Լրահոս

Գագիկ Ծառուկյանին վերաբերող բռնաբարության գործի նյութերը հրապարակելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Գագիկ Ծառուկյանին վերաբերող բռնաբարության գործի նյութերը հրապարակելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին առնչվող բռնաբարության գործի նյութերը տարածելու վերաբերյալ հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ Մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության հավաքելը, տարածելը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեց ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Նրա փոխանցմամբ՝ քրեական գործն ուղարկվել է ՔԿ։

Հիշեցնենք, որ Ծառուկյանին վերագրվող բռնաբարության դռնփակ նիստի նյութերը հրապարակվեցին, երբ նա հունիսի 5-ին քննադատեց իշխանությունների հակահամաճարակային գործողությունները նշելով, որ այն տապալել են: Գ.Ծառուկյանը նշել էր, որ ձախողումներ են գրանցվել բոլոր ոլորտներում բարձրացնելով իշխանությունների 100 տոկոսի փոփոխության հարց:

Նախ՝ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում նախազգուշացրեց քրեական գործերի մասին՝ նշելով, թե Գագիկ Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային: Իսկ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եղբայրը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ֆեյսբուքում հանդես էր եկել մեկ այլ գրառմամբ՝ նշելով՝ «Խմբակային բռնաբարության համար դատապարտված ընտրակեղծարարը Հյուսիս-հարավից ինչքա՞ն լափած կլինի: Այո կամ ոչ»։

Այս հայտարարություններին հաջորդեցին Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ խմբակային բռնաբարության գործի փաստաթղթերի տարածումը սոցիալական ցանցերով։ Ընդ որում՝ դրանց տարածմանը նպաստել են նաեւ կառավարության անդամներ, պատգամավորներ, մարզպետներ։

Նշենք, որ նման մեղադրանք Գագիկ Ծառուկյանին մի քանի տասնամյակ առաջ իրապես առաջադրված եղել է, սակայն վճռաբեկ դատարանը արդարացրել է նրան, իսկ արդարացման որոշումը ստորագրել է ՀՔԾ ներկայիս պետ Սասուն Խաչատրյանի հայրը՝ Մհեր Խաչատրյանը։

Աղբյուր` Փաստինֆո

Մեկնաբանություններ