Ադրբեջանը Հայաստանին է ներկայացրել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած նոր առաջարկ, հայտնել է այդ երկրի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը։
«Կա հինգ հիմնական կետ: Մեր տեսակետները ներկայացված են հինգ կետում: Մոտ մեկ տարի առաջ Հայաստանին արված մեր առաջարկը մնաց անպատասխան։ Մենք շուտով կտեսնենք, թե որքան անկեղծ է հայկական կողմը՝ նայելով իր արձագանքին այս երկրորդ առաջարկին»,- Բայրամովի խոսքերն է մեջբերում A Haber-ը։
Բայրամովը նշել է, որ առաջարկների թվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատմանն առնչվող դրույթ կա։ Գործընթացն սկսելու համար, ադրբեջանցի դիվանագետի պնդմամբ, ՀՀ-ն պետք է հրաժարվի նախապայմաններ առաջ քաշելուց, պետք է ստեղծվի երկկողմ աշխատանքային խումբ։