Լրահոս

Ինն ամսում 253 մարդ է զոհվել վթարների հետևանքով

Ինն ամսում 253 մարդ է զոհվել վթարների հետևանքով

Այս տարվա ինն ամիսներին տեղի ունեցած ավտովթարների հետևանքով 253 մարդ է զոհվել։

2017 և 2018 թվականների նույն ժամանակահատվածում վթարների հետևանքով ավելի քիչ մարդ է զոհվել։ 

Ոստիկանությունից ստացած տվյալների համեմատությունից պարզվում է նաև, որ 2019-ի հունվար-սեպտեմբերին ավելի շատ վթար է գրանցվել, որի հետևանքով ավելի շատ մարդիկ են վիրավորել և մահացել, քան նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածում։

2019-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում տեղի է ունեցել 3444 վթար։ Դրա հետևանքով զոհվել է 253 մարդ, վիրավորվել՝ 4959-ը։ 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ վթարների թիվը 523-ով ավելին է, զոհերինը՝ 11-ով, իսկ վիրավորներինը՝ 680-ով։

Ստորև ներկայացված գծապատկերում ամբողջացրել ենք  2017-2019 թվականների վթարների վիճակագրությունը՝ ըստ վթարների թվի, զոհերի և վիրավորների քանակի։

Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը վթարների աճը պայմանավորում է վարորդների վարքով և ներմուծված մեծաքանակ մեքենաներով։

«Վերջին տարիներին, նամանավանդ ընթացիկ և նախորդ տարիներին, ահռելի և աննախադեպ քանակությամբ տրանսպորտային միջոցներ են ներկվել Հայաստան, իսկ նոր փողոցներ չեն ավելացել, հետևաբար մեքենաների խտությունը մեծացել է, դրա հետ մեկտեղ վարորդները բավական է, որ թուլացնեն զգոնությունը, և վթարը պատրաստ է»,-ասում է Սերգեյ Ղահրամանյանը։

Ղահրամանյանի դիտարկմամբ՝ եվրոպական երկրների շարքում Հայաստանը, Ռուսաստանի և Վրաստանի հետ, զոհերի թվով առաջին եռյակում են:

Սերգեյ Ղահրամանյանի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն խաչմերուկներում, որտեղ կան տեսահսկման սարքավորումներ, վթարներ գրեթե չեն լինում, իսկ տեսահսկման միջոցներով չկահավորված խաչմերուկներում վթարների թիվը մեծ է։

Երևանը վթարների թվով անգերազանցելի է

Այս տարվա առաջին ինն ամիսներին հանարպետությունում գրանցված 3444 վթարներից 46 %-ը (1569 վթար) արձանագրվել է Երևանում։ Սա կարելի է նաև պայմանավորել բնակչության կենտրոնացվածությամբ։ 

Երևանում տեղի ունեցած այս տարվա վթարները 300-ով ավելի են 2018-ի հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատ։  

Երևանում տեղի ունեցած այդ վթարների հետևանքով ամենաշատ մարդիկ են զոհվել և վիրավորել։ Նշված 1569 վթարների հետևանքով զոհվել է 62 անձ, վիրավորել՝ 2052-ը։ Համեմատության համար նշենք, որ վթարների թվով երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Կոտայքի մարզում եղել է 310 վթար, 28 զոհ և 466 վիրավոր։

Վթարների, զոհերի և վիրավորների թվով ամենապասիվ մարզը Հայաստանի ամենաքիչ բնակչություն ունեցող Վայոց ձորն է։ Այս տարվա առաջին ամիսներին այնտեղ գրանցվել է 55 վթար, որի հետևանքով զոհվել է 8 անձ, վիրավորել՝ 87-ը։

Մանրամասները՝ Hetq.am-ում

Մեկնաբանություններ