Լրահոս

Այդ ո՞ր մի ապուշը կարող է մտածել, որ Երեւանը կարող է նախահարձակ լինել

Այդ ո՞ր մի ապուշը կարող է մտածել, որ Երեւանը կարող է նախահարձակ լինել

Հայաստանը պատերազմի մեջ է, եւ շփման գծում հայկական զինուժի խտացումը դրա ապացույցն է։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերջին օրերին մի շարք աղմկոտ հայտարարություններ արեց, այդ թվում եւ այն, որ Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար դիմում է տարատեսակ պրովոկացիաների՝ ղարաբաղյան խնդրի սրացման նպատակով: «Հայաստանն իրականացնում է ապօրինի վերաբնակեցում: Սա հակասում է բոլոր միջազգային կանոններին, սա ամբողջովին հակասում է Ժնեւի կոնվենցիային, դա հանցագործություն է: Ինչ-որ տեղից մարդկանց բերելն ու բռնազավթված տարածքներում վերաբնակեցնելը հանցագործություն է: Փաշինյանի ռեժիմը սա անում է միտումնավոր, սա պրովոկացիա է, մեզ էլ ներքաշում են պրովոկացիայի մեջ»,- ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր Ալիեւը: Նա նաեւ հայտարարել էր, թե 2020-ի հուլիսին հայ-ադրբեջանական սահմանային բախումները եւս հայկական կողմի պրովոկացիայի հետեւանքն էին: «Դա զինված պրովոկացիա էր, ու ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այն սկսել է Հայաստանը: Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի բարձրաստիճան մի պաշտոնյա եւս բացահայտ հայտարարեց այդ մասին»,- ասել էր Ալիեւը։

Այս հայտարարությունները տիրաժավորվում են ռուսական լրատվամիջոցներում, եւ ռուսական տարբեր շրջանակներ սրանց լուրջ են վերաբերվում, իսկ ռուսական իշխանությունները որեւէ կերպ չեն հակադարձում Ալիեւի ռազմատենչ հայտարարություններին։ Մենք ռուսաստանցի քաղաքագետ, «Ռեգնումի» սյունակագիր Ստանիսլավ Տարասովի հետ զրուցել ենք այն մասին, թե ինչու Ալիեւը նման հայտարարություն արեց։ Այդ թվում խոսել ենք նաեւ Դուշանբեի վերելակային հանդիպման մանրամասների մասին։ 

«Հիմա էլ եմ ասում՝ մենք Հայաստանի տարածքում ոչ մի ռազմական նպատակ չունենք: Ցանկության դեպքում մենք կարող էինք անցնել Հայաստանի տարածք, մենք դրա համար ունեինք ռազմական բոլոր նախադրյալները: Բայց մենք դա չարեցինք, որովհետեւ դա հակասում է մեր ռազմաքաղաքական հայեցակարգին, եթե մեր դեմ չեն իրականացվել լուրջ պրովոկացիաներ: Իսկ եթե իրականացվեն, ապա ոչ մի սահմանափակում մեր դեմ չի գործի, թող ամեն մեկը դա իմանա: Ոչ մի սահմանափակում: Եթե նրանք ոտնահարում են միջազգային իրավունքը, ապա ինչո՞ւ պետք է մենք հետեւենք, մենք էլ կարհամարհենք, բայց այս ամենը վատ ավարտ կունենա նրանց համար»,- հայտարարել էր Ալիեւը։

Ստանիսլավ Տարասովի համար Ալիեւի վերջին հայտարարությունները հանելուկ են։ Մասնավորապես, թե ինչու է  Ալիեւը սկսել գաղտնազերծել նաեւ ռազմական քարտեզը։ Կարծում է, որ պատճառը կա՛մ ներքին խնդիրներն են, որի մասին կարող է միայն տեսականորեն դատողություններ անել, եւ կա՛մ կա արտաքին գործոն։

