Լրահոս

Մեր դեմ ներսից ու դրսից դիվերսիա է իրականացվում, խնդիր է դրված վերացնել հայկական ամեն ինչ. Անդրանիկ Թևանյան

Մեր դեմ ներսից ու դրսից դիվերսիա է իրականացվում, խնդիր է դրված վերացնել հայկական ամեն ինչ. Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Նույնականության (իդենտիկության) ճգնաժամ․ ո՞վ է «նոր հայը» և ինչի՞ համար է պետք կռվել» վերտառությամբ.

«Հայաստանցի–ղարաբաղցի քարոզչական դիվերսիան կիրառվեց 1988–ին թափ առած Ղարաբաղյան շարժմանը զուգահեռ։ Ընդորում՝ հակաղարաբաղյան տրամադրություններ կային նաև շարժման ղեկավար կազմում։ Այդ տրամադրությունները հետագայում հակապետական բանաձևի տեսք ստացան․ «Առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ–թուրքական հարա­բե­րու­թյունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգա­մանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը»։

Այդ բանաձևի համաձայն՝ Հայաստանի զարգացման բանալիները գտնվում են Բաքվում և Անկարայում։ Հանուն վերջիններիս հետ հարաբերությունների բարելավման և լավ կյանքի սպասման պետք է զիջել մասը (Արցախը) և ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից հանել Հայոց ցեղասպանության միջազգային ճամաչման հարցը։ Այսինքն՝ բավարարել Ադրբեջանի ու Թուրքիայի ժողովուրդներին։

Նիկոլ Փաշինյանը գավառական ու արյունոտ ձևով փաստացի իրականացրեց վերը նշված բանաձևի առաջին մասը, բայց կյանքը լավանալու փոխարեն վատացել է, Հայաստանի պետականությունը մեծ հարցականի տակ է հայտնվել, թեև ուզում են համոզել, որ շուտով թուրքական էժան լոլիկով կյանքի որակի լավացում է լինելու։

Հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելն ու խաղաղ ապրելը բոլոր ողջամիտ մարդկանց ցանկությունն է, բայց դա պետք է տեղի ունենա ոչ քո ոչնչացման գնով։
Հայաստանը պետք է սուբյեկտայնություն ունենա, որպեսզի կարողանա նորմալ ապրել հարևանների հետ, այլապես կա՛մ կմնա այլոց աշխարհաքաղաքական շահերի հույսին (ժամանակավորապես), կա՛մ կխժռվի։ Ու չի փրկի անգամ «խաղաղասիրական» քարոզն ու ադրբեջանական դրոշի շուրջ ստրիպտիզը։

Արցախի պետականության ոչնչացումից ու Շուշին հանձնելուց հետո տեղեկատվական նոր դիվերսիա է կիրառվում ՀՀ քաղաքացիների դեմ։ Հայաստանցի–ղարաբաղցի հակադրությանն ավելացվել է հայաստանցի–հայաստանցի հակադրությունը, ինչը նույնականության (իդենտիկության) ճգնաժամ է առաջացնում գրեթե 100 տոկոսով մոնոէթնիկ Հայաստանում։

Հիմա հայաստանցիներին բաժանում են Շուշին հայկական ու ոչ հայկական համարողների, Գորիս–Կապան ճանապարհահատվածի 27–կիլոմետրանոց մասը հայկական ու ադրբեջանական համարողների։

Մեր երկրի թշնամիները նիկոլական իշխանության ձեռքերով մինչև վերջին ատոմն ու բջիջը պառակտում են հայ ժողովրդին՝ այն համառորեն վերածելով հայկական էթնոմշակութային ընդհանրություն չունեցող բնակչության։

Ձևավորվում է «նոր հայի» կերպար, որն անհայրենիք է, ապրուստի հարցում գռեհիկ մարքսիստ է, աշխարհաքաղաքական խաղերում՝ Հայաստանը «գլոբալ շահերին» զոհաբերելու պատրաստ նեոտրոցկիստ։

Ո՞վ ենք մենք։ Արցախը բեռ համարողնե՞ր, թե՞ առանց Արցախ Հայաստանը չպատկերացնողներ, պետականազուրկ մտածողության կրողնե՞ր, թե՞ Հայաստանի պետականության կողմնակիցներ։ Ի՞նչն է միավորելու հայերին, եթե իշխանության վերին օղակից քարոզվում է, որ քո որդին զոհվել է հանուն ոչնչի, որ հայերը պարտվող, խաղաղություն մուրացող, ուզվոր ժողովուրդ են՝ ստամոքսային մտածողությամբ։

Հայի մեջ ուզում են սպանել միավորվելու և արարելու բնազդը։ Արթնացնում են չարությունը, նախանձը, ավերիչ կոդերը, որոնք բոլոր ազգերին էլ բնորոշ են, բայց որոնք ճնշվում են արարիչ պետական կառավարման շնորհիվ։

Արցախյան 1–ին պատերազմում տարած հաղթանակն անտեր մնաց։ Մինչդեռ Հայաստանն առանց այդ հաղթանակի ու այդ հաղթանակի հետևանք Արցախի դե ֆակտո պետականության դուրս է մնացել միջազգային քաղաքականության «ռադարներից»։ Մենք հիմա մեր երկրի անվտագության երաշխավորը չենք։ Պուտինի կամքով, Լավրովի ու Շոյգույի հայտարարությունների արանքում մեր երկիրը դեռ գոյատևում է, բայց ինչքա՞ն կտևի սա։

Ազգին միավորում է պատերազմում տարած հաղթանակը, անցյալի անցքերը, ապագայի տեսլականը։ Նաև՝ արտաքին թշնամու գոյությունը։ Ու որպեսզի այդ թշնամուն պարտադրես խաղաղություն, պետք է իդենտիկության հստակ բաղադրիչներ ունենաս և միավորես ազգը։ Նիկոլենք արեցին ճիշտ հակառակը։ Դա ամրոցը ներսից գրավելու ծրագիր էր։

Հայկական իդենտիկությանը հսկայական հարված է հասցվել։ Մեր ազգը դարձրեցին ժողովուրդ, ժողովրդին՝ ամբոխ, ամբոխին՝ ոչխարի հոտ։

Հոտին հեշտ է համոզել, որ իր թշնամին ոչ թե Շուշին վերցնող, հազարավոր հայերի սպանող թուրք–ադրբեջանական զույգն է, այլ հոտի դասակարգային հակառակորդը, որին ամբողջացրել են «նախկին» ձևակերպման մեջ։ 

Բոլշևիկները գյուղացի ռուս մուժիկին ու սոցիալական խնդիրներ ունեցող բանվորներին ներշնչեցին, որ պետք է Գերմանիայի դեմ պատերազմը վերածել ներքին՝ քաղաքացիական պատերազմի։ Արդյունքում՝ ռուսական շահերը  դրվեցին ցնորամիտ «միջազգային պրոլետարիատի հաղթարշավի» զոհասեղանին։ Հանուն այդ «հաղթարշավի» սպանվեցին միլիոնավորները, եղբայրասպան քաղաքացիական պատերազմում զոհվեցին շատերը, մինչդեռ խոստացվել էր բարեկեցություն և խաղաղություն։

Հիմա մեր ներքին թրքաբոլշևիկներն ուզում են Արցախը, Հայաստանը և հայկական իդենտիկությունը դնել հակառուսական քաղաքական գծի զոհասեղանին՝ անունը դնելով ինքնիշխանություն, ինչը մեծագույն բլեֆ է և պետք է արմատախիլ արվի հայկական միջավայրից։

Մեր դեմ ներսից ու դրսից դիվերսիա է իրականացվում։ Խնդիր է դրված վերացնել հայկական ամեն ինչ։ Նրանք, ովքեր իրենց իդենտիֆիկացնում են հայկական պետականության, հայոց լեզվի, հայկական ու համաշխարհային մշակույթ կերտողների (Արցախյան 1–ին պատերազմում հաղթանակն ապահովողներ, Մեսրոպ Մաշտոց, Գրիգոր Նարեկացի, Մովսես Խորենացի, Մխիթար Գոշ, Հովհաննես Թումանյան, Վահան Տերյան, Շարլ Ազնավուր, Գարեգին Նժդեհ, Տիգրան Պետրոսյան, Արամ Խաչատուրյան, Մարտիրոս Սարյան, Արկադի Անդրեասյան, Լևոն Արոնյան, Հենրիխ Մխիթարյան և այլն), քրիստոնեական արժեհամակարգի հետ, պետք է կռիվ տան ու դառնան հայկականության դրոշի առաջամարտիկները։

Իմ կռիվն այս դաշտում է»։

Մեկնաբանություններ