Լրահոս

Հանրային սննդի օբյեկտներում արգելվում են 5 հոգուց ավելի անձանց մասնակցությամբ միջոցառումները

Հանրային սննդի օբյեկտներում արգելվում են 5 հոգուց ավելի անձանց մասնակցությամբ միջոցառումները

Հանրային սննդի օբյեկտներում արգելվում է 5 հոգուց ավելի անձանց մասնակցությամբ միջոցառումների իրականացումը: Արգելվում է սպասարկել սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուներին: Այս մասին գրված է պարետի որոշման մեջ, որը վերաբերում է հանրային սննդի օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման անվտանգության կանոններին:

Ըստ որոշման՝ առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է ընկերությունը։ Հանրային սննդի կազմակերպությունները շահագործելիս անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները․

«Հաճախորդների սպասարկումից առաջ մուտքի մոտ կատարվում է հաճախորդների ջերմաչափում և տվյալների գրանցում գրանցամատյանում: Հաճախորդների սպասարկման սեղանների միջև անհրաժեշտ է ապահովել առնվազն 1.5 մետր հեռավորություն: Արգելվում է սպասարկել սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուներին: Նման այցելուի դեպքում անհրաժեշտ է անմիջապես հայտնել ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ՝ զանգահարելով 8003 համարով»,- նշված է պարետի որոշման մեջ։

Հանրային սննդի օբյեկտների անձնակազմերի համար նախատեսված կանոնների համաձայն՝ յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական նվազագույնը երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափներով)։ Աշխատողները մշտապես կրում են անհատական պաշտպանության միջոցներ՝ ձեռնոցներ և մեկանգամյա օգտագործման դիմակ (բժշկական), որոնք փոխվում են 3-4 ժամը մեկ: Ձեռնոցների և մեկանգամյա դիմակների կրկնակի օգտագործում, ինչպես նաև խոնավացած դիմակների օգտագործում չի թույլատրվում: Ընդմիջման ընթացքում արգելվում է աշխատանքային վայրը լքելը:

«Աշխատողները պետք է ապահովվեն մեկանգամյա օգտագործման դիմակների և ձեռնոցների պահուստային պաշարով (ելնելով աշխատանքային հերթափոխի տևողությունից և դիմակները առնվազն 3-4 ժամը 1 անգամ փոխելու հաշվարկից), ձեռքերի մշակման մաշկային հականեխիչներով, ախտահանիչ միջոցներով, ինչպես նաև անձեռոցիկներով: Աշխատողների սննդի ընդունման համար հատկացվում է առանձին սենյակ՝ կահավորված լվացարանով, մշտական տաք և սառը ջրի, ինչպես նաև ձեռքերի մշակման համար մաշկային հականեխիչների պարտադիր առկայությամբ»,- ասվում է անվտանգության կանոնների պահպանման ուղեցույցում։

Հանրային սննդի օբյեկտներում պետք է նշանակվի կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների պատասխանատու, որը հսկողության սահմանման նպատակով վարում է առնվազն ախտահանումների, աշխատողների և այցելուների առողջական վիճակի մասին գրանցումները: Պատասխանատուի կողմից իրականացվում է հանրային սննդի կազմակերպման վայրում ընդհանուր սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների և հիգիենիկ նորմերի պահպանման նկատմամբ հսկողություն:

Ըստ ուղեցույցի՝ աշխատանքի մեկնարկին և ավարտին կատարվում է տարածքի ախտահանում, մանրակրկիտ ախտահանվում են հատկապես շփման բոլոր մակերեսները և հաճախակի օգտագործվող պարագաները։ Իրականացվում է բռնակների, բազրիքների հաճախակի (առնվազն 3 ժամը մեկ) խոնավ մաքրում՝ ախտահանիչ միջոցների օգտագործմամբ:

Յուրաքանչյուր այցելուից հետո պետք է իրականացվի բոլոր տիպի շփման մակերեսների խոնավ մշակում (դռների բռնակներ, աթոռների թիկնակներ, էլեկտրական անջատիչներ և այլն)՝ վիրուսային ռեժիմին համապատասխան ախտահանիչ միջոցների կիրառմամբ: Անհրաժեշտ է խուսափել կտորից կարված աթոռների ծածկերից. աթոռների թիկնակները պետք է լինեն ախտահանման ենթակա:

Ինչ վերաբերում է սպասքին և խոհանոցային պարագաների ախտահանմանը, ուղեցույցում նշվում է, որ նպատակահարմար է մեկանգամյա օգտագործման սպասքի կիրառումը կամ բազմակի կիրառման սպասքի օգտագործումը՝ պարտադիր ախտահանման պայմանով: Չի թույլատրվում օգտագործել ճաքերով, խփված եզրերով, դեֆորմացված, վնասված էմալով սպասք:

Նպատակահարմար է, որ հանրային սննդի օբյեկտները հագեցվեն ախտահանման ազդեցությամբ ժամանակակից սպասք լվացող մեքենաներով՝ մեքենայացված եղանակով սպասքը և պարագաները լվանալու համար: Սպասքի՝ ձեռքով լվացման համար նախատեսվում են եռաբաժին ավազաններ՝ ճաշի սպասքի համար, երկբաժին՝ ապակե սպասքի և սեղանի պարագաների համար:

Սպասք լվացող մեքենայի անսարք լինելու դեպքում սպասքի՝ ձեռքով լվացման և ախտահանման տեխնոլոգիայի պահպանման համար պայմանների կամ մեկանգամյա ճաշի սպասքի և պարագաների բացակայության դեպքում կազմակերպության աշխատանքը դադարեցվում է:

Մեկնաբանություններ