Լրահոս

Սա ամենավատ հիվանդությունն է, որով երբևէ հիվանդացել եմ․ պատմում են կորոնավիրուսից բուժված բժիշկները

Սա ամենավատ հիվանդությունն է, որով երբևէ հիվանդացել եմ․ պատմում են կորոնավիրուսից բուժված բժիշկները

Կորոնովարիրուսով վարակված պացիենտների վիճակը կարող է ժամանակավորապես բարելավվել, այնուհետև վատթարանալ։ Այս մասին խոսել են կորոնավիրուսից բուժված երկու բժիշկներ, փոխանցում է CNN-ը:

Լիվերպուլի բժշկական դպրոցի ինֆեկցիոն հիվանդությունների փորձագետ Փոլ Գարները և նեյրոբիոլոգիայի մասնագետ Աթենա Աքրամին պատմել են վիրուսի դեմ մոտ 100 օր պայքարի իրենց փորձի մասին:

Աթենա Աքրամին ասել է, որ հիվանդությունն իր մոտ տևել է 99 օր է և դեռ լիովին չի ապաքինվել: Նրա մոտ սկզբում առաջացել է հազ, այնուհետև բարձր ջերմություն, սակայն 3-4 օր անց ի հայտ են եկել նաև այլ ախտանիշեր. Թթվածնի պակաս, կրծքավանդակի շրջանում ցավ, ծայրահեղ հոգնածություն, երիկամների ցավ, ցավեր ամբողջ մարմնում․ «Բայց մենք հույս ունեինք՝ եթե 10 օր հետո չհոսպիտալացվենք, ուրեմն ամեն ինչ լավ է և 14 օր հետո մնացած ախտանիշները ևս կվերանան։ Բայց դա այդպես չէր, որովհետև շաբաթը շաբաթվա հետևից, և նույնիսկ հիմա, հիվանդության դինամիկան հետաքրքիր է դառնում»:

Նա բացատրել է, որ դա նման է սանդուղքով բարձրանալուն․ «Կարծես բարձրանում ես վերև և մտածում՝ վերջ, ես արդեն լավ եմ, բայց բարելավման կարճ պահերից հետո հիվանդությունը շարունակվում է»,-ամփոփել է նա:

Պրոֆեսոր Գարները, ով նույնպես ավելի քան 90 օր հիվանդացել է վիրուսով, նշել է, որ այն ամբողջությամբ տարբերվում է մնացած վիրուսներից․ «Սա ամենավատ հիվանդությունն է, որով երբևէ հիվանդացել եմ։ Երբ հիվանդացա, մտածեցի, որ թեթև կտանեմ, քանի որ ոտքի վրա էի և շատ էի վազվզում: Բայց առաջին շաբաթվա ընթացքում եկավ մի պահ, երբ մտածեցի, որ կմահանամ տանը անկողնում»,-ասել է Գարները:

«Այդ դրվագից հետո, երբ մտածում էի, թե կմեռնեմ, սկսեցի պարբերաբար նոպաներ ունենալ, կարծես հիվանդությունը վերադառնում էր և գլխիս հարվածում: Ես չէի կարողանում մտածել: Իմ ամբողջ մարմինը ցավում էր: Շատ տարօրինակ էր: Եվ երկրորդը, համենայնդեպս ինձ մոտ, մտքերը խառնվում էին և թվում էր, թե հարբած եմ»,-նկարագրել է պրոֆեսորը:

Մեկնաբանություններ