Լրահոս

Կորոնավիրուսի համավարակի նոր էպիկենտրոն է հայտնաբերվել

Կորոնավիրուսի համավարակի նոր էպիկենտրոն է հայտնաբերվել

Լատինական ամերիկայում կորոնավիրուսի տարածման մտահոգիչ վիճակագրությունը խոսում է այն մասին, որ այդ տարածաշրջանը կարող է համավարակի նոր օջախ դառնալ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է գերմանական Der Spiegel պարբերականը:

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության բրազիլական բաժանմունքի ղեկավար Անա դե Լեմոսն ընդգծել է, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում լատինամերիկյան երկրներում կորոնավիրուսով վարակման և վիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացության ռեկորդային մակարդակ է արձանագրվել:

Հոդվածի հեղինակը նշում է, որ որոշ քաղաքներում իրավիճակը համեմատելի է ԱՄՆ-ում և Եվրոպայում կորոնավիրուսի գագաթնակետի հետ:

Որպես օրինակ նշվում է, որ Պերուի մայրաքաղաք Լիմայում սովորականից երկու անգամ ավելի շատ մարդիկ են մահանում: Այդ ցուցանիշը համեմատելի է Փարիզում համաճարակի ընթացքում վատագույն ամսվա տվյալների հետ:

Բրազիլիայի Մանաուս քաղաքում, որտեղ 2 մլն մարդ է բնակվում, մահացության մակարդակը մեծացել է 3 անգամ: Նման վիճակագրություն արձանագրվել է Լոնդոնում և Մադրիդում:

Մեքսիկայում սկսել են չեղարկել սահմանափակումները, թեև երկիրը Լատինական Ամերիկայում երրորդ տեղում է մահացածների և վարակվածների ցուցանիշով:

Լատինական Ամերիկայում մեկ ամսում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 7 անգամ՝ հասնելով 542 693-ի, մահացածների թիվը՝ 8.5 անգամ՝ հասնելով 30 396-ի:

Ողջ աշխարհում վարակվածների թիվը մոտենում է 5 մլն-ի, իսկ մահացածներինը գերազանցել է 320 հազարը:

Մեկնաբանություններ