Լրահոս

11 միլիոնանոց Ուհանը կորոնավիրուսի պատճառով վերածվել է ուրվական քաղաքի (տեսանյութ)

11 միլիոնանոց Ուհանը կորոնավիրուսի պատճառով վերածվել է ուրվական քաղաքի (տեսանյութ)

Նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի պատճառով չինական 11 միլիոնանոց Ուհան քաղաքը արդեն երկրորդ շաբաթն ամբողջությամբ մեկուսացված է: ABC News–ը հրապարակել է անօդաչու սարքով նկարահանած տեսանյութ և լուսանկարներ, որում երևում է, դատարկ քաղաքը:

Հունվարի 23-ին, Չինաստանի իշխանությունները կարանտին հայտարարեցին Ուհան քաղաքում, որպեսզի դադարեցվի նոր կորոնավիրուսի տարածումը: Բոլոր տրանսպորտային միջոցները, գնացքները դադարեցրել են իրենց աշխատանքը: Օդային երթևեկությունն արգելվում է: Սա մարդկության պատմության ամենամեծ կարանտինն է: 

Ըստ գիտնականների, վիրուսը, որը հայտնի է որպես 2019-nCov, մարդկանց շրջանում տարածվել է Ուհան քաղաքի ծովամթերքի շուկայից: Վերջին տվյալներով՝ ներկայումս վարակված է ավելի քան 24000 մարդ, մահացության դեպքերը հասնում են 493-ի: 915 հիվանդ ապաքինվել է: 

Հունվարի 27-ին քաղաքային իշխանությունները արգելել են նաև Ուհան քաղաքում անձնական մեքենաների տեղաշարժը: Միայն հատուկ թույլտվությամբ սնունդ տեղափոխող տրանսպորտային միջոցներն են տեղաշարժվում քաղաքում: Կարելի է ասել, որ կարանտինը11 միլիոնանոց Ուհանը վերածեց ուրվական քաղաքի։

Ուհան քաղաքում կարանտինից անմիջապես հետո իշխանությունները մեկուսացրեցին նաև մոտակա 15 քաղաքները։  Արդյունքում ՝ աշխարհից կտրվեց մոտ 45 միլիոն մարդ: Համաձայն տարածված տեղեկությունների՝ Ուհանի բնակիչները հիմնականում մնում են տանը և հազվադեպ են դուրս գալիս՝ սնունդ և դիմակներ գնելու համար: Սուպերմարկետի աշխատակիցները կրում են պաշտպանիչ կոստյումներ:

Ըստ Reuters-ի, Չինաստանի իշխանությունները ֆերմերներին խնդրել են ավելացնել բանջարեղենի արտադրությունը, ինչպես նաև ճանապարհներ են բացել բեռնատարներով սնունդ մատակարարելու համար: Կառավարությունը խիստ պատժամիջոցներ կկիրառի խանութի սեփականատերերի նկատմամբ, ովքեր այս ժամանակահատվածում կբարձրացնեն սննդի և դիմակների գները: 

Ուհանում արագորեն կառուցվեց լրացուցիչ հիվանդանոց, որը հատուկ նախատեսված էր կորոնավիրուսով վարակված մարդկանց համար, քանի որ այլ հիվանդանոցներում բավարար տեղեր չկային: Ուհանի մարզադաշտերը և տարբեր շենքերը վերածվել են ժամանակավոր հիվանդանոցների:


 


 

Մեկնաբանություններ