Լրահոս

Ինչ է լինում Արտակարգ դրություն հայտարարելուց հետո. կետերով

Ինչ է լինում Արտակարգ դրություն հայտարարելուց հետո. կետերով

Այսօր կառավարության արտահերթ նիստում քննարկվելու է Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու հարցը:   Իսկ ինչ է սպասվում դրանից հետո:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը սահմանում է արտակարգ դրության ժամանակ կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, որոնք ամբողջությամբ կամ մասնակիորեն կարող են կիրառվել.

«1. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում արտակարգ դրության ընթացքում արտակարգ դրության տարածքում կարող են կիրառվել հետևյալ միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները.

1) անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում, ինչպես նաև նշված տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի սահմանում, ներառյալ` օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց` տվյալ տարածք մուտք գործելու և այնտեղ գտնվելու սահմանափակումները.

2) հասարակական կարգի, պետական պահպանության ենթակա օբյեկտների, ինչպես նաև բնակչության կենսաապահովման և տրանսպորտի օբյեկտների պահպանության ուժեղացում.

3) ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման, ներառյալ` ծառայությունների մատուցման, ապրանքների և ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումներ.

4) սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգի սահմանում.

5) հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակում կամ արգելում.

6) գործադուլների և իրավաբանական անձանց գործունեությունը կասեցնող կամ դադարեցնող այլ միջոցառումների արգելում.

7) տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակում և դրանց զննման իրականացում.

8) վտանգավոր արտադրությունների, պայթուցիկ, ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական վտանգավոր նյութեր օգտագործող կազմակերպությունների գործունեության նկատմամբ հատուկ պետական վերահսկողության սահմանում կամ դրանց գործունեության կասեցում.

9) գործադիր իշխանության հանրապետական մարմինների և տարածքային կառավարման մարմինների լիազորությունների ժամանակավոր սահմանափակում կամ կասեցում.

10) նյութական և մշակութային արժեքների տարահանում, եթե իրական վտանգ կա արտակարգ դրության ժամանակ դրանց ոչնչացման, հափշտակության կամ վնասման համար.

11) պարետային ժամի սահմանում, այսինքն` ամբողջ օրը կամ օրվա որոշակի ժամանակահատվածում առանց անձը հաստատող փաստաթղթերի և (կամ) հատուկ թույլտվության փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելում, ինչպես նաև օրվա որոշակի ժամանակահատվածում փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելում.

12) կարծիքի արտահայտման ազատության սահմանափակում, մասնավորապես զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, հաղորդումների արգելում.

13) անձը հաստատող փաստաթղթերի ստուգում, անձնական առարկաների զննում.

14) զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ և թունավոր նյութերի, հատուկ միջոցների վաճառքի արգելում, հատուկ ռեժիմի սահմանում, թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի, ուժեղ ներգործող նյութեր պարունակող դեղագործական միջոցների և պատրաստուկների, էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, սպիրտ պարունակող արտադրանքի շրջանառության հատուկ ռեժիմի սահմանում.

15) արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած և տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում` նրանց միջոցների հաշվին, իսկ նման միջոցներ չլինելու դեպքում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` կատարված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով.

16) արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով անհրաժեշտության դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի ու այլ միջոցների օգտագործում` օրենսդրությամբ սահմանված կարգով նյութական փոխհատուցմամբ:

2. Արտակարգ դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի կասեցնելու գործադիր իշխանության հանրապետական մարմինների և տարածքային կառավարման մարմինների իրավական ակտերը:

3. Արտակարգ դրության ժամանակ սույն հոդվածով նախատեսված միջոցառումների իրականացումը չի կարող խոչընդոտել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության դատարանների և Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի բնականոն գործունեությունը:

4. Սույն հոդվածի 14-րդ կետով նախատեսված դեպքերում թույլատրվում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից ժամանակավորապես առգրավել օրենքով սահմանված կարգով ձեռք բերված զենք և ռազմամթերք, թունավոր, պայթուցիկ և ռադիոակտիվ նյութեր, մարտական և ուսումնական ռազմական տեխնիկա:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Սույն օրենքի իմաստով տվյալ տարածքի բնակիչ է համարվում տվյալ տարածքում հաշվառում ունեցող, ինչպես նաև հաշվառում չունեցող, սակայն տվյալ տարածքում բնակության որևէ ապացույց ունեցող անձը»:

Տեղեկացնենք նաև, որ ՀՀ սահմանադրության 208-րդ հոդվածի համաձայն արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում:

Մեկնաբանություններ