Լրահոս

Հարավային ուղղությամբ ՊԲ ՀՕՊ միջոցները խոցել են 3 ինքնաթիռ. հակառակորդը մարտադաշտում թողել է սպանված գնդապետի դի և հետ շպրտվել. Արցախի ՊԲ

Հարավային ուղղությամբ ՊԲ ՀՕՊ միջոցները խոցել են 3 ինքնաթիռ. հակառակորդը մարտադաշտում թողել է սպանված գնդապետի դի և հետ շպրտվել. Արցախի ՊԲ

Օրվա ընթացքում հյուսիսային և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է լայնածավալ հարձակողական գործողություններ: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ՊԲ-ն:

Մասնավորապես՝ հակառակորդի զրահատանկային ստորաբաժանումներն ու հետևակը Մադաղիսի ուղղությամբ ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք հայկական հրետանային ու հակատանկային դիպուկ հարվածների արդյունքում կասեցվել են: Հակառակորդը կրել է զինտեխնիկայի ու կենդանի ուժի զգալի կորուստներ:

ՊԲ  ստորաբաժանումները հաջողությամբ կանխել են նաև հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժի ձեռնարկած բոլոր գրոհները: Հակառակորդը, ջախջախվելով ու մարտադաշտում թողնելով սպանված գնդապետի դի, հետ է շպրտվել: Հարավային ուղղությամբ ՊԲ ՀՕՊ միջոցները խոցել են նաև 3 ինքնաթիռ:

Փառք հայոց բանակի բոլոր մարտիկներին: Մենք հաղթելու ենք:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3145 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Մեկնաբանություններ