Լրահոս

Երեխայի նպաստը կլինի կրկնակի՝ 53 հազար դրամ․ նոր որոշում կառավարությունից

Երեխայի նպաստը կլինի կրկնակի՝ 53 հազար դրամ․ նոր որոշում կառավարությունից

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Պետական նպաստների մասին»  օրենքի փոփոխություններին, որը վերաբերում է երեխայի նպաստներին գյուղական բնակավայրերում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասել է, որ այս փոփոխության նպատակն է իրավական հիմքեր ստեղծել արդեն իսկ հայտարարված ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերի համար:

«Մասնավորապես առաջարկվում է գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստը նշանակել և վճարել անկախ նրանից՝ ծնողը վարձու աշխատող է, թե չի աշխատում: Սա նշանակում է, որ եթե համարվի վարձու աշխատող և միաժամանակ բնակվի գյուղական համայնքում, ապա նրան կվճարվի երկու նպաստ, այսինքն նպաստի չափը երկուսի դեպքում կկազմի 53 հազար դրամ:

Խնամքի նպաստի իրավունք ունեն երեխայի ՀՀ-ի բնակչության ռեգիստրում երեխայի հետ գյուղական բնակավայրում հաշվառված եւ փաստացի բնակվող ծնողը մինչեւ երեխայի 2 տարեկանը լրանալը:

Նախագծով առաջարկվում է բարելավել նաեւ վարձու աշխատողի խնամքի նպաստի իրացման պայմանները: Մասնավորապես, առաջարկվում է խնամքի նպաստի համար դիմելու ժամկետը 6 ամսից սահմանել 12 ամիս: Սահմանել, որ խնամքի նպաստի չվճարված գումարը վճարվում է ամբողջ ժամանակահատվածի համար: նաեւ վերացվում է նպաստ նշանակելու համար ծնողի ՀՀ-ում գտնվելու պահանջը:

Պարզեցվում է նորածին երեխայի նպաստ տալու գործընթացը. Նոր ծնված երեխայի դեպքում հանվել է օտար պետությունում երեխայի ծնված լինելու դեպքում այդ պետությունում նպաստ նշանակած լինելու վերաբերյալ տեղեկանք ներկայացնելու պահանջը»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրել է.

«Այս որոշումից հետո գյուղական բնակավայրերում խնամքի նպաստ կստանան նաեւ չաշխատող ծնողները, իսկ աշխատող ծնողները կստանան կրկնակի: Այսինքն քաղաքում ապրող եւ չաշխատող ծնողները չեն ստանա նպաստ, քաղաքում ապրող եւ աշխատող ծնողները կստանան 26 500 դրամ նպաստ: Իսկ գյուղական բնակավայրերում ապրող չաշխատող ծնողները կստանան 26 500 դրամ, իսկ աշխատողները՝ 53 հազար դրամ նպաստ»:

Մեկնաբանություններ