ռուս խաղաղապահներն էլ կտեղակայվեին իրենց դիրքերում: Դրանից հետո հրահանգ են ստացել գնալ Հադրութ՝ պաշտպանելու Հին Թաղերի ու Խծաբերդի դիրքերը: 3 համագյուղացիներով միասին են եղել, ընդհանուր 11 հոգուց բաղկացած վաշտը հանձն է առել պահելու «Վիշկի» դիրքը:

Դեկտեմբերի 10-ին Գևորգենց պետք է փոխարինեին, բայց ինչ-որ հարցեր են ծագել. պարզվել է՝ բանավոր պայմանավորվածություն է եղել հանձնելու երկու գյուղերը: Դեկտեմբերի 11-ին, երեկոյան՝ ժամը 20:00-ին, մարտերը սկսվել են, բոլորը նահանջի հրաման են ստացել, բայց, քանի որ իրենք սարի վրա են եղել, նահանջի հնարավորություն չեն ունեցել, 4 կողմից շրջափակված են եղել:

Չեն հանձնվել, թշնամու հետ մարտի են բռնվել: Ոչ մեկը իրենց օգնության չի հասել, ընդհակառակը՝ իրենք են թիկունքը պաշտպանել, որպեսզի 200 զինվոր կարողանա նահանջել: Նույնիսկ թշնամին տեսանյութեր էր հրապարակել, թե ինչպես են բարձրանում նույն սարը, գրավում այդ դիրքերը: 9 հոգով, մոտավորապես, 150 թշնամու կորուստ են պատճառել ու իրենց դեմ կռվել է Թուրքիայի հատուկջոկատայինների խումբը»,- պատմում է ընկերը:

Տղաների մարմինները հարազատներին են հանձնել դեկտեմբերի 16-ին: Արմենն ասում է, որ, ըստ խոսակցությունների, մարմինները հանձնել են թշնամու բարձրաստիճան պաշտոնյայի հրահանգով: Վերջինս ասել է, որ այդ հերոսական մարտը 9 հոգով են մղել, հերոսի պես էլ պետք է հանձնվեն:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում