Զոհվшծ ընկերոջը չթողեց կորցրшծ դիրքում, տարավ իր հետ մյուս դիրք, որ չթողնի թշնшմուն. Հերոս Դավիթի սխրագործությունները

Դավիթ Աշոտի Զաքարյանը ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 30-ին Երևանում։ Դպրոց սկսել է հաճախել 6 տարեկանից, միջնակարգ կրթությունը ստացել է թիվ 180 դպրոցում, այնուհետև շարունակել Ավանի թիվ 87 ավագ դպրոցում:

Իր տարիքից հասուն էր մտածում, աշխատասեր էր, ինքնուրույն էր սիրում վաստակել, տանն էլ քիչ էր լինում, կարծում էր` տղան տանը պիտի չնստի, պիտի միշտ զբաղված լինի։ Դպրոցին զուգահեռ աշխատում էր որպես խոհարար Միստր Գիրոսում։

Հայոց բանակ զորակոչվեց 2019 թվականի հունվարի 10-ին: Ծառայել է Մատաղիսում, եղել է գնդացրորդ: Աչքի է ընկել իր կարգապահությամբ, զորամասում հարգված ու սիրված էր։ Միշտ ամեն տեղ նախաձեռնող էր, ծառայակից ընկերը պատմում է, որ դիրքում, մի բան կազմակերպելու հարց էր լինում, Դավիթն առաջինն էր, ամեն ինչ անում էր, որ դիրքի համար լավ լինի, միշտ ասում էր «Դիրքը սուրբ տեղ է, պիտի լավ պահենք, որ հետո լավ դիրք հանձնենք եկողներին»։ Իրենց ջանքերով էլ մատուռ էին կառուցել դիրքում։

Վերջին անգամ տուն այցելության ժամանակ քրոջ հետ զրուցելիս ասել է. «Որ պատերազմ լինի, ավելի լավ է մարդ զոհվի, քան գերի ընկնի»։ Դավիթը պատերազմը դիմավորեց դիրքերում: Աանվախ ու քաջաբար կռվում էր, օգնում էր ընկերներին, վիրակապում վիրավորներին ու ականների պայթյունների տակ նույնիսկ չէր մոռանում կատակել ու անընդհատ ոգևորել տղաներին։

Մարտընկերը պատմում է, որ այնքան համարձակ էր իրեն պահում՝ կարծես երեք պատերազմ տեսած լիներ: Աչքի առաջ զոհված ընկերոջը չի թողնում կորցրած դիրքում, տանում է իր հետ մյուս դիրք, որ չթողնի թշնամուն, հետո հետնահանջ են ստանում, կորցնում են ճանապարհը: Դավիթը առաջնորդում էր տղաներին, որ գտնեն դուրս գալու ուղղությունը, հենց այդ պահին էլ թշնամին հարձակվում է, ու սեպտեմբերի 27-ին դիպուկահարի կրակոցից Դավիթը անմահանում է…

Վերջին անգամ մոր հետ է խոսել պատերազմի նախորդ օրը՝ սեպտեմբերի 26-ին, ասել է, որ շատ բան ունի պատմելու, ու իր հետ կբերի 2 տարվա ընթացքում ստացած պատվոգրերն ու շատ հետաքրքիր պատմություններ։ Սեպտեմբերի 30-ին էլ Դավիթի 20-ամյակը կլիներ, բայց չհասցրեց նշել…

Դավիթ Աշոտի Զաքարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Անձնուրաց Պաշտպան», «Գարեգին Նժդեհ» մեդալներով։

Դավիթը հուղարկավորված է Եռաբլուր պանթեոնում:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: