Լրահոս

Թուրքիան արձագանքել է Կանադայի՝ Անկարային զենք չմատակարարելու որոշմանը

Թուրքիան արձագանքել է Կանադայի՝ Անկարային զենք չմատակարարելու որոշմանը

Թուրքիան քննադատել է Կանադայի իշխանությունների՝ զինամթերքի արտահանման թույլատրման գործընթացը կասեցնելու մասին որոշումը և այդ քայլը գնահատել որպես երկակի չափորոշիչների քաղաքականության դրսևորում: Այս մասին ասվում է երկրի Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում, գրում է «Իզվեստիա»-ն:

Փաստաթղթում նշվում է, որ Թուրքիա ռազմամթերքի արտահանման կասեցումը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողություններով, իսկ դա վկայում է երկակի չափորոշիչների քաղաքականության մասին:

«Կանադայի գործողությունները, հատկապես «սկսած «Խաղաղության աղբյուր» գործողությունից, չեն համապատասխանում դաշնակցային ոգուն, խոչընդոտներ են ստեղծում ռազմական միավորների արտահանման թույլատրության համար»,-ասվում է փաստաթղթում:

Թուրքիայի ԱԳՆ-ում հույս են հայտնել, որ Կանադան կսկսի գործել առանց իր քաղաքականության վրա հակաթուրքական շրջանների ազդեցության:

Նախօրեին Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը հայտարարել էր Թուրքիայի ռազմամթերք մատակարարելու որոշման կասեցման մասին, այն բանից հետո, երբ ԼՂ հակամարտությունում կանադական տեխնոլոգիաներ կիրառելու մասին հաղորդագրություններ էին ստացվել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3154 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 230 զոհ։  Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Մեկնաբանություններ