Գնացեք Եռաբլուր ու ամեն զոհված 18 տարեկանին ձեր փոքր ախպերը համարեք…Պետք է հիշել բոլորին։ Պետք է փորձել հիշել բոլորին, թույլ չտալ նախկին սխալները

Հաճախ եմ լինում Եռաբլուրում։ Չգիտեմ ում համար ոնց, բայց Եռաբլուրն ինձ համար երբեք գերեզմանատան հետ չի ասոցացվել։ Այնտեղ ես ինձ ավելի հանգիստ եմ զգում։ Այնտեղ դավաճաններ չկան, այնտեղ լուսավոր տղերք են, ովքեր իրենց կյանքից ավելի սիրեցին հայրենիքը։ Այնտեղ թուրքի հետ ախպերություն անողներ չկան. այնտեղ մինչև վերջին փամփուշտն ու արկը թուրքի ուղղությամբ կրակողներն են։

Այնտեղ Շուշին ադրբեջանական անվանողներ չկան. այնտեղ Շուշին հայկական պահելու համար զոհվածներն են։ Այնտեղ Արցախը թուրքինը համարողներ չկան. այնտեղ Արցախը հայկական պահող Արցախի հերոսներն են…

Այնտեղ հանուն հայրենիքի գիտակցված մահվան գնացածներն են։ Նրանք, ովքեր վստահ էին, որ այն քարն ու հողը, որոնք հազարամյակների ընթացքում ներծծվել են իրենց պես քաջերի արյունով, երբեք չեն մոռանալու իրենց սխրանքները։։

Երկար քայլում եմ հին ու նոր շարքերի մեջ, կարդում ինձ ծանոթ ու անծանոթ տղերքի անուններ, ովքեր անասելի սխրանքներ են գործել թե՛ 90-ականներին, թե Ապրիլյանին ու թե 44-օրյա պատերազմում։ Փորձում եմ հիշել անունները։ Ասում են, որ հիշողությունը մնում է նույնիսկ այն ժամանակ, երբ մնացած ամեն ինչ ջնջվում է:

Պետք է հիշել բոլորին։ Պետք է փորձել հիշել բոլորին, թույլ չտալ նախկին սխալները։
Հաճախ գնացեք Եռաբլուր, հիշեք, թե ինչի համար են զոհվել էդ տղերքը։ Հետո մտաբերեք, թե ինչ են քարոզում այսօրվա թրքամետները, ու որ պահին դուք մտովի համամիտ եղաք դրանց հետ, նույն պահին դուք կուրանաք տղերքին։ Որ պահին դուք մտովի համակերպվեցիք պարտության ու թշնամու հաղթանակի հետ, նույն վայրկյանին դուք որպես հայ կդադարեք գոյություն ունենալ, նույն վայրկյանին թուրքի սուտը կդառնա ճշմարտություն ու դու, որպես հայ, կմեռնես։

Գնացեք Եռաբլուր ու ամեն զոհված 18 տարեկանին ձեր փոքր ախպերը համարեք, ամեն զոհված 30 տարեկանին՝ ձեր ընկերը, ամեն զոհված 50 տարեկանին՝ ձեր հայրը, ու հետո նորից փորձեք արդարացնել էն ամենն, ինչ այսօր կատարվում է…
Հաճախ գնացեք Եռաբլուր։ Այնտեղ ազգի խիղճն ա ննջում։

Արամ Գևորգյան

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում