Լրահոս

Նիկոլ Փաշինյանը՝ Իլհամ Ալիևի հայտարարությունների մասին

Նիկոլ Փաշինյանը՝ Իլհամ Ալիևի հայտարարությունների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի գլխավորած պատվիրակությանը:

Նախ տեղի է ունեցել վարչապետի և տիկին Լինդեի առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով:

Վարչապետը ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան և շնորհավորել ու արգասաբեր գործունեություն մաղթել այս պատասխանատու առաքելության մեջ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ-ի հետ սերտ համագործակցությունը՝ կայունության և անվտանգության ապահովման գործում: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և այդ համատեքստում կարևորել ՄԽ գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը՝ խաղաղ գործընթացի վերսկսման և հիմնախնդրի համապարփակ կարգավորման հարցում: Այս առումով վարչապետը շեշտել է ԼՂ կարգավիճակի հստակեցման ու արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությունը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ միայն կառուցողական ջանքերի, համապատասխան միջավայրի ձևավորման միջոցով հնարավոր կլինի տարածաշրջանում հաստատել կայունություն և երկարատև խաղաղություն, սակայն Ադրբեջանի նախագահի կողմից շարունակվող ագրեսիվ ու ապակառուցողական հայտարարությունները որևէ կերպ չեն նպաստում դրան: Վարչապետը շեշտել է, որ դեռևս չլուծված են մնում շատ հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, հումանիտար խնդիրները, արցախայության իրավունքների, մշակութային ժառանգության ինքնության պաշտպանությունը և այս առումով նշել ԵԱՀԿ կարևոր դերը:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ կարևորագույն առաջնահերթություն է շարունակում մնալ ռազմագերիների վերադարձը, և հայկական կողմի ընկալումն այն է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը պետք է կատարվի առանց նախապայմանների, իսկ Ադրբեջանը շարունակում է գերեվարության մեջ պահել հայ ռազմագերիներին ու պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց:

Որպես ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն ԼՂ հակամարտության կարգավորման գործում կարևորել է Մինսկի խմբի համանախագահների աշխատանքն ու իր անձնական ներկայացուցչի ջանքերը՝ միտված երկարաժամկետ կայուն լուծմանն ու խաղաղության հաստատմանը: Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն և միջազգային հանրությունը որպես ամբողջություն կարևոր դեր ունեն անդրադառնալու ներկայումս ստեղծված անմիջական իրավիճակին և կողմերին օժանդակելու՝ գտնել հիմնախնդրի կարգավորման ուղիներ: Միաժամանակ, ԵԱՀԿ գործող նախագահը կարևորել է միջազգային մարդասիրական իրավունքի հարգումն ու հումանիտար խնդիրների լուծումը, ինչը կնպաստի նաև փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային իրավիճակին և հետագա համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:

Մեկնաբանություններ