Լրահոս

«Կապանի օդանավակայանը թշնամու դիտարկման ներքո է». Կապանի քաղաքապետ

«Կապանի օդանավակայանը թշնամու դիտարկման ներքո է». Կապանի քաղաքապետ

168.am-ը գրում է․

Այսօր համացանցում տեսանյութ է շրջանառվում, որտեղ թշնամին տեսանկարահանել է Սյունիքի մարզի Կապանի համայնքի  օդանավակայանը և հայտնել, որ այն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ է։

168.am–ի հետ զրույցում Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանն անդրադառնալով այդ տեսանյութին և մեկնաբանությանը՝ ասաց.

«Նախ պետք է հասկանանք, թե ինչ ասել է՝ «վերահսկողության տակ», և մենք այն ինչպես ենք հասկանում․ այն, որ օդանավակայանը նրանց դիտարկման ներքո է՝ իրականություն է։ Իսկ վերահսկողության տակ լինելն ավելի լայն է։ Ամեն դեպքում օդանավակայանը գտնվում է ՀՀ տարածքում, մեր հսկողության տակ»։

Հարցին՝ հավանական է, որ թշնամին կարո՞ղ է կրակել օդանավակայանի ուղղությամբ, Գևորգ Փարսյանը պատասխանեց, որ ոչինչ չի բացառվում.

«Այո, հավանական է, որ կկրակի»։

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության և Նիկոլ Փաշինյանի հրամանով Սյունիքի մարզում գտնվող հայկական բոլոր շահեկան դիրքերը հանձնվել ու շարունակում են հանձնվել ադրբեջանական կողմին, որի արդյունքում տարբեր համայնքներ ու Գորիս-Կապան, ինչպես նաև այլ ճանապարհներ հայտնվել են թշնամու թիրախում ու դարձել խոցելի, այդ թվում՝ Կապանի օդանավակայանը։

Հիշեցնենք նաև՝ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։

Եռակողմ համաձայնագրի արդյունքում նաև՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Նյութի աղբյուր՝ https://168.am/2021/01/07/1440440.html

Մեկնաբանություններ