Լրահոս

«Մենք դեռ որոշում չունենք այս պահին». ԼՀԿ պատգամավոր

«Մենք դեռ որոշում չունենք այս պահին». ԼՀԿ պատգամավոր

Արդյոք «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը կարձագանքի՞ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության՝ ՍԴ դիմելու նախաձեռնությանը միանալու կոչին՝ 168.am-ը հետաքրքրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանից:

«Մենք դեռ որոշում չունենք այս պահին»,- ասաց նա:

Հարցին՝ ակնկալվո՞ւմ է, նա պատասխանեց.

«Օրվա վերջում տեղյակ կպահենք»:

Հիշեցնենք՝ երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, արձագանքելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության՝ ՍԴ դիմելու նախաձեռնությանը միանալու կոչերին ու հոդորներին, ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է.

«Սահմանադրական դատարան դիմելու պատգամավորների իրավունքը սահմանված է ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ կետով։ Սահմանադրական դատարան կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ կետերով սահմանված դեպքերում։

Մինչդեռ 168-րդ հոդվածի նշված կետերով սահմանված դեպքերը չեն ներառում Սահմանադրության փոփոխությունների նախագծի համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու պատգամավորների իրավունքը։

Սա նշանակում է, որ ՀՀ Սահմանադրությունը՝ Հրայր Թովմասյանի համահեղինակած 2015թ. խմբագրությամբ, իրավունք չի տալիս պատգամավորներին դիմել Սահմանադրական դատարան այս հարցով։ Մինչդեռ այս պայմաններում Հանրապետության Նախագահը դեռևս ունի իր իրավասությունները սահմանափակող ԱԺ կողմից այսօր ընդունած օրենքի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու հնարավորություն։

Մենք շարունակում ենք քննարկումները ԲՀԿ մեր գործընկերների հետ՝ հնարավոր լուծումներ գտնելու կապակցությամբ»։

Նկատենք՝ Սահմանադրության 169 հոդվածը պատգամավորների ընդհանուր թվի մեկ հինգերորդին՝ 27 պատգամավոր, հնարավորություն է տալիս նման հարցով դիմել ՍԴ:

Մեկնաբանություններ