Լրահոս

Ոչ մի ադրբեջանցի ՀՀ սահմանից ներս չի մտել. այն, ինչ այսօր տեղի է ունենում, նոր պատերազմից խուսափելու և Սյունիքի անվտանգության համար է. Փաշինյան

Ոչ մի ադրբեջանցի ՀՀ սահմանից ներս չի մտել. այն, ինչ այսօր տեղի է ունենում, նոր պատերազմից խուսափելու և Սյունիքի անվտանգության համար է. Փաշինյան

Իշխանության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը։ Այս մասին Առաջին ալիքի եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, որ երկրում քաղաքացիները բաժանվել են երկու խմբի․ մի մասն ուզում է, որ ինքը շարունակի ղեկավարել, մյուս մասը՝ ոչ, հետևաբար այդ մարդկանց պետք է ընտրելու հնարավորություն տալ:

«Ժողովրդի կամարտահայտությունն ի ցույց դնելու արտահայտություններից մեկն ընտրություններն են»,- ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով պատերազմում պարտվելու վերաբերյալ ընդդիմության կողմից դիտարկումներին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ շատ կարևոր է հասկանալ, թե ինչու է ՀՀ-ն պատերազմում պարտվել։

«Երկու օր առաջ հանդիպում էի առաջնագծից զորացրված քաղաքացիների հետ և նրանք պատմում են դրվագներ, որոնց էությունը պետք է պարզաբանվի։ Օրինակ պատմում են դրվագ, որ միավորումը  գնացել և փորձել է սպառված զենք զինմթերքը համալրել,  և տալիս են կոնկրետ անձի անուն, ով հրաժարվել է իրենց զենք տալ և իրենք ստիպված են եղել կոտրել զինմթերքի պահեստի դռները զինվելու համար, տեսնելով, որ այդ պահեստն ամբողջությամբ լիքն է անհրաժեշտ զենք զինմթերքով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով ՀՀ տարածքի սահմանազատումներին, դիտարկմանը, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ ՀՀ սահմանների մասին ոչինչ չկար գրված, բայց մենք անընդհատ բարձունքներ ենք զիջում, Գորիս-Կապան ճանապարհն անվտանգ չէ,  վաչապետն ասել է, որ այդպիսի բան չկա։

«Ոչ մի ադրբեջանցի ՀՀ սահմանից ներս չի մտել։ Մի կողմից ասում են՝ չկան սահմաններ, մյուս կողմից ասում են՝ ադրբեջանցիներն ազատ ելումուտ են անում ՀՀ, ո՞ր սահմանը նկատի ունեն։ Եվ, ի վերջո,  ամենակարևոր փաստերից և փաստարկներից մեկն այն է, որ մեզ ուղղված շատ մեղադրանքներ իրար բացառող են։ Մի դեպքում մեզ քննադատում են նրա համար, որ միջոցներ չենք ձեռնարկել պատերազմը կանխելու համար, մյուս կողմից մեզ մեղադրում են նրա համար, որ միջոցներ ենք ձեռնարկում նոր պատերազմը կանխելու համար։ Ի վերջո ՀՀ-ն անկախություն է ստացել որոշակի տարածքում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ինքն օրեր առաջ վկայակոչել է 2010 թվականին ընդունված ՀՀ  վարչատարածքային բաժանման մասին օրենքը, որտեղ դեռևս 2010 թվականին արձանագրվել է, որ, օրինակ, Սյունիքի մարզի Որոտան գյուղը սահմանակցում է Ադրբեջանի Հանրապետության հետ։

«Այսօր տեղի է ունեցել այն, ինչ նկարագրված է այդ օրենքում։ Ինչո՞ւ է դա տեղի ունեցել կամ տեղի ունենում՝ նոր պատերազմից խուսափելու համար։ Այս միջոցները ձեռնարկվել են Սյունիքի անվտանգության համար»,- նշել է Փաշինյանը:

Հարցին, որ երբ հարցը բերում ենք կենցաղային մակարդակի, ապա կարելի է տեսնել, որ մարդկանց մոտ անհանգստություն կա, հատկապես՝ պատերազմից հետո, վաչապետն ասել է, որ այդ ամեն ինչից առաջ իրենք բազմաթիվ խորհրդակցություններ են ունեցել և նաև տարածքային կառավարման մարմինների միջոցով խնդրել են, որ այն բնակիչները, որոնց կարող է դա վերաբերել, իրենց հետ խոսեն ու ասեն, թե ինչպիսին է իրավիճակը։

«Ու եթե լինեն այնպիսի իրավիճակներ, որ իրենց իրավունքները ոտնահարվեն, կամ իրենց շահերը չպաշտպանվեն, կամ իրենց շահերը ստորադասվեն Սյունիքի անվտանգության շահերին, ՀՀ կառավարությունն իրենց կփոխհատուցի առնվազն կրկնակի իրենց ունեցած նյութական կորուստների համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանություններ