Լրահոս

«Բոլոլա». այս «նեղ մաջալին»

«Բոլոլա». այս «նեղ մաջալին»

«Հրապարակը» գրում է. «Ներքաղաքական իրավիճակը բարդանում է։ Մի կողմից՝ համաճարակը ոչ մի կերպ չի նահանջում, եւ դա բնական է, քանի որ կառավարությունը, կարելի է ասել, ոչինչ չի անում այն զսպելու ուղղությամբ՝ բացի խոսելուց։ Մյուս կողմից՝ չկա օր, որ մի կոնֆլիկտ, մի աղմկոտ սկանդալ, մի «բոլոլա» չպատահի մեր երկրում։ Եվ այս խառնաշփոթն ու քաոսն այն նպաստավոր միջավայրն են, որտեղ մեր երիտասարդ իշխանավորներն իրենց զգում են՝ ինչպես ձուկը ջրում։ Ոչ ոք չի կարող բացատրել, թե ինչ իմաստ ուներ այս «նեղ մաջալին» քրեականացված քաղաքական հետապնդում սկսել խորհրդարանում մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի եւ նրա առաջնորդի նկատմամբ։

Բացի Ծառուկյանի հայտարարությունից, ուրիշ ի՞նչ պատճառ կար դա անելու համար՝ կորոնավիրուսի վարակի այս ծանր շրջանում։ Ոչ ոք չի կարող բացատրել, թե ինչով էր հրատապ Սահմանադրական դատարանի 3 դատավորից ազատվելու եւ Թովմասյանին նախագահի աթոռից գահընկեց անելու գործընթացը, որ ձեռնարկվեց այս փուլում։ Բացի անձնական կամակորությունը, ուրիշ ի՞նչ պատճառ կար այդ հապճեպության եւ օրենքը տրորելով առաջ գնալու համար։

Ոչ ոք չի կարող բացատրել, թե այս լարված իրավիճակում ինչու է իշխանությունն Արցախ «գործուղում» Արման Բաբաջանյանին, որն այնքան կարմիր գծեր է խախտել, որ մեկ օրում 3 հայտարարություն է հնչում նրա դեմ, մեկը՝ Արցախից, մյուսը՝ Հաշվեքննիչ պալատից, երրորդը՝ «Լուսավոր Հայաստանից»։ Եվ առավել եւս՝ ինչո՞վ էր պատճառաբանված սույն պերսոնի հյուրընկալվելն Արցախի նախագահի մոտ, ինչը ներքաղաքական լարվածությանը մի շերեփ էլ ավելացրեց։ Առհասարակ՝ ինչո՞վ են առաջնորդվում իշխանության այն ներկայացուցիչները, որոնք իրենց չմտածված հայտարարություններով ու ստատուսներով շարունակ յուղ են լցնում կրակի վրա եւ բորբոքում հանրային դժգոհությունը»։

Մեկնաբանություններ