Ճիպոտը ձեռքներիցս գցել ենք, «ոսկե» փայտիկ էլ չունենք, մնում է՝ նոր շարժում ստեղծել. Պողոսյան

Արցախում վիճակը ծայրահեղ ծանր է։ Այն զրկանքները, որոնք այսօր կրում են շրջափակման մեջ գտնվող արցախցիները, դեպրեսիան, ժամանակ առ ժամանակ ընդհատվող դասապրոցեսը, թերսնումն ու մյուս բոլոր դժվարությունները, ծանր հետևանքներ են ունենալու արցախցի մեր հայրենակիցների համար, ինչը Հայաստանի իշխանություններին չի հետաքրքրում։ «Փաստինֆո»-ի տաղավարում նման կարծիք հայտնեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով արդեն 69 օր շրջափակման մեջ ապրող արցախահայերի խնդիրներին, այն արցախահայերի, որոնք Արցախը պահում են, որ Մայր Հայաստանը ապրի։

Հայաստանի իշխանությունը՝ Թուրքիա հումանիտար օգնություն ուղարկելով, փորձում է աշխարհին ցույց տալ, իբր, մարդասեր է, մինչդեռ Արցախն առավել քան երբևէ այդ հումանիզմի, հոգեբանական աջակցության ու իրեն այդ դժվարին պայքարում միայնակ չթողնելու կարիքն ունի։

«Հումանիզմի կողմնակից էիք, առաջին հերթին ամեն ինչ պետք է անեիք՝ Արցախին օգնություն հասցնեիք, ինչ ճանապարհով ուզում է՝ լինի։ 1992 թվականին ունեցել ենք նման իրավիճակ, երբ ՀՀ իշխանությունը Արցախի իշխանությունների հետ գործողություններ են արել մինչև շրջափակումը հաղթահարելը։ Այսօր չեն անում, որովհետև չեն ուզում, իրենց պետք է, որ Արցախի թեման ընդհանրապես վերանա հայկական քաղաքական օրակարգից»,- ասաց նա։

Պողոսյանի խոսքով՝ օրվա իշխանություներն ամեն ինչ անում են, որ Արցախն ու «արցախյան գործոնը» հեռացնեն Հայաստանի ներքաղաքական օրակարգից և, իբր, 29.800 քառ. կմ-ի վրա «խաղաղության պայմանագիր» կնքել, այնինչ Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ չի շտապում այդ պայմանագիրը կյանքի կոչել, քանի դեռ իր երազանքների ու նպատակների վերջնակետին չի հասել։ Ալիևը բացահայտ հայատարարում է՝ Սյունիքն էլ պետք է վերցնեմ, Սևանն էլ… Եվ, եթե շարունակենք ձեռքներս ծալած նստել ու նոր առաջնորդներ փնտրել, ոչ միայն Արցախը, նաև Հայաստանը կորցնենք։

«Մեր թշնամին թուրքն է և ադրբեջանցիներն են, նույնիսկ այսօրվա իշխանությունն է ասում, որ այդ նույն թուրքը երազում է հայոց պետականության վերացումը։ Մեր պապերն ասել են՝ եթե նույնիսկ շփվես թուրքի հետ, ճիպոտը ձեռքիցդ չգցես, իսկ մենք ճիպոտն ենք գցել, ճիպոտը դա բանակն էր, դա մեր կամքն էր, դա քո այն գաղափարն էր, որ դու միշտ պետք է պատրաստ լինես։ Թուրքի համար խաղաղությունը հայի կողքին գիտեմ՝ որն է՝ երբ հայը կամ գերեզմանում է, կամ շատ հեռու»,- նշեց Պողոսյանը։

Նրա կարծիքով՝ Ալիևը մեր թշնամին է, բայց մեր նկատմամբ շատ ավելի ազնիվ է, քան իշխանությունը։ Թշնամին չի ամաչում իր նպատակների մասին բարձրաձայնել, խաղաղության օրակարգի իր բովանդակությունը ներկայացնել, իսկ ո՞րն է մեր տարբերակը. հարցի պատասխանը անորոշ, օդում կախված է։

«Երբ ասում ենք, թե Հայաստանը կվերանա, շատերին թվում է՝ թե… եթե քարտեզի վրա գրված լինի Հայաստանի Հանրապետություն, բայց տարածքի վրա հայ չապրի, դա վերացում չէ՞։ Սա է խնդիրը, իսկ մենք հոլիվուդյան կինոների սցենար ենք գծում, ինչ-որ խաղաղության օրակարգից խոսում, հոլիվուդի կինոների խաղաղությո՞ւնն եք նկարելու»,- ընդգծեց Պողոսյանը։

Ճիպոտը ձեռքներիցս գցել ենք, «ոսկե» փայտիկ էլ չունենք, որ կարողանանք եղած ճգնաժամը հաղթահարել, մնում է՝ նոր շարժում ստեղծել, առաջնորդներ փնտրելու փոխարեն գործել, անտարբեր չմնալ ու ՌԴ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու մյուս խոշոր դերակատարների շահերն ի նպաստ մեր երկրի օգտագործել, թե չէ՝ ուրիշները չեն գա, որ մեզ փրկեն։

«Եղածներին փորձում եք պիտակավորել. նոր անունները գալիս են, տեղում ջնջխում եք, իսկապես ուզո՞ւմ եք լուսնից մեկը իջնի, ի՞նչ եք ուզում, որ ուրիշը գնա սաղ հարցերը լուծի՞, դուք էլ տանը նստած ասեք՝ էս ինչ լավ էր։ Իսկապե՞