Լրահոս

Արթուր Վանեցյանի պատասխանը՝ Իլհամ Ալիևին

Արթուր Վանեցյանի պատասխանը՝ Իլհամ Ալիևին

«Հրապարակը» գրում է. «Երեկ շատերն արձագանքեցին Ալիևի ելույթին, որտեղ նա ռազմատենչ հայտարարություններ է արել Հայաստանի և ՀՀ իշխանությունների հասցեին։ Մենք հետաքրքրվեցինք, թե դրա հետ կապված ինչ է մտածում Արթուր Վանեցյանը։ Նա ասաց․ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները վկայում են հարևան երկրում ստեղծված բարդ իրավիճակի մասին։ Նավթի համաշխարհային գների փլուզումն էական ռիսկեր է պարունակում այդ երկրի ընդհանուր կայունության և իշխող ռեժիմի համար։

Ահագնացող խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու համար Ադրբեջանի նախագահը փորձում է խեղաթյուրել թե՛ իր ժողովրդի, թե՛ հայ ժողովրդի, թե՛ տարածաշրջանի ողջ պատմությունը։

Ալիևի գնահատականները մեր անկախ պետության նախորդած տասնամյակներին ցավալիորեն համընկնում են Հայաստանի գործող իշխանությունների գնահատականների հետ, և մեզ համար հենց այդտեղ է վտանգը։

Իսկ Ալիևի հերթական հոխորտանքների ինտենսիվությունը միշտ էլ կապվում է նավթի գների հետ։

Ինչ վերաբերում է Հայաստանի նորագույն պատմությանը, ապա այն, բոլոր բացթողումներով և սխալներով հանդերձ, պետականության կայացման և հաղթանակի պատմություն է։ Եվ Ալիևի ու Փաշինյանի՝ ժամանակ առ ժամանակ համընկնող դիրքորոշումը չի կարող փոխել պատմական ճշմարտությունը։

Ալիևը խորապես սխալվում է Հայաստանի ապագայի իր «կանխատեսումներում»․ Հայաստանն առաջիկայում կարողանալու է հաղթահարել բոլոր ներքին դժվարությունները, Հայաստանի այսօրվա իշխանությունների ոչ խելամիտ կառավարման պատճառով ծագած խնդիրները հաջողությամբ չեզոքացվելու են, և մեր երկիրը գնալու է զարգացման, պետականության ուժեղացման և համերաշխության ճանապարհով։

Ցանկացած ոք, ով մեր երկրի հասցեին հնչեցնում է սպառնալիք, պետք է հստակ գիտակցի, որ ներքին, քաղաքական հակասությունները արտաքին վտանգի առաջ վերանում են, և հայ ժողովուրդը՝ իր բոլոր ռեսուրսներով, դառնում է մեկ բռունցք՝ պատրաստ նոր հաղթանակների»։

«Հրավիրում եմ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը․ Ալիևի անհարգալից հայտարարությունները՝ Հայաստանի և նրա իշխանությունների հասցեին, միտում ունեն խաթարել խաղաղ բանակցությունների ընթացքը»»:

Մեկնաբանություններ