«Վլադիմիր Կարապետյանն ասաց, որ Արցшխում փոխզիջումներն шնխուսшփելի են, սակայն «հազшրшվոր սպանված հայերի» մասին արտահատություն ես չեմ լսել». Լապշինը պատասխանել է Հոխիկյանին

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում մեկնшբшնել է լրագրող, մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանի հայտարարության առ այն, որ Լապշինի, Նիկոլ Փաշինյանի և վերջինիս նախկին մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի (ներկայում ՀՀ դեսպանը Կիևում) միջև 2019-ին զրույց է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել է Արցախի հարցը:

«Այսպիսով, 2019-ի գարնանը Նաիրի Հոխիկյանը զանգահարեց և ասաց, որ մի քանի օրից Գավառում տնտեսական ֆորում է լինելու, և ինձ հրավիրել են այնտեղ որպես հյուր: Նա ասաց, որ վարչապետ Փաշինյանն այնտեղ ներկա կլինի, և ես հնարավորություն կունենամ ծանոթանալու նրա հետ…

Ֆորումից հետո Գավառում հյուրասիրություն էր, որտեղ հանդիպեցինք ես, Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Կարապետյանը և Նաիրի Հոխիկյանը: Այնտեղ էլի մարդիկ կային, պարզապես նրանց չեմ ճանաչում, ամենայն հավանականությամբ՝ վարչապետի անվտանգությունը: Այս հանդիպման ընթացքում ես Նիկոլ Փաշինյանի հետ խոսեցի այն մասին, թե ինչ է ինձ հետ պատահել Ադրբեջանում՝ Արցախ կատարած իմ այցի պատճառով, ինչպես նաև Ալիևի ռեժիմի դեմ դատական գործընթացի մասին…

Նիկոլն իր կարեկցանքը հայտնեց և ասաց, որ եթե ինչ-որ բանով կարող է օգտակար լինել, ապա ես ցանկացած պահի կարող եմ դիմել իրեն: Վլադիմիր Կարապետյանը կանգնած էր կողքին և զրույցի ընթացքում ասաց, որ Հայաստանն իր պատմության մեջ դժվարին ժամանակաշրջան է ապրում, ճնշման տակ է, և շրջափակումից և տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար Արցախում փոխզիջումներն անխուսափելի են: Նա նաև ասաց, որ երկրի տնտեսության բնականոն գործունեության և շրջափակումից ու ճգնաժամից դուրս գալու համար անհրաժեշտ է բանակցություններ վարել հարևանների հետ: Նա նաև հավելեց, որ առաջիկա տարիներին իրավիճակը կարող է փոխվել, և ես պետք է հետևեմ, թե ինչ է կատարվում տարածաշրջանում, որպեսզի թրենդի մեջ լինեմ: Հետո Sputnik Արմենիան գրեց վարչապետի հետ իմ հանդիպման մասին, այսինքն՝ դա բացարձակ բացման միջոցառում էր, հրապարակային, ոչ մի գաղտնիք: Վերջ: Ուրիշ ոչինչ չկար: Մնացած ամենը, ինչ գրված է Նաիրի Հոխիկյանի հոդվածում, ինձ համար դժվար է մեկնաբանել, քանի որ այս խոսակցություններն ինձ հետ չեն վարվել…

Ես երբեք չեմ լսել «հազարավոր սպանված հայերի» մասին արտահայտությունը, և ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ Վլադիմիր Կարապետյանը չեն ասել դա ինձ հետ հանդիպմանը: Ոչ ոք ինձ չի ասել, որ եթե ես չդադարեմ քննադատել Ադրբեջանին, ապա չպետք է գամ Հայաստան…

Բնականաբար, պատերազմի ժամանակ ես չգիտեի և չէի կարող իմանալ, թե ինչ է պատահելու Շուշիի հետ: Իր հոդվածում Նաիրին գրում է, որ ես դեռ հոկտեմբերին եմ իրեն ասել, որ «Շուշին կհանձնվի, հետո պատերազմը կավարտվի»: Մեր մեջ երբեք նման խոսակցություն չի եղել: Համոզված էի, որ Հայաստանը կդիմանա դրան և դրան հավատում էի մինչև վերջ, չնայած շրջապատում շատ հայ վերլուծաբաններ ասում էին. «Ամեն ինչ արդեն որոշված է, նրանք կհանձնեն Արցախը»:

Ես հարգում եմ Նաիրի Հոխիկյանին, նա տաղանդավոր լրագրող է և մեծ հայրենասեր: Ինձ համար անհասկանալի է, թե ինչով է նա առաջնորդվել, երբ հրապարակել է այս հոդվածը՝ այնտեղ նշելով իմ անունն ու խոսակցությունները, որոնց ես երբեք չեմ մասնակցել: Իրականում այն ամենը, ինչ տեղի է ունեցել մեր հանդիպման ժամանակ, գրել եմ վերևում: Ես չեմ կարող պատասխանատվություն կրել Նաիրիի այլ հայտարարությունների և գնահատում պարունակող դատողությունների համար:

Հ.Գ.

Ես չգիտեմ, թե ինչու է Նաիրին պատերազմից հետո ձայնագրել իմ և իր զրույցը, որտեղ ես ցավով ասում եմ, որ փորձում եմ հասկանալ, թե ինչ են նկատի ունեցել Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Կարապետյանը Գավառի այդ հանդիպմանը: Իմ խոսքերում գաղտնի և կոմպրոմատային ոչինչ չկա, բայց ինձ թվում է, որ դա իր կողմից այնքան էլ պատշաճ չէր: Ես հեռու եմ հայկական քաղաքականությունից, ես բլոգեր եմ և ճանապարհորդ, և կարծում եմ, որ սխալ է փորձել ինձ ներքաշել քաղաքական հաշիվների մեջ»,-եզրափակել է Լապշինը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Հոխիկյանը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ժամանակ պատմել է 2019թ-ին Գավառում Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած զրույցի և Արցախի շուրջ Փաշինյանի դիրքորոշումների մասին:

Հոխիկյանը նշեց, որ Փաշինյանը դեռ շարունակելու է պաշտոնավարել, սակայն ըստ նրա, այս իշխանությունը չի կարող մեկ կամ մեկուկես տարի մնալ, բայց նույն ժամանակ այս իշխանությունը կկատարի իր սև գործը և որոշ պայմանավորվածություններ ձեռք կբերի Ադրբեջանի հետ և ըստ նրա՝ որոշ տարածքներ նորից կտա Ադրբեջանին:

Լրագրողը նշեց, որ այստեղ շատ կարևոր է, որ ընդդիմությունը թույլ չտա, որ այս ամենն իրագործվի սահմանադրական ճանապարհով և բոյկոտի ցանկացած որոշում, որն այս իշխանությունը կկայացնի. «Մարդկանց ամեն կերպ պետք է հասկացնենք, որ սա քաղաքական խաղ չէ, սա պետության լինել-չլինելու հարց է»:

Ասելով, որ Արցախի շրջանները, բերդաքաղաք Շուշիի դավաճանական հանձնումը իշխանությունը նախօրոք էր պլանավորել՝ Հոխիկյանը շեշտեց՝ ինքը փաստեր ունի: «2019 թվականին ես, որպես մոդերատոր, հրավիրված էի «Իմ քայլը՝ հանուն Գեղարքունիքի մարզի» ֆորումին: Ինձ հետ էր նաև հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինը: Ընդմիջման ժամանակ եկան ԱԱԾ-ից և ասացին, որ պարոն վարչապետն ուզում է քեզ հետ զրուցել: Ես մոտավորապես գիտեի, թե ինչ զրույց պետք է լիներ, որովհետև 2006 թվականից սկսած, մեղմ ասած, իրար շատ էինք «սիրում»: Պարբերաբար վիճել ենք, փոխադարձ վիրավորանք. նա սիրում էր ինձ ասել «անուղեղ հայրենասեր», ես էլ նրան ասում էի՝ դու էլ անհայրենիք տականք ես: Երկուսս էլ լրագրող էինք, այսինքն, նույն հարթության վրա էինք:

Իսկ ինչու՞ էի ես նրան ասում «անհայրենիք տականք» կամ ինչո՞ւ էր ինքը ինձ՝ «անուղեղ հայրենասեր», որովհետև մի քննարկման ժամանակ, 2006 թվականի հոկտեմբերին, Ադրբեջանից և Թուրքիայից այստեղ լրագրողներ էին եկել: Ադրբեջանից այստեղ էր եկել Էլմիր Միրզոևը, Ավազ Հասանովը, Թուրքիայից՝ Նուրսուն Էրելը: Եվ այդ քննարկման ժամանակ, երբ մենք գնացինք գաղափարական բախումների, ես նշում էի, որ ոչ մի դեպքում Արցախից մեկ սանտիմետր մենք չենք տա: Սրանք ասում էին՝ դե մենք հզոր ենք և այլն, ես ասում էի՝ խնդրեմ, հզոր եք, պատերազմ սկսեք: Ավազ Հասանովը խոստովանեց, ասաց՝ գիտե՞ս, ոչ մի ադրբեջանցի չի գա ձեր Ղարաբաղի համար կռվելու, եթե չունենա վստահություն, որ հաղթելու է: Այդ պահին Նիկոլ Փաշինյանն ասաց՝ բայց դուք ե՞րբ պետք է հասկանաք, որ Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է, ու ինչքան շուտ պրծնենք էդ գլխացավանքից, էդքան լավ»,-պատմեց Հոխիկյանը:

Հոխիկյանը պատմեց, որ Փաշինյանի այս հայտարարությանն արձագանքել է, թե՝ քո գլուխը որ ցավում է, դու գլուխդ կտրում ե՞ս: «Փաշինյանն ասաց՝ յանիմ ի՞նչ ես ասում, որ: Պատասխանեցի՝ յանիմ էն եմ ասում, որ մարդու գլուխը երբ որ ցավում է, գլխացավի դեղ է խմում և գլխացավը անցկացնում: Հիմա եթե Արցախյան հակամարտությունը մեզ համար գլխացավանք է, ոչ թե գլխից պետք է ազատվել, այլ՝ հակամարտությունից: Իսկ ի՞նչ պետք է անել. հզորացնել բանակը, հզորանալ միջազգային դիվանագիտության մեջ, մենք ունեինք վատ դիվանագիտություն, հզորացնեինք դիվանագիտությունը, այսինքն՝ գլխացավից ազատվել: Նա ինձ ասաց՝ դու անուղեղ հայրենասեր ես, դու ոչինչ չես հասկանում, և այլն, և այլն, հետո ասաց՝ ի՞նչ Ղարաբաղ, պահել ենք, որ ի՞նչ անենք, քանի՞ անգամ ես գնացել Ղարաբաղ, ասում եմ՝ մեկ անգամ, իրականում 2006 թվականն էր, այդ ժամանակ  21 տարեկան էի, ամոթ էր, որ մեկ անգամ էի եղել, բայց մեկ անգամ էի եղել»,- զրույցը մանրամասնեց լրագրողը:

Փաշինյանն այս պատասխանեն արձագանքել է, թե՝ ա՛յ, տեսնո՞ւմ ես, մեկ անգամ ես եղել, ի՞նչ ես անում, ոչ մշակում ես Արցախը, ոչ էս ես անում, ոչ էն ես անում. «Ասաց՝  որ Արցախը տանք, մենք Ադրբեջանով դուրս կգանք դեպի Միջին Ասիա, Նախիջևանով դուրս կգանք դեպի Իրան, Թուրքիայով սահմանը կբացվի, և դուրս կգանք դեպի Եվրոպա և այլն»:

Հոխիկյանը նշեց, թե Փաշինյանը վերջերս հերքում էր, որ նման խոսակցություն է եղել: «Իհարկե, վերջերս ասում էր՝ էդպիսի բան չի եղել, ես չեմ հիշում և այլն, բայց դա սովորություն է. ինչը, որ իրեն ձեռնտու չէ, ասում է՝ դա ես չեմ հիշում: Իր գրքում էլ է ինքը ասում, որ մեզ համար գլխացավանք է, բայց ինձ ասել է կենդանի խոսակցությամբ: Դե, հետագայում մենք էլի բազմիցս շփվել ենք իրար հետ, վիճել ենք և այլն»:

Արդեն 2019 թվականի «Իմ քայլը՝ հանուն Գեղարքունիքի մարզի» ֆորումի ժամանակ հանդիպան մասին Հոխիկյանը պատմեց, որ նորից հանդիպել է Փաշինյանին: «Դեմ դիմաց, ինքը, կանգնած ֆուրշետի սեղանի շուրջ, աղում էր: Ի դեպ, մի ձեռքին Գավառի փախլավա, մյուս ձեռքին՝ վետչինա, ու երկուսը միաժամանակ ուտում էր: Մոտեցանք, ինձ առաջին հարցը, որ տվեց, այն էր, թե Հոխիկյա՛ն, դու էլի նույն հայրենասե՞րն ես, ասացի՝ հա՛,  պարոն վարչապետ, էն անուղեղն եմ, որ ասում էիք, իսկ Ձեր մոտ բան փոխվե՞լ է: Ինքը հասկացավ, թե ես ինչ եմ ասում, բայց կողքից ոչ-ոք չէր հասկանում, թե ինչ եմ ասում: Ասաց՝ հա, էն որ ասում էի՞ր, չէ՛, ինձ մոտ էլ բան չի փոխվել: Ասացի՝ շատ ափսոսում եմ, որ էդպես է, ասաց՝ ոչինչ:

Հետո Լապշինին հարց տվեց, ասաց՝ Ադրբեջանում քեզ շատ տանջեցի՞ն: Լապշինը պատասխանեց՝ դե, հա, 9 ամիս պահեցին, սպանության փորձ բանտում և այլն, Փաշինյանն ասաց՝ լավ են արել, ես էլ լինեի՝ էդպես կանեի, քեզ ո՞վ էր ասում առանց Ադրբեջանի իշխանության թույլտվության գնայիր իրենց տարածք: Լապշինն ասաց՝  Նիկո՛լ, բայց ես Ադրբեջան չեմ գնացել, ես գնացել եմ Արցախ, ասաց՝ հա, միջազգային իրավունքի տեսանկյունից Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է»:

Այս խոսակցությանը միջապտել է Հոխիկյանն ու ասել՝ պարո՛ն վարչապետ, ի՞նչ եք խոսում, որին Փաշինյանն արձագանքել է՝ Հոխիկյան, դու սուս մնա, դու հայրենասեր ես, որից հետո Լապշինին ասել է՝ «իմ մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն իմ անունից քեզ բան կասի, լավ կլինի, որ ուշադիր լինես և անես այն, ինչ ինքը կասի». «Լապշինը և Վլադիմիր Կարապետյանն առանձնացան մեկ մետր հեռավորության վրա սկսեցին խոսել: Մնացել ենք մենք և, եթե չեմ սխալվում, Սուրեն Պապիկյանն էր և այլք»:

Այն ժամանակ, երբ Փաշինյանն ու Հոխիկյանը միայնակ էին մնացել, վերջինս հարցրել է՝ «պարո՛ն վարչապետ, արբանյակն ի՞նչ եղավ».

«Արբանյակի մասին, որ պատկերացում կազմեք, ասեմ, որ 2012 թվականին մենք սկսեցինք արբանյակի ծրագիրը, կապի նախարարությունում ստեղծվեց առանձին վարչություն՝ Սուրեն Պետրոսյանի գլխավորությամբ, և ՀՀ-ն 2012-2017 թթ. մի շարք միջազգային պայմանագրեր ստորագրվեցին, արբանյակի ծրագրիրը կազմվեց ամբողջությամբ, 4 պետությունների՝ Չինաստանի, Ֆրանսիայի, ՌԴ-ի և Կանադայի հետ ստորագրվեցին պայմանագրեր դետալների և այլնի մասին: Արբանյակի գինն արժենալու էր մոտ 170 մլն դոլար: Այն 4 հիմնական ֆունկցիա էր կատարելու.

1. գեոլոկացիոն գործառույթներ — վերևից մոտավորապես 500.000 քառակուսի կմ տարածք հսկողության տակ էր լինելու,

2. անվտանգության ապահովման գործառույթներ — կապի անվտանգություն, այժմ ՀՀ ինտերնետ կապ մտնում է Իրանից և Վրաստանից, և ցանկացած տատիկ կարող է բահով կտրել ինտերնետի կաբելը և մենք չենք ունենա կապ աշխարհի հետ: Այդ արբանյակը մեզ տալու էր սահմանափակ թողունակությամբ անվտանգ ինտերնետ, և ոչ-ոք չէր կարողանա վերահսկել մեր ինտերնետային կապը: Թեկուզ և հատուկ ծառայությունների համար, կամ աշխարհին ինֆորմացիա տալ-ստանալու համար դա կլիներ սեփական ինտերնետ,

3. հետախուզական խնդիրներ — արբանյակն օրական նկարելու էր մոտ 6 մլն լուսանկար՝ 500.000 քառակուսի կմ տարածքում, և դրանով մենք նաև կարողանալու էինք հետախուզական ծառայություններով հանդերձ ներևում որոշակի խնդիրներ լուծել,

4. հեռուստատեսային կապի (թվային հեռուստատեսություն) ապահովում:

170 մլն դոլար ծախսելով՝ ՀՀ-ն 10 տարի հետո ստանալու էր 600 մլն դոլարի շահույթ: Այսինքն՝ և՛ ծախսն էր հանելու, և՛ փող էր աշխատելու: Եվ, իհարկե, ինչ էր անելու ԱԹՍ-ների հետ կապված: 35.000 մետր բարձրության վրա էր լինելու գեոլոկացիոն արբանյակը, իսկ սովորական «Բայրաքթարը», օրինակ, 7900 մետր բարձրության վրա է: Այն ժամանակ դեռ «Բայրաքթարներ» չկային, բայց էն ԱԹՍ-ները, որոնք կային, գոնե մեր հակաօդային պաշտպանության համակարգերն ի զորու չէին ռադարներով բռնել: Արբանյակը վերևից տեսնելու էր, կոորդինատները տալու էր մեր հակաօդային պաշտպանությանը, և մեր ՀՕՊ-ը ներքևից խփելու էր: Մենք մինչ 2017 թվական հասանք նրան, որ ՀՀ-ն կնքեց այդ պայմանագրերը, ձեռք բերեց գեոստացիոնար դիրք տիեզերքում, ՀՀ-ն միացավ միջազգային տիեզերական պայմանագրին, և մնացել էր ընդամենը, որպեսզի արբանյակի պատվերը տրվեր: Պատվերը տրվեց ֆրանսիական «Եվտելսադ» և ռուսական «Ռոսկոսմոս» ընկերություններին: Ամեն մեկը որոշակի դետալներ էր արտադրելու և միասին հավաքելու էին: Եվ 2018 թվականի վերջին արբանյակը պետք է դուրս գար տիեզերք: Այն կոչվելու էր «Արմսթադ»»,-պարզաբանեց մեդափորձագետը:

Մեդիափորձագետը հիշեցրեց, որ այս ամենից հետո տեղի ունեցավ 2018 թվականի հեղափոխությունը.

«Ես այլևս իշխանությունների հետ կապ չունեի: 2019 թվականի մայիսի 11-ին, այդ օրը, երբ «Իմ քայլը՝ հանուն Գեղարքունիքի մարզի» ֆորումից հետո Փաշինյանի հետ հանդիպեցի, հարցրեցի՝ պարո՛ն վարչապետ, ի՞նչ եղավ արբանյակը, ասում է՝ ի՞նչ արբանյակ, ասում եմ՝ էն արբանյակը, ասում է՝ հ՜, էն խաղալիքը՞, ես էդ ծրագիրը «cancel» եմ արել: Ասում եմ՝ ոնց, պատասխանում է՝ էդպես: Մեզ պե՞տք է 170 մլն դոլար ծախսել, «cancel» եմ արել, չկա՛ էդպիսի բան, դա խաղալիք է»:

Հոխիկյանը շեշտեց, որ արբանյակի բոլոր հնարավորությունները ներկայացրել է Փաշինյանին, սակայն վերջինս պատասխանել՝ հետո ի՞նչ: «Ասում եմ՝ հետո էն, որ դուք ինձնից լավ գիտեք, որ վաղը պատերազմ ենք ունենալու, ասում է՝ հա, հետո՞, ասում եմ՝ այդ պատերազմում մեզ արբանյակ է պետք գալու, ասում է՝ իսկ ո՞վ ասաց, մեզ պետք չի լինելու այդ արբանյակը»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: