Լրահոս

Ապաշխարության աղոթք

Ապաշխարության աղոթք

«Եվ արդ, - ասում է ձեր Տեր Աստվածը,- դարձեք ինձ ձեր ամբողջ սրտով, ծոմապահությամբ, լալով ու կոծելով: Ձեր սրտերը պատռեցեք և ոչ թե ձեր հագուստները: Այո, դարձեք ձեր Տեր Աստծուն, որովհետև Նա ողորմած է և գթասիրտ…» (Հովել Բ 12-13): Այո’, ողորմած է Աստված, ով մեզ համար ապաշխարության ճանապարհ է պատրաստել, և Քրիստոսի առաջին կանչն ու քարոզն էլ այդ են պատգամում. «Ապաշխարեցե’ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթ. Դ 17): Ապաշխարության խորհուրդը Ապաշխարության խորհուրդը սահմանել է Ինքը` Հիսուս Քրիստոս (Հովհ. Ի 22-23): Ապաշխարություն՝ նշանակում է ապա-աշխարել, հետո լալ, ողբալ, կոծել, մի խոսքով` կատարած մեղքերի համար զղջալ և գործած չարիքի դիմաց սեփական անձը պատժել: Ապաշխարության խորհրդի ժամանակ հավատացյալը սրտի անկեղծ զղջումով խոստովանում է իր մեղքերը հոգևորականի առջև և նրա միջնորդությամբ անտեսանելիորեն թողություն ստանում մեղքերից անմիջապես Հիսուս Քրիստոսից: Ապաշխարության խորհրդով թողություն է տրվում մկրտությունից հետո գործած բոլոր մեղքերին` թե’ ներելի, և թե’ մահացու: Եվ մինչ մկրտության և դրոշմի խորհուրդներն անկրկնելի են, ապաշխարության խորհուրդը կատարվում է պարբերաբար` հավատացյալի ողջ կյանքի ընթացքում, քանի որ մարդն իր բնությամբ տկար է և մշտապես ենթակա մեղանչումի: Ապաշխարության խորհրդակատարն օծյալ հոգևորականն է: Քանի որ Քրիստոս նրանց այդպիսի իշխանություն տվեց` ասելով. «Եթե մեկի մեղքերը ներեք, նրանց ներված կլինի: Եթե մեկի մեղքերը չներեք, ներված չի լինի» (Հովհ. Ի 22-23): Ինչպես նաև. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչ որ կապեք երկրի վրա, կապված պիտի լինի երկնքում: Եվ ինչ որ արձակեք երկրի վրա, թող արձակված լինի երկնքում» (Մատթ. ԺԸ 18): Ապաշխարության սկիզբը գործած մեղքն ընդունելն է: Ապաշխարել պետք է կենդանի ու անկեղծ հավատով, որովհետև միայն այդպիսի ապաշխարությունն է ընդունելի Աստծուն և այդպես կարելի է վերստին հաշտվել Աստծո հետ: Եվ եթե` «Մեղքի վարձքը մահն է» (Հռոմ. Զ 23), ապա ապաշխարության պտուղը` փրկությունն ու հավիտենական կյանքը: Ապաշխարության կարգը 1. Զղջում. իր մեղքը գիտակցող անձը պետք է սրտում անկեղծ զղջում ունենա կատարածի համար, ինչպես նաև վճիռ` այն այլևս չկրկնել: 2. Խոստովանություն. երբ մարդ մկրտությունից հետո գործած մեղքերը խոստովանում է հոգևորականի առջև` արձակում (մեղքերի թողություն) ստանալու ակնկալիքով: Առաջին դարերի Եկեղեցում խոստովանությունը կատարվում էր հրապարակավ և հազվադեպ` առանձնական: 4-րդ դարում հրապարակավ իրենց մեղքերը խոստովանում էին միայն մարդասպանները, կռապաշտները և պոռնիկները: Հետագայում՝ 5-րդ դարի սկզբին, հրապարակային խոստովանությունը դուրս եկավ կիրառությունից: Խոստովանությունը համայնքի անդամների ներկայությամբ կատարվելու փոխարեն սկսվեց ծածուկ կատարվել քահանայի ու խոստովանողի միջև: Հայաստանյայց Եկեղեցին պահել է թե’ հրապարակային, (ընդհանրական), թե’ առանձնական խոստովանության ձևերը: Առանց մեղքերից արձակում ստանալու ակնակալության խոստովանությունը թերի է: Խոստովանողի խղճմտանքը լավ քննելուց հետո քահանան խորհում է, թե նա ինչպիսի ապաշխարություն պիտի կրի, խրատում ու զգուշացնում է, որ այլևս չմեղանչի: Այնուհետև քահանան արձակում է նրան մեղքերից: 3. Վճարում. յուրաքանչյուր քրիստոնյա պետք է պատրաստ լինի իր կատարած մեղքի դիմաց որոշակի ապաշխարություն կրել, այսինքն` կամավոր հանձն առնել խոստովանահոր կողմից իրեն սահմանած պատիժը` նեղությունները կրելը: Մեղքը սիրո բացակայությունն է, զոհողությունը` սիրո երախտիքը: Հետևաբար, մեղքը զոհողությամբ պետք է ջնջենք, որպեսզի և’ մեր խիղճը խաղաղվի, և’ Աստծո ողորմության ակնկալիքն ունենանք: 4. Այսու, քահանան, լսելով մեր անկեղծ խոստովանությունը, իրավունք ունի մեր գործած մեղքերի համեմատ ապաշխարություն սահմանել մեզ համար, այն է` աղոթք, պահք, ողորմություն: Երբ մեղանչում ենք, հավիտենական պատիժ է մեզ վերագրվում, սակայն մեր զղջալու և փոխվելու դեպքում Աստված նաև մեր պատիժն է փոխում ժամանակավորի: Այս պատճառով թեև խոստովանությամբ թողություն է տրվում բոլոր մեղքերին, սակայն մնում է պատիժը, որը վճարում ենք աղոթքով, պահքով և ողորմությամբ: Երբեմն մեղավորն ինքն է կամավոր ստանձնում որոշակի ապաշխարություն, ինչպես, օրինակ, որևէ վայելքից հրաժարում և այլն: Ապաշխարության բուն նպատակը մեղավորին հոգեպես վերականգնելն է: Եվ եկեղեցին ամեն օր մեզ հիշեցնում է մեր մեղքերը` նպատակ ունենալով մեզ առավել զգոն, ուշիմ ու արթուն լինել` Աստծո ծառայությանն առաջնորդելու: Ամփոփում Այսուհետ լավ ըմբռնելու համար ապաշխարության խորհուրդը, պետք է մտապահենք հետևյալ կարևոր հանգամանքները. 1. Ապաշխարության խորհուրդը սկսվում է մեղքերի գիտակցումից: 2. Մեղքը գիտակցող անձը պետք է անկեղծ զղջում ունենա և այլևս չկրկնելու վճռականություն: 3. Նա պետք է դիմի Եկեղեցու օծյալ հոգևորականներին` մեղքերը խոստովանելու մտադրությամբ: 4. Որևէ այլ անձ, բացի օծյալ հոգևորականից, իրավունք չունի որևէ մեկի խոստովանությունը լսել և մեղքերից արձակում տալ: Այդ իշխանությունն աստվածադիր օրենքով միայն նրանց է տրված: 5. Խոստովանության գնացող անձը պետք է պատրաստ լինի իր գործած մեղքերի դիմաց որոշակի նեղություն կրել: «Բայց Աստված, անգիտության ժամանակներն անտես առնելով, այժմ այն է պատվիրում մարդկանց, որ ամեն ոք ապաշխարի» (Գործք ԺԷ 30):

Մեկնաբանություններ