Լրահոս

Որ հիվանդություններն են բարդացնում հղիությունը

Որ հիվանդություններն են բարդացնում հղիությունը

Հղիության ընթացքում ի հայտ եկած կամ գլուխ բարձրացրած հիվանդությունը կարող է մեծացնել բարդությունների առաջացման հավանականությունը։ Հիվանդությունը կարող է լինել ստորև նշվածներից մեկը՝

1. հիվանդություն, որը կինն ունեցել է նախքան հղիությունը,

2. հիվանդություն, որն առաջացել է հղիության ընթացքում, սակայն անմիջականորեն կապված չէ հղիության հետ,

3. հիվանդություն (ներ), որն ամենայն հավանականությամբ կառաջանա հղիության ընթացքում

Շաքարային դիաբետն ու զարկերակային ճնշումը նախկինում գոյություն ունեցող հիվանդությունների լավ օրինակներ են, որոնք հղիության ընթացքում մեծացնում են բարդությունների առաջացման վտանգը։

Եթե կինն ունի վերոնշյալ խմբերի հիվանդություններից և ցանկանում է հղիանալ, պետք է առաջին հերթին խորհրդակցի բժշկի հետ և համապատասխան բուժում ստանալով՝ հասնի առողջական ցանկալի այն վիճակին, երբ հղիանալն անվտանգ է։

Երբ որոշակի հիվանդություն ունենալով հանդերձ կինը հղիանա, պետք է լինի բժիշկների (բազմամասնագիտական թիմի) վերահսկողության տակ։ Բժիշկների խմբում կարող է լինել մանկաբարձ-գինեկոլոգ, տվյալ հիվանդության մասնագետ և այլ բուժաշխատողներ, օրինակ՝ սննդաբան, թերապևտ և այլն։

Երբեմն հղիության հետ անմիջական կապ չունեցող որոշ հիվանդություններ զարգանում են հենց հղիության ընթացքում։ Դրանց մի մասը կարող է վտանգավոր լինել կնոջ և պտղի առողջության համար, օրինակ՝

հիվանդություններ, որոնք ջերմության բարձրացմամբ են ուղեկցվում,

վարակներ,

արյան մակարդելիության խնդիրներ,

հիվանդություններ, որոնք որովայնի խոռոչում վիրաբուժական միջամտություն են ենթադրում և այլն։

Քանի որ հղիությունն ինքնին բազմաթիվ փոփոխություններ է առաջացնում օրգանիզմում, հնարավոր է, որ մի շարք հիվանդություններ առաջանան, օրինակ՝

թրոմբոէմբոլիտիկ խանգարումներ (արյան թանձրուկներ անոթներում և թոքերում),

սակավարյունություն՝ անեմիա, միզուղիների վարակներ և այլն։

Մեկնաբանություններ