Լրահոս

Հուշագիր չստորագրեցին, բայց համագործակցությունը շարունակվում է

Հուշագիր չստորագրեցին, բայց համագործակցությունը շարունակվում է

Ներքաղաքական գործընթացներն ու Գագիկ Ծառուկյանի շուրջ ընթացող պրոցեսներն անցած շաբաթ համախմբեցին ընդդիմադիր ուժերին, ստեղծվեց ընդդիմադիր ճակատ, որտեղ հայտնվեցին ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, Արթուր Վանեցյանի նորաստեղծ «Հայրենիքը», Ավետիք Չալաբյանի «Ազգային օրակարգ» եւ Արթուր Ղազինյանի «Մեկ Հայաստան» կուսակցությունները։ Եղան համատեղ հայտարարություններ երկրում ստեղծված իրավիճակի եւ, մասնավորապես, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իշխանության քաղաքական «հետապնդումների» մասին։ Սպասվում էր, որ հաջորդ քայլը լինելու է հուշագրի ստորագրումը, ինչը չէին թաքցնում նաեւ բանակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք մոտ մեկ շաբաթ ակտիվ աշխատում էին հուշագրի տեքստի վրա, նույնիսկ ժամկետներ էին նախանշել, եւ անցած ուրբաթ օրը պետք է հրապարակվեր հուշագիրը, բայց քաղաքական ուժերը լեզու չգտան, եւ հուշագիրը, գոնե առայժմ, չի ստորագրվի։ Սակայն դա չի նշանակում, թե այս ուժերի համագործակցությունը դադարեցված է։ Կհամագործակցեն, բայց առանց փաստաթղթի եւ, ըստ իրավիճակի, համատեղ քայլեր կանեն։ Հուշագիր չստորագրելու պատճառների մասին մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել։

Հուշագրի տեքստը հեղինակել են դաշնակցականները, որոնք բավական ծավալուն տեքստ են գրել՝ մի քանի էջանոց, որն ավելորդություններով լի է եղել եւ քննարկման պարագայում բազմաթիվ տարաձայնությունների տեղիք տվող։ Ընթացքում պարզվել է, որ ԲՀԿ-ն այս կոնսոլիդացիան առավելապես դիտում է որպես Գագիկ Ծառուկյանի շուրջը համախմբման փորձ, իսկ ստեղծվելիք մարմինը՝ ավելի շատ Ծառուկյանի պաշտպանության կոմիտե։ Պարզվել է նաեւ, որ նորաբաց կուսակցությունները, որոնք ո՛չ շատ անդամներ ունեն, ո՛չ ֆինանսներ, ո՛չ կենսագրություն եւ անցած ճանապարհ, շատ հավակնոտ են եւ հավասար իրավունքներ են ուզում 100-ամյա եւ 20-ամյա կուսակցությունների հետ, ինչը հատկապես Գագիկ Ծառուկյանին դուր չի եկել, եւ նա առաջարկել է այլ նմանատիպ կուսակցությունների նույնպես ներգրավել հուշագրի շրջանակներում՝ ընդլայնելով ընդդիմադիր ճակատը։ Մինչդեռ առաջ դեմ է եղել «իքիբիր կուսակցություններին ընդգրկելուն»։

Օրինակ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք», Արման Վարդանյանի «Միասնություն», Լուսինե Հարոյանի «Ազգային առաջընթաց», «Ժառանգություն» կուսակցություններին էլ ներգրավել։ Սրան էլ արդեն դեմ են եղել մյուս ուժերը։ Երկար վեճերից հետո եզրակացրել են, որ կհամագործակցեն կոնկրետ թեմաների շուրջ, իսկ հուշագիր ստորագրելը կհետաձգեն։ Մանավանդ մի արգումենտ էլ է հնչել, որ երբ միավորվում են, իշխանությունը թիրախավորում է մեկ ուժի եւ իր ողջ ռեսուրսը կենտրոնացնում է իրենց դեմ։ 

Ընդդիմադիր ուժերն իրար մեղադրել են նաեւ ժամանակից շուտ հայտարարություններ անելու, իրենց խաղաքարտերը բացելու մեջ։ Մասնավորապես, Արթուր Ղազինյանը շաբաթ օրը հայտարարեց, թե իր ղեկավարած ուժը «չի պատրաստվում» որեւէ հուշագիր ստորագրել, եւ լրատվամիջոցները «Մեկ Հայաստան» կուսակցության մասին որեւէ նյութ հրապարակելուց առաջ պետք է ճշտեն տեղեկատվությունը կուսակցության լրատվական ծառայությունից։ Գրեթե նույն ոճի մեջ են ՀՅԴ-ականները։ Մեզ հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այդպես էլ չխոստովանեց, որ տապալվել է պրոցեսը, հարցին՝ շարունակվելո՞ւ է համագործակցությունը, եւ հնարավո՞ր է ընդհանրապես հուշագիր չստորագրվի, պատասխանեց․ «Քաղաքական ուժերը շարունակում են միմյանց հետ ջերմ, կառուցողական շփումները։ Տեսեք այդ հուշագիրը․․․ ուզում եք անունը հուշագիր դրեք, հռչակագիր դրեք․․․ կան ակտիվ քննարկումներ։ Եթե ուզենք փաստաթուղթ ստորագրել՝ փաստաթուղթ կստորագրենք, եթե չենք որոշի՝ առանց փաստաթղթի կշարունակենք։ Մեր շփումները շարունակվում են»։

Ճշտող հարցին՝ իսկ եղե՞լ է փաստաթուղթ, որի շուրջ համաձայնություն չի կայացել, ասաց․ «Տեսեք, երբ խոսվում է, որ բանակցություններ, քննարկումներ են տեղի ունենում, շատ բնական է, որ թուղթուգրիչով կարող են եղած լինել խոսակցությունները, բայց որ հետագայում կարող են հուշագիր չստորագրել, կամ հետաձգվեր․․․ Այո, որ խոսել ենք, խոսելու ընթացքում թուղթ ու գրիչով ենք խոսել»։ Իսկ ինչո՞ւ այդ գրիչով խոսացածը մեկ ընդհանուր փաստաթուղթ չդարձավ․ հարցին Սաղաթելյանն ասաց, որ հուշագրի ստորագրման ժամկետներն իրականում լրատվամիջոցներն էին սահմանել, հիմա էլ շրջանառում են, թե չի ստորագրվել․ «Ես մի քանի հարցազրույց եմ տվել եւ ասել եմ, որ հուշագիր կարող է լինել վաղը, կարող է լինել 6 ամիս հետո, դա պրոցես է, դրա մեջ ոչինչ մի փնտրեք»։ Սաղաթելյանը չմանրամասնեց, թե համագործակցության ինչպիսի ֆորմատ են պատկերացնում, որը կամրագրվի նաեւ փաստաթղթով, ասաց՝ երբ հստակ բան լինի, այն ժամանակ էլ կխոսի այդ մասին։

Հարցրինք՝ տեքստի՞ շուրջ չեն եկել համաձայնության, գուցե ԲՀԿ-ն ակնկալել է, որ իր շո՞ւրջ պետք է միավորվեն։ «Ի սկզբանե բոլորին է պարզ եղել, որ որեւէ մեկի շուրջ չէ համագործակցությունը, այլ՝ օրակարգի, հետեւաբար, Ձեր տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում»։ Հետաքրքրվեցինք՝ առաջարկ եղե՞լ է՝ այլ ուժերի էլ ներգրավել ընդդիմադիր ճակատում։ «Այդ մասին խնդրում եմ ինձ այլեւս հարցեր մի տվեք, քաղաքական ուժերի միջեւ կան շատ ջերմ, կառուցողական հարաբերություններ, կան քննարկումներ, որոնք շարունակվում են, ու եթե Դուք ինձնից ակնկալում եք, որ պիտի ասեմ՝ որ օրն ինչ ենք խոսել, մի ակնկալեք»։ Սաղաթելյանի փոխանցմամբ, իրենց հետագա քննարկումներն էլ են լինելու երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ քաղաքական ընդհանուր օրակարգ ձեւավորելու շուրջ։ Ասաց նաեւ, որ չեն պայմանավորվել, թե ինչ պարբերականությամբ պետք է հանդիպեն՝ «ըստ անհրաժեշտության»։

Hraparak.am

Մեկնաբանություններ