Լրահոս

Ամոթի ցուցահանդես․ Հակոբ Արշակյանը մեր ռազմարդյունաբերությունը ներկայացնում է բուկլետներով

Ամոթի ցուցահանդես․ Հակոբ Արշակյանը մեր ռազմարդյունաբերությունը ներկայացնում է բուկլետներով

Hraparak.am-ը գրում է.

Փետրվարի 21-25-ը Աբու Դաբիում անցկացվում է «IDEX 2021» (International Defense Conference & Exhibition) ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում է նաև հայկական կողմը՝ ի դեմս բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակության։ Համացանցում արդեն տարածվել են լուսանկարներ ցուցահանդեսից, որտեղ հայկական տաղավարի պատկերը, մեղմ ասած, մեզ համար ողբալի է, հատկապես, երբ դրա կողքին տեսնում ենք Ադրբեջանի տաղավարը։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է․

«Հայաստանը ցուցահանդեսին կմասնակցի միասնական տաղավարով, որտեղ ներկայացված կլինեն 14 հայկական ընկերություններ, որոնք կներկայացնեն հայկական ռազմարդյունաբերության պրոդուկտներն ու լուծումները։ 

Իրենց արտադրանքը ներկայացնելուց բացի նշյալ ընկերությունները հնարավորություն կունենան գտնել վաճառքի նոր շուկաներ, նոր կապեր և գիտելիքներ ձեռք բերել նորագույն ռազմարդյունաբերական արտադրանքի վերաբերյալ»։

Այդ միասնական տաղավարում, սակայն, մեր ռազմարդյուանբերությունը, եթե ունենք նման բան, իհարկե, ներկայացված է բուկլետներով։ Այո, ռազմարդյունաբերության ոլորտի գուրու Հակոբ Արշակյանը համաշխրահային հանրությանը պատերազմում պարտված երկրի ռազմարդյունաբերությունը ներկայացնում էր բուկլետներով՝ թղթի վրա պատկերված նկարներով։ Մինչդեռ հարևան Ադրբեջանի էքսպոյին ներկայացել էր շքեղ տաղավարով, որտեղ ներկայացված էին իրենց ռազմարդյունաբերության բոլոր նմուշներով, որոնք միայն մակետներ չեն, նաև ցուցադրված են իրական զենքեր, անօդաչու թռչող սարքեր և այլն։

Ահա այսպես է Հայաստանը ներկայանում աշխարհին՝ որպես հզոր ռազմարդյունաբերություն ունեցող պետություն, որը, չնկարագրենք, թե ինչ պայմաններում և ինչպես, խայտառակ պարտություն կրեց Արդբեջանի սանձազերծած պատերազմում։

Այս ամենը երեկվանից քննարկման առարկա է դարձել համացանցում՝ ամոթանքի խոսքեր ուղղելով բուկլետներով էքպսոյին ներկայացած Հակոբ Արշակյանի ու նրա ներկայացրած կառավարության հասցեին։

Մեկնաբանություններ