Լրահոս

«Մեր բալիկը ծնվեց»․ Պատերազմում զոհված Արայիկի ծննդյան 25-ամյակի նախօրեին Թամրազյանների ընտանիքում ցավից զատ ժպտալու առիթ է ստեղծվել

«Մեր բալիկը ծնվեց»․ Պատերազմում զոհված Արայիկի ծննդյան 25-ամյակի նախօրեին Թամրազյանների ընտանիքում ցավից զատ ժպտալու առիթ է ստեղծվել

Հունվարի 18-ին՝ Արցախյան պատերազմի ժամանակ զոհված Արայիկ Թամրազյանի 25-րդ տարեդարձի նախօրեին, ծնվել է Արայիկ Թամրազյանի քրոջ երեխան։

Թամրազյանների ընտանիքում պատերազմի պատճառով իրար հերթագայող դժբախտ դեպքերից ու կորստից հետո լույսի շող է եղել երեխայի ծնունդը։

«Վերջին օրերին սպասում էինք երեխայի ծննդին, ասում էինք՝ տեսնես՝ երբ կծնվի, քեռու ծննդից մեկ օր առաջ ծնվեց։ Աղջիկս էլ, թոռնիկս էլ լավ են»,- «Մեդիալաբին» ասում է Արայիկ Թամրազյանի մայրը՝ Արևիկ Թամրազյանը։

Այսօր Արայիկ Թամրազյանի 25-ամյակի կապակցությամբ, նաև երեխայի ծննդյան առթիվ հարազատները հավաքվելու են Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղում՝ Արևիկ Թամրազյանի աղջկա տանը, որտեղ պատերազմից հետո բնակվում է Արևիկ Թամրազյանը, քանի որ Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի իրենց տունն անցել է ադրբեջանցիներին։ 

Արևիկ Թամրազյանը որդու մասին պատմելիս ասում է, որ տղան բնավորությամբ շատ համեստ և զուսպ էր․ «Իրեն գյուղում հարգում էին, աշխատավայրում՝ նույնը։ Չի ծխել, չի կռվել, միշտ սիրել է համեստությունը, հանգիստ խոսելը։

Ասում էի՝ Արայիկ, որ 25 տարեկանդ լրանա, քեզ պիտի ամուսնացնենք, ասում էր՝ մա՛մ, Ստեփանակերտի ամենամեծ զալում ես պիտի իմ հարսանիքը անեմ, պիտի բոլորին կանչեմ, բայց․․․»,- խոսքը հուզմունքի պատճառով ընդհատում է մայրը։

Արայիկ Թամրազյանը սովորել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Մոր խոսքով՝ միշտ ցանկացել է զինվորական դառնալ, անգամ դեմ է գնացել իր հորդորին, ընդունվել համալսարան և գերազանցությամբ ավարտել։ 

«Էնտեղից մեզ շնորհակալագիր ա եկել՝ որպես լավ ուսանող, հավաստագրեր, պատվոգրեր՝ իր առաջադիմության համար։ Իր ընկերներն իր հեռախոսն ուղարկել են ինձ, իր հեռախոսի մեջ կան այդ նկարները։ Իր ցանկությունն է եղել, ինքը միշտ ասել է՝ ես զինվորական պիտի դառնամ։ Ես ամեն անգամ ասել եմ՝ չեմ ուզում, միակ տղան ես, 2 տարի կգնաս, կծառայես, կգաս մեզ մոտ, լավ ես սովորում, մի տեղ կսովորես։ Ես ասում էի՝ պայմանագիրդ չեմ ստորագրելու, որ ես չստորագրեի, չէր կարող գնալ, բայց որ ժամանակն արդեն եկավ, ասեց՝ մա՛մ, պիտի գաս ստորագրես, ես ստիպված գնացի, ստորագրեցի։

2016 թվին Վազգեն Սարգսյանն ավարտեց գերազանցությամբ, երկու տարի Մարտունի 2-րդում՝ պաշտպանականում, լեյտենանտ էր, հետո՝ ավագ լեյտենանտ»,- պատմում է մայրը։

Սեպտեմբերի 27-ին՝ պատերազմը սկսվելուն պես, Արայիկը, որը գտնվում էր Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում վերապատրաստման նպատակով, անմիջապես ուղևորվում է Արցախ՝ հայրենիքի պաշտպանության համար մղվող պայքարում իր մասնակցությունն ունենալու նպատակով։

«Ինքը որ ավագ լեյտենանտ դարձավ, հետո իրեն ուղարկեցին Վազգեն Սարգսյան՝ վերապատրաստման։ Իր պաշտոնը պիտի բարձրացնեին։ Էդ օրը որ լսեց Ղարաբաղում պատերազմ ա, նստեց իր մեքենան, անգամ ճանապարհին էնքան էր արագ եկել, որ մի հատ էլ ակտ էին գրել, 20 հազար դրամ անգամ տուգանել են իրեն։ Իր հրամանատարն ասում էր՝ 3։30-ին արդեն ինքն իր դիրքում էր։

Անգամ չի եկել մեզ այցելության, գյուղ չի եկել: Ես մի երկու անգամ այդ օրը խոսել եմ, հարցրել եմ՝ Արայի՛կ, գալի՞ս ես, ասել ա՝ չէ՛, բայց քույրերին ասել էր՝ գնում եմ, բայց մամային չասեք։ Հետո արդեն ինքը դիրքում էր, ես իմացա, զանգեցի, ասեցի՝ արդեն իմանում եմ, որ եկել ես, ասեց՝ հա, խաբելու բան չկա, ես պիտի անպայման իմ տեղում լինեմ»,- պատմում է մայրը։

Պատերազմի 30-րդ օրը ընտանիքը ստանում է Արայիկ Թամրազյանի զոհվելու մասին լուրը։

Մայրը, պատմելով տղայի ընկերների խոսքը, ասում է․ 

«Մի ընկերը պատմում է, որ մի արկ էր մնացել, որ խփեին, 600-ը լրանար, էդ ժամանակ 20 զինվոր ուներ, զինվորները դրսում էին, անօդաչուները անընդհատ գալիս էին, հեռվից էին խփում, ինքը դուրս է եկել։ Տղաներից մեկն էլ պատմում է, որ ռացիայով գոռալով, խոսելով, ասում էր՝ շուտ հավաքվեք, զինվորներին հավաքել ա, բայց ինքը չի կարողացել փրկվել։ Անօդաչու սարքն է խփել։ 

Իր դիվիզիայի պետն էլ ասում է՝ ռացիայով խոսում էր, լսեցի իր ճիչը, ու միանգամից կապը կտրվեց»,- հուզվում է Արևիկ Թամրազյանը։

Արևիկ Թամրազյանի ամուսինն էլ, որ տղայի մահվան լուրը լսելուց 7 օր հետո Արցախ էր մեկնել տղայի իրերը վերցնելու, գերի է ընկել, դեռևս չի վերադարձել։

Արևիկ Թամրազյանը հույսով սպասում է, որ ամուսինը ողջ և առողջ կվերադառնա։

MediaLab.am

Մեկնաբանություններ