Լրահոս

«Վեց պետություն՝ մեկ ազգ». ինչպես է Թուրքիան նախատեսում մեկ բլոկի մեջ միավորել թյուրքալեզու երկրները. riafan.ru

«Վեց պետություն՝ մեկ ազգ». ինչպես է Թուրքիան նախատեսում մեկ բլոկի մեջ միավորել թյուրքալեզու երկրները. riafan.ru

Վերջին շրջանում զգալի ակտիվացել են Թուրքիայի իշխանությունների՝ թյուրքալեզու երկրները մեկ բլոկի շրջանակում միավորելու շուրջ քննարկումները: Այս թեմային ուշագրավ անդրադարձ է կատարել «Ստամբուլյան գայլ» թելեգրամյան ալիքը, որի վերլուծական հոդվածը հրապարակել է Լուրերի դաշնային գործակալությունը:

Մինչ վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շատ ժամանակ և ուշադրություն չէր հատկացնում թյուրքական միասնության խնդրին: Նրան ավելի շատ հուզում էր իսլամական աշխարհի հետ համերաշխության թեման: Նա այնքան տարված էր դրանով, որ նրա ներկայիս դաշնակից, «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին 2015-ին Թուրքիայի առաջնորդին անվանել էր «թյուրքերի ամենամեծ ողջ թշնամին»:

Սակայն այժմ, երբ Էրդողանը լեզու է գտել Բահչելիի հետ և նրա հետ իշխող կոալիցիա կազմել, ազգայնականներն ու Թուրքիայի նախագահի կուսակիցներն այլևս տարակարծիք չեն: Ավելին, նա սատարում է Թուրքիայի «Գորշ գայլերի» իդեալներին, որոնք երազում են «թյուրքերի միասնության» ու «մեծ Թուրանի» մասին:

300 միլիոնանոց աշխարհ

Այսպիսով, անցյալ տարի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհրդի) VII-րդ գագաթնաժողովի ժամանակ Էրդողանն առաջին անգամ հնչեցրեց «Վեց պետություն՝  մեկ ազգ» կարգախոսը:

«Չնայած մենք երկու առանձին պետություններ ենք, մենք մեկ ազգի որդիներ ենք, ուստի ամեն քայլափոխի ասում ենք՝ մենք երկու պետություն ենք, բայց մեկ ազգ: Այժմ, անցկացնելով Թյուրքական խորհուրդը, մենք ընդլայնում ենք մեր մտահորիզոնը և ասում՝ մենք վեց պետություն ենք, բայց մեկ ազգ», - ասել էր նա:

Թուրքիայի նախագահը բացատրել էր, որ, ինչպես և Ադրբեջանը, Թուրքիան իրենից չի տարանջատում Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը:

«Թուրքիստանը մեր նախնիների տունն է, մեր հիմնական օջախը: Մենք բոլորս 300 միլիոնանոց շատ մեծ ընտանիք ենք, որը խոսում է նույն լեզվով, նույն կրոնի հետևորդ է, ունի նույն պատմությունը, մշակույթը, նույն քաղաքակրթությունը: Գիտեմ, որ մեր ղազախ, ղրղզ, ուզբեկ, տաջիկ և թուրքմեն թուրք եղբայրները նայում են Թուրքիային այնպես, ինչպես մենք՝ նրանք մեր երկիրն իրենց տունն են համարում», - ընդգծել էր Էրդողանը:

Այս հայտարարությունների պարադոքսն այն է, որ ամեն անգամ, երբ Թուրքիայի ղեկավարը խոսում է թյուրքական պետությունների միասնության մասին, նա նկատի ունի դաշինքի դրական ազդեցության հեռանկարը երկրների միջև տնտեսական և առևտրային հարաբերությունների աճի վրա: Այնուամենայնիվ, թուրքական լրատվամիջոցները, խոսելով դաշինքի մասին շատ են կարևորում թուրքական սպառազինության հարցը: Դրանից բխում է, որ թուրքերի մտքում միասնությունը չի սահմանափակվում տնտեսական բաղադրիչով: Եվ հարցը սահուն անցնում է «Պանթուրքիստական բանակ» թեմային:

Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը ներառում է Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքիան և Ուզբեկստանը: Հունգարիան և Թուրքմենստանը նշվում են որպես դիտորդներ և հնարավոր անդամներ: Էրդողանը, մասնավորապես, շահագրգռված է վերջինիս միանալու հարցում, ինչի մասին նա բազմիցս խոսել է: 2019-ին Բաքվում կայացած նույն հանդիպմանը Թուրքիայի նախագահը նշել է, որ Թյուրքական խորհուրդը կամրապնդի իր դիրքերը Թուրքմենստանի լիիրավ անդամակցության շնորհիվ:

«Միայն այս ճանապարհով մենք կկարողանանք գիտակցել այն հսկայական ներուժը, որն ունի թյուրքական աշխարհը՝  իր 300 միլիոն բնակչությամբ», - ասել էր Էրդողանը:

Բայց Աշխաբադը դեռ քայլ չի կատարել կազմակերպությանն անդամակցելու ուղղությամբ:

Մեկ սփյուռք բոլորի համար

Թուրք ձեռնարկատերերը շատ ակտիվ են դրսում: Ուստի Անկարան լուրջ է վերաբերվում տարբեր երկրներում սփյուռքի հնարավորություններին: Եվ եթե հաշվի առնենք Էրդողանի փառասիրությունը, ապա այս ամենն արդիական է դարձել ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական նպատակներով: Ըստ նրա, շուրջ 10 միլիոն թյուրքական արմատներ ունեցող քաղաքացիներ ապրում են այլ երկրներում:

«Այլ կերպ ասած, մենք ունենք մի քանի սփյուռք, և ինչպես ասաց իմ սիրելի ընկեր Իլհամ Ալիևը, «մեկ ազգը չպետք է ունենա երկու սփյուռք»», - ասել է Թուրքիայի նախագահը՝  դրանով նշելով, որ Անկարան կօգտագործի այլ թյուրքախոս ժողովուրդների հնարավորությունները՝  արտերկրում իր նպատակներին հասնելու համար:

Միևնույն ժամանակ, Էրդողանը չի սահմանափակում «թյուրքական սփյուռք» հասկացությունը և չի մոռանում այլ ժողովուրդների մասին, որոնց աջակցությունը կցանկանար օգտագործել ի շահ «թյուրքական աշխարհի»:

«Մենք մեր բոլոր եղբայրներին՝ ղազախներին, ուզբեկներին, թուրքմեններին, ադրբեջանցիներին, ղրղզներին, թաթարներին, չերքեզներին, մեսխեթցի թուրքերին և չեչեններին, գնահատում ենք որպես թյուրքական սփյուռքի բնական ներկայացուցիչներ», - ասել է նա` ակնարկելով, որ ակնկալում է  նաև Կովկասի բոլոր մուսուլմանների աջակցությունը:

Հնարավո՞ր է արդյոք ռազմական բլոկի ստեղծում

Արդյո՞ք Թուրքիան կկարողանա թյուրքական պետությունների ռազմական բլոկ ստեղծել: Այս հարցին պատասխանում է հենց ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Միխայլովսկին «Մոսկովսկի Կոմսոմոլեց»-ի համար հոդվածում, որին ակտիվորեն անդրադարձան թուրքական լրատվամիջոցները, բայց անտեսեցին դրա ամենակարևոր հատվածը. «Երազներում ամեն ինչ վարդագույն է: Իրականում, թյուրքական երկրների և ժողովուրդների միջև շատ հակասություններ կան: Օրինակ՝ Ուզբեկստանի և Ղրղզստանի լարված հարաբերությունները: Իսկ թյուրքական երկրներից յուրաքանչյուրում կան քաղաքական կուսակցություններ, միտումներ. Ամեն ինչ հեռու է այդքան միատարր լինելուց: Ավելին, կառավարություններն իրենք պատրաստ են ռազմական օգնություն ստանալ Թուրքիայից, բայց նրանք իրականում չեն ցանկանում դառնալ մեր ժամանակների ենիչերներ: Նրանց համար ձեռնտու չէ վիճել Չինաստանի, Ռուսաստանի հետ: Այս գործընկերությունն ապահովում է ֆինանսական օգուտներ և ավելին:Իսկ ի՞նչ է տալիս Թուրքիան: Մերկ գաղափար ու պարզ չէ, թե ինչի համար և ում հետ կռվելու առաջարկ: Բայց հաստատ կռվելու առաջարկ: Ո՞ւմ է դա պետք: Կարծում եմ, որ նրանք կարող են հաջողության հասնել Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի մակարդակի դաշինքում: Տնտեսական բլոկ: Բայց հաստատ ոչ ՆԱՏՕ-ի թուրքական տարբերակը»:

Մեկնաբանություններ