«Ալիեւը, ըստ ամենայնի, վախենում է հետխորհրդային տարածքում ինչ-որ պրոցեսներից՝ փոփոխություններից, եւ փորձում է Թուրքիայի հետ ուղղակի բաց դաշինքի մեջ մտնել։ Սա, թերեւս, պայմանավորված է Բելառուսի դեպքերով։ Մեկ այլ տարբերակ․ ինչ-որ մտավախություններ ունի ՌԴ-ի հետ կապված՝ Վրաստան Ադրբեջանի փոխարտգործնախարարի այցի նախօրեին Ալիեւը հայտարարեց, որ ռուսական ինքնաթիռները սպառազինություններ են փոխադրել Հայաստան։ Այսինքն՝ նման խնդիրներ կան, բայց նա ամեն ինչ խառնում է։ Նախ, ՌԴ-ն պետք է Հայաստանին զենք մատակարարի, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է եւ մեզ հետ ունի ռազմաքաղաքական համագործակցության ծրագրեր։ Երկրորդ․ Ադրբեջանը՝ ինքը, տարբեր երկրներից՝ թուրքերից, Իսրայելից, ստանում է սպառազինություն եւ, չգիտես ինչու, մեր քայլերին հիվանդագին դիրքերից է նայում»։

Ամեն դեպքում, Ալիեւի այդ քայլերի հետեւում Տարասովը տեսնում է հետեւյալը․ նախապատրաստվել է ինչ-որ ինտրիգ, որը տապալվել է եւ որը նյարդայնացնում է Ադրբեջանի նախագահին։ Այստեղից էլ, նրա ձեւակերպմամբ, «մերկապարանոց հայտարարությունները, որ Հայաստանը նախապատրաստվում է պատերազմի»։ Տարասովն այնուհետեւ ավելացրեց․ «Այդ ո՞ր մի ապուշը կարող է մտածել, որ Երեւանը կարող է նախահարձակ լինել։ Լավ է՝ չեն ասում՝ ուզում է Բաքուն զավթել»։

Իսկ բանակցությունների մասը, Տարասովի գնահատմամբ,  լիակատար սխոլաստիկա է։ Ինչ վերաբերում է նրան, որ բանակցություններ չկան, ապա Տարասովն ասաց․ «Իսկ ո՞վ է մեղավոր։ Նրանք Փաշինյանի հետ պայմանավորվել են, նրանք Մինսկի խմբին համոզել էին տեսական դաշտից անցնել գործնականին։ Վերջին անգամ ինչի՞ մասին էին խոսում Մնացականյանն ու Մամեդյարովը՝ նրա հրաժարականի նախօրեին․․․ լրագրողներ, զինվորականներ, ազգականներ,  համայնքների միջեւ կոնտակտներ եւ այլն։  Եվ Բաքուն լռում էր։ 2018-ից մինչեւ հիմա լռում էր եւ բանակցություններ էր վարում, Փաշինյանի հետ հանդիպում, պայմանավորվում։ Թե ինչի մասին․․․ բայց դա իրենց ձեռնտու էր, նրանք ինչ-որ բանի հույս ունեին, իրենց ինչ-որ մեկն ինչ-որ բան էր խոստացել»։ Ո՞վ։ Այս հարցին ի պատասխան՝ ռուսաստանցի քաղաքագետն ասաց․ «Նրանց պահվածքն է այդ մասին վկայում։ Ալիեւն էլ վերջին հարցազրույցում ասաց՝ «մենք հույս ունեինք, որ Երեւանը կամրացնի իր դիրքերը, կլուծի իր հարցերն ընդդիմության հետ եւ այլն»։ Բայց ով ինչ խոստումներ է տվել՝ մենք չգիտենք»։ 

ՀԳ․ Ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովը հայտարարություն է ընդունելու Արցախում հակամարտության էսկալացիայի վերաբերյալ։ Նախագծում օրենսդիրները, որոնք հանդես են եկել միջնորդական առաջարկով, կեղմերին կոչ են արել վերադառնալ բանակցային սեղան։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը եւս Ղարաբաղի հարցով փակ քննարկում կանցկացնի։

Hraparak.am

Մեկնաբանություններ