Լրահոս

Անմիզապահություն. որոնք են պատճառները և ում պետք է դիմել

Անմիզապահություն. որոնք են պատճառները և ում պետք է դիմել

Անմիզապահությունն անկախ սեփական կամքից մեզի անկառավարելի արտահոսքն է։ Հիվանդությունն արտահայտվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության, ծանրություն բարձրացնելու, վազելու, ինչպես նաև ծիծաղելու, հազալու կամ փռշտալու ժամանակ մեզը զսպելու անկարողությամբ:

Այդ խնդիրը միշտ բացասաբար է անդրադառնում կնոջ հոգեհուզական վիճակի, նրա կյանքի որակի և սոցիալական ադապտացիայի վրա: Անընդհատ միջադիրներ կրելը, վատ հոտի առկայությունը հաճախ կնոջն ստիպում են «փակվել տանը»` թույլ չտալով ակտիվ կյանք վարել և խաթարելով սեռական կյանքը:

Անմիզապահության պատճառներն են՝

կլիմաքսի շրջանում օրգանիզմի հորմոնային փոփոխությունները (ինչը հանգեցնում է միզասեռական օրգանների թաղանթների բարակելուն, կոնքի հատակի մկանների և կապանների թուլացման),

կոնքային օրգանների ֆունկցիաների խանգարումը (ողնուղեղի տրավմաների և բորբոքային հիվանդությունների, շաքարային դիաբետի, ցրված սկլերոզի դեպքում և այլն),

կոնքային օրգանների անատոմիական խանգարումները, դրանց նյարդային բջիջների զգայունության խանգարումները (դժվար ծննդաբերության, գինեկոլոգիական վիրահատությունների, ավելորդ քաշի արդյունքում և այլն),

օրգանների իջեցումները (ծանր ատլետիկայով զբաղվելուց հետո, ճարպակալության պատճառով և այլն):

Սոցիոլոգիական հարցումների համաձայն` անմիզապահության ախտանշանների մասին նշում է կանանց 40 %-ը, սակայն բժշկի է դիմում նրանցից միայն յուրաքանչյուր տասներորդը: Ընդ որում, անմիզապահությունից կարելի է ազատվել ժամանակին բժշկի դիմելու և ճիշտ բուժում ստանալու պարագայում:

Անմիզապահության ախտորոշումը կատարվում է՝

գինեկոլոգիական հետազոտության միջոցով, միզելու վերաբերյալ օրագիր վարելու միջոցով (անհրաժեշտ է նշել ժամանակը, մեզի քանակը, ցավի առկայությունը և այլն),

մեզի ընդհանուր անալիզ (վարակների առկայության որոշման նպատակով),

ուրոֆլոումետրիա (մեթոդը թույլ է տալիս գնահատել միզապարկի և միզուղիների ֆունկցիոնալ վիճակը),

ցիստոսկոպայի միջոցով, ուլտրաձայնային հետազոտության միջոցով, ռենտգեն հետազոտության միջոցով, ուրոդինամիկ հետազոտության միջոցով (ցուցումով):

Անմիզապահության բուժումը խիստ անհատական է, քանի որ պատճառները տարբեր կարող են լինել: Բուժման հիմնական ձևը վիրաբուժականն է, սակայն ժամանակին բժշկին դիմելու պարագայում կարող է նշանակվել դեղորայքային, ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներ և բուժիչ վարժություններ ներառող կոնսերվատիվ բուժում: Դիմե'ք մասնագետին առաջին իսկ ախտանշանների դեպքում:

Մեկնաբանություններ