Լրահոս

Արտակարգ դեպք Երևանում՝ հայտնի գեներալի օբյեկտում

Արտակարգ դեպք Երևանում՝ հայտնի գեներալի օբյեկտում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հուլիսի 10-ին Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած դանակահարության փաստով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ժամը 23:50-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած» վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորը Գյումրի քաղաքի բնակիչ, 28-ամյա Գրիշա Ա.-ն է, ով՝ ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Մինչ «Էրեբունու» հիվանդանոցի բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչի շնորհիվ հնարավոր է եղել տղայի կյանքը, ոստիկանության Էրեբունու բաժնի և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Բարխոյանի գլխավորությամբ, պարզել են, որ Գրիշա Ա.-ն հիվանդանոց է տեղափոխվել Նուբարաշեն վարչական շրջանում գործող «Վան» ռեստորանային համալիրից: Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանները պարզել են նաև, որ այդ օրը ծննդյան արարողություն է տեղի ունեցել, որի ժամանակ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչն ավարտվել է դանակահարությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Էրեբունու ոստիկաններն ու քննիչները պարզել են վիճաբանության մասնակիցների ամբողջական ցանկը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դանակահարողին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ օպերատիվ տվյալներով պարզվում է այն հանգամանքը, թե արդյոք վիճաբանությանը մասնակցություն են ունեցել ՀՀ ՊՆ ծառայողներ, քանի որ՝ ըստ ականատեսների, այնտեղ եղել են ՊՆ ծառայողներ: Իսկ «Վան» ռեստորանային համալիրը պատկանում է ՀՀ ՊՆ գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանին:

Մեկնաբանություններ