Լրահոս

«Ես դեռ նրшն սպասnւմ եմ ու երևի մինչև կյանքիս վերջ էլ սպասեմ». Մատшղիսnւմ զոհված հերոս եղբոր գրպանում հավանած աղջկա՝ իր ձեռքnվ նկարած նկարն էր

«Ես դեռ նրшն սպասnւմ եմ ու երևի մինչև կյանքիս վերջ էլ սպասեմ». Մատшղիսnւմ զոհված հերոս եղբոր գրպանում հավանած աղջկա՝ իր ձեռքnվ նկարած նկարն էր

2001 թվականի մայիսի 29-ին ծնված Ղազար Սուրենի Սրուխանյանը բանակ է զորակոչվել 2019 թվականի հուլիս 10-ին: Մատաղիսի 111 դիրքի ավագ, կրտսեր սերժանտը 1 տարի 2 ամսվա ծառայող էր, երբ սկսվում է պատերազմը: Օրեր շարունակ անհանգստության ու անորոշության մեջ գտնվող ընտանիքը բաղձալի զանգը ստանում է հոկտեմբերի սկզբին:

«Սեպտեմբերի 27-ին ինքը դիրքերում էր ու միանգամից ներգրավվում է թեժ մարտերում: Ուրախ էր, ծիծաղը շուրթերին, այնպես էր խոսում, կարծես պատերազմի մեջ չէր... Ես գիտեմ, որ թուրքից ամեն ինչ սպասելի է, որ նա դարանակալ ու ոխակալ է, բայց մինչև վերջին օրը հույսս չեմ կորցրել, որ եղբորս բան չի պատահի», - Aysor.am-ի հետ զրույցում պատմեց մերօրյա հերոսի քույրը՝ Էլեն Սարուխանյանը։

Քույր ու եղբայր վերջին անգամ զրուցել են հոկտեմբերի 5-ին. Ղազարն Էլենին էր զանգել՝ ծնունդը շնորհավորելու:

«Մատաղիսից հեռու ենք, մեզ ապահով տեղ են բերել», - քրոջը հանգստացրեց զինվոր եղբայրն ու այս անգամ շուրջ մեկ ժամ խոսեց ու անկեղծացավ:

«Ասեց, որ ամեն օր իրեն լեյտենանտի կոչում են առաջարկելիս եղել, բայց հրաժարվել է: Սերժանիտի կոչումն էլ չէր ուզում, քանի անգամ մերժել էր, բայց հակառակ իր մերժումներին՝ կրտսեր սերժանտ տվեցին... Մինչև հոկտեմբերի 5-ն իրենք թեժ կռիվների մեջ են եղել, հետո հերթափոխ էին իրականացրել, գնացել էին հանգստանալու ու նորից առաջնագիծ բարձրանալու... Երկար ժամանակ էր, որ չէինք խոսել, կարոտել էինք միմյանց: Եղբայրս, որքան էլ ամուր է, միևնույն է՝ իր վրա շատ էր ազդել զինընկերների մահը: Իրենց նահանջ են տված եղել: Պատմում էր, որ չորս կողմը վիրավորներ են եղել, ու տղաները չգիտեին՝ փախչե՞լ, թե՞ մնալ ու վիրավորներին օգնել... Սարսափելի վիճակ է եղել: Ինձ հույս էր տալիս, ասում՝ «ամեն ինչ լավ ա լինելու, պիտի գամ, այլ տարբերակ չկա»... Իրար հետ շատ կապված ենք, իրարից գաղտնիքներ չունենք: Վստահելի ընկեր է իմ համար, ցանկացած հարցով կարող եմ հետը խոսել, ու դրա մասին միայն երկուսով իմանայինք, նույնիսկ ծնողներս չիմանային։ Մեզ ճանաչողներն ասում են, որ մենք քույր ու եղբոր իսկական օրինակ ենք, որ մեր նման կապված, իրար նվիրված շատ քչերն են լինում», - կարոտով հիշեց զրուցակիցս:

Ղազարի մանկության ընկերը «Եղնիկներում» էր ծառայում, պատերազմի օրերին կորցրել էր աչքը: Երբ քույրը տեղեկացրեց ընկերոջ հետ կատարվածը՝ Ղազարը հուզվեց, նեղվեց, բայց վայրկյաններ անց իրեն ու քրոջը մխիթարեց:

«Մարդիկ կան՝ երկու աչքն էլ վրեն է, բայց տեսնել չեն կարող, ողջ չեն, ո՞ւմ է պետք... Չգիտեր, որ իրեն էլ նույն ճակատագիրն է սպասվում», - արտասվելով ասաց Էլենը։

Հոկտեմբերի 8-ի առավոտյան էլ մայրիկի հետ է խոսել, նրա միջոցով հորն ու քրոջը բարևներ փոխանցել: Այնուհետև, մինչև հոկտեմբերի 12-ն ընտանիքը որդուց տեղեկություն չի ունեցել...

Նկատում եմ՝ զրույցի ամբողջ ընթացքում Էլենը եղբոր մասին «զոհվել» բառը չի օգտագործում: Ավելին՝ ներկայով է պատմում, այնպես, կարծես հենց կողքին նստած հարազատի մասին է խոսում:

«Ամսի 12-ին զանգահարեցին մեզ, սկզբից չասեցին իրականությունը, միայն ասեցին, որ վիրավորներ են բերել, գնանք: Հասկացանք, որ ինչ-որ բան այն չի... Հայրս գնաց հիվանդանոց, բայց ճանապարհին նրան ասել էին, թե ինչ է եղել: Մենք հետո իմացանք, որ հոկտեմբերի 11-ին արդեն նրան Հայաստան բերած են եղել, փաստորեն, դեպքը տեղի է ունեցել 8-12-ն ընկած հատվածում... Այս ընթացքում շատ եմ փորձել փնտրել մարդկանց, որոնք այդ օրերին իր կողքին են եղել: Շտաբի պետի հետ կարողացա խոսել, իմացա, որ այդ դեպքի ժամանակ միասին են եղել», - մանրամասնեց հերոսի քույրը։

Ամբողջական հոդվածը՝ aysor.am

Մեկնաբանություններ