Լրահոս

«Երկու տեղանի կռավաթ ես ուզո՞ւմ»․ Փաշինյանի պատասխանը` զինվորի հորը

«Երկու տեղանի կռավաթ ես ուզո՞ւմ»․ Փաշինյանի պատասխանը` զինվորի հորը

Կառավարության շենքի մոտ կրկին բողոքի ակցիա են անում այն ժամկետային զինծառայողների ծնողները, որոնք որդիները հիմա Արցախում են։ Երեկ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր ծնողներից մի քանիսին, լսել նրանց մտահոգությունները և խոստացել 2 օրում պատասխանել։ Սակայն ծնողները բավարարված չեն վարչապետի հետ հանդիպումից․ յուրաքանչյուր ժամը վտանգավոր են համարում իրենց զավակների կյանքի համար։ Երեկ վարչապետի հետ հանդիպմանը ներկա զինծառայողներից մեկի հայրը մանրամասներ պատմեց հանդիպման մասին։

«Ես նրա երեսին պարզ ասացի` ինչպես ժամանակին «Արմենիա» հյուրանոցում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասացիք՝ դու չես տիրապետում իրավիճակին, օգնականները սխալ ինֆորմացիա են քեզ տալիս, հիմա Ձեր բառերը Ձեր դեմ եմ ուղղում՝ Դուք չեք տիրապետում, թե ինչ վիճակում են գտնվում հայ զինվորները Ղարաբաղում, Ձեր աշխատողները Ձեզ սխալ ինֆորմացիա են տալիս»,- նշեց տղամարդը։

Նրա խոսքով՝ իրենք պահանջում են վերադարձնել 18-20 տարեկան տղաներին Հայաստան՝ մեր երկրի տարածքում ծառայությունը շարունակելու։

«Ես նրան մի բան էլ ասացի, որ դուրը չեկավ։ Ասացի՝ Դուք՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար, որպես վարչապետ, մոռացել եք զինվորին, զինվորները մոռացված են։ Երբ նկարագրեցի, թե ինչ վիճակում են մի զինվորները, ինձ ասաց՝ երկու տեղանի կռավա՞թ ես ուզում։ Սա պատասխա՞ն է»,- նշեց տղամարդն ու հավելեց՝ հետո վարչապետն իր խոսքերի համար ներողություն է խնդրել, բայց ասված խոսքերը հետ չես բերի։

Վարչապետը հավաստիացրել է, որ զինծառայողների կեցության իրավիճակն արագ կլուծվի, սակայն ծնողները չեն վստահում, չեն հավատում։

«Մենք անգամ նրան ասացինք՝ եթե Դուք չեք կարող մեր երեխաներին բերել, մենք գնանք, բերենք։ Ասաց՝ դա հանցագործություն է։ Ես նշեցի՝ շատ լավ հասկանում ենք, որ հանցագործություն է, կառավարությունը դրդում է մեզ հանցագործության»,- շեշտեց տղամարդը։

Նշենք, որ կառավարության մոտ մեծ թվով ոստիկաններ են բերվել։ Այնտեղ մի քանի հարյուր մարդ է հավաքվել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 18-ին ԱԺ–ում լրագրողներին հայտնեց, որ պատերազմի առաջին օրվանից մինչև նոյեմբերի 17-ի երեկոյան պաշտոնապես հաստատված զոհված զինծառայողների թիվը 2425 է։

Նոյեմբերի 27-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1712 զոհվածների անունները։

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

armeniasputnik.am

Մեկնաբանություններ