Լրահոս

Երկու մանկահասակ երեխաների հայր էր… տեսնելով, որ չեն զանգում, բազմիցս դիմել է զինկոմիսարիատ, որ ինքն էլ մեկնի ռազմաճակատ։ Այդ ընթացքում տեղը չէր գտնում, որ կռվող տղերքի կողքին չի…

Երկու մանկահասակ երեխաների հայր էր… տեսնելով, որ չեն զանգում, բազմիցս դիմել է զինկոմիսարիատ, որ ինքն էլ մեկնի ռազմաճակատ։ Այդ ընթացքում տեղը չէր գտնում, որ կռվող տղերքի կողքին չի…

Երկու մանկահասակ երեխաների հայր էր… տեսնելով, որ չեն զանգում, բազմիցս դիմել է զինկոմիսարիատ, որ ինքն էլ մեկնի ռազմաճակատ։ Այդ ընթացքում տեղը չէր գտնում, որ կռվող տղերքի կողքին չի…

Հովհաննիսյան Համբարձում Հովհաննեսի, պապիկի անունն էր կրում, բայց փոքրուց էնքան համով երեխա էր, որ բոլորը համով էին ասում։ Ու էդպես մենք, մեր բոլոր մտերիմներն ու հարազատները Համով-ով էինք դիմում իրեն։

Ծնվել է 18.04.1994թ Գյումրեցի, շատ էր սիրում իր քաղաքը։ Ունի երկու դուստր` 3 ու կես և 2 տարեկան։ Սովորել է Գյումրու թիվ 10 դպրոցում, առաջին դասարանից դասվարն ասում էր. «Դասարանն սկսվում է Համբարձումով, ով իր գիտելիքներով կհասնի նրա մակարդակին, նա էլ կստանա 5»: Դպրոցն ավարտելուց հետո մեկնել է ծառայության, դա իր պարտքն էր համարում և դրանից խուսափել մտքով անգամ չէր անցկացնում։ 2012-2014թթ. ծառայել է Սիսիանի զորամասում։ Ծառայակից ընկերները հիմա են պատմում տղայիս ծառայության ժամանակ ունեցած դժվարությունների մասին, դրանց հետ կապված ոչինչ մեզ երբևէ չի պատմել։

Ամեն գործում վարպետ էր, ձեռքից ամեն ինչ գալիս էր։ Ամեն ինչ անում էր արագ և որակով։ Ինչ բնագավառ էլ ընտրեր, հաստատ լավագույնն էր լինելու։ Որոշեց խոհարարություն սովորել։ Շատ ժամանակ էր հատկացնում ինքնակրթությանը, ինքնազարգացմանը։ Կարճ ժամանակում դարձավ հրաշալի խոհարար, պահանջված խոհարար։ 2018-ի հեղափոխությունից հետո մեծ հույսեր ուներ, որ վստահելի, ամուր, լավ պետություն ենք կառուցելու, ինչ կախված էր իրենից որպես քաղաքացի, անում էր այդ նպատակով, մյուսներին էլ հորդորում էր անտարբեր չլինել։

Ու քանի որ երբեք անտարբեր չէր իր շուրջը և առհասարակ երկրում տիրող իրավիճակի նկատմամբ, պատերազմի առաջին օրերից կամավորագրվել է հայրենիքի պաշտպանությանը։ Մենք տեղյակ չենք եղել։ Սպասել է մի քանի օր, մինչև կկանչեն, տեսնելով, որ չեն զանգում, բազմիցս դիմել է զինկոմիսարիատ, որ ինքն էլ մեկնի ռազմաճակատ։ Այդ ընթացքում տեղը չէր գտնում, որ կռվող տղերքի կողքին չի։ Մինչև մեկնելը կազմակերպում էր հանգանակություններ հիմնադրամին։ Նույնիսկ ընկերների հորդորները չլսեց, որ ասում էին մի գնա դեռ, սպասիր։ Ինձ ասում էր մամ ջան, պատկերացնում ես բոլորը քեզ նման մտածեն ու ոչ ոք չգնա, ինչ կլինի։ Թուրքը կհասնի իմ տուն, ես գնում եմ ձեզ պաշտպանելու, իմ տունը պաշտպանելու համար։ Հաց չէր ուտում, ասում էր.- տղերքը կռվում են, արյուն են թափում, ես ոնց հաց ուտեմ։ Էլ չի քննարկվում, գնալու եմ։ Երեխեքին ասում էր .- տատան չի թողնում գնամ, հերոս դառնամ։ Հոկտեմբերի 6-ին ասեց, որ զանգել-կանչել են իրեն։ Գնաց, բայց նույն օրը ետ եկավ, ասել էին հաջորդ օրն են գնալու։

Հաղթանակի մեծ հույսով, հավատով ոգեշնչված, իր դրոշն էլ վերցրեց ու 07.10-ին մեկնեց ռազմաճակատ։ Մեզ ասեց, որ Սիսիանի զորամասում է և մի քանի օր պետք է մնա այնտեղ։ Ասեց, որ զորքին խոհարար էր պետք ու ինքը մոտ 200 հոգու համար հաց է պատրաստում։

Ասեց.- մամ ջան, չես պատկերացնի ինչքան լավ է էստեղ, միակ վատն էն է, որ դանակները սուր չեն։ Այնինչ կռվի ամենաթեժ կետերից մեկում է եղել` Հադրութում, որտեղ թշնամու մեծաքանակ դիվերսիոն խմբեր էին թափանցել 10.10.2020-ին։ Անգամ հատուկ ջոկատայինները հրաժարվել են մտնել այն ձորը, ուր ինքն է գնացել իրենց խմբով։ Զրահաբաճկոն չունենալն էլ հետ չի պահել տղայիս։ Զինակից ընկերների խոսքով նա կռվել է քաջաբար, հզոր ոգով, առանց նահանջելու, առանց վախի, իսկական նվիրյալի նման։ Ես հենց այդպես էլ պատկերացնում էի, երբ մտածում էի, որ հնարավոր է Արցախում լինի։ Հենց դրանից էլ վախենում էի։

Նվիրվում էր ամեն ինչին, ամեն գործին մինչև վերջ։ Բայց հավատում էի, որ Սիսիանում է։ Մեզ հանգստացնելու համար այնքան հմտորեն էր համոզել, որ չկասկածենք։ Զինակից ընկերները հաճախ են գալիս մեր տուն։ Պատմում են որոշ դրվագներ։ Նշում, որ Հերոսաբար ոչնչացրել է թշնամու մեծ քանակությամբ կենդանի ուժ։ Բաց մարտ է վարել։ Մատը ձգանից չի հանել, կռվել է մինչև վերջ։ Իրենք եղել են դաշտում, թշնամին` դիմացի անտառում։

Տղաներն ասում են.- Տղերքը կռվել են դուխի, քաջության հաշվին։ Հրազենային երկու վիրավորում է ստացել նույն օրը` հոկտեմբերի 10-ին, մեծ դժվարությամբ են ընկերները նրան հասցրել հիվանդանոց…. կյանքը փրկել չի հաջողվել…նա Հերոսացավ` չիմանալով, որ ճիշտ է իր կռիվն արդար էր, բայց այդ կռվում արդարները շատ քիչ էին։ Չնայած շատ դժվար է, բայց Նրա մասին շատ երկար կարող եմ խոսել…. իդեալական ամեն գործում, ամեն հարցում, արդարամիտ, քչախոս, կոկիկ, բազմաշնորհ, նպատակասլաց, պայքարող, հզոր կամքի տեր, թասիբով, նախաձեռնող, աշխատասեր, ձգտվող, նրբանկատ, ընկերասեր, լուսավոր, ժպտադեմ ու արևոտ անձնավորություն, անչափ նվիրված զավակ, ամուսին, հայր, եղբայր, ընկեր ….իմ իդեալականը… Մեր ընտանիքի հույսն էր Համովս, լույսը, թևերը, հոգին, ամեն ինչը, մեր թուլությունն էր։

Մինչև հիմա ոչ մեկս չենք համակերպվում այս ամենի հետ, չենք էլ համակերպվի երբևէ, չենք հավատում, որ դաժան պատերազմը շատ ընտանիքների նման, խեղեց նաև մեր համերաշխ ու գեղեցիկ ընտանիքի ճակատագիրը։ Հասկանում եմ, նա միշտ տարբեր էր բոլորից, ու հիմա էլ այսպես տարբերվեց, նա չդարձավ բոլորիս նման հասարակ մահկանացու, այլ իսկապես, իր ուզածի պես Հերոսացավ…Իհարկե բոլորս հպարտանում ենք, բայց նրա կորստի ու այս ցավի հետ ոչ մի հպարտություն էլ չես համեմատի։ Փառք մեր բոլոր հերոսներին։

Մեկնաբանություններ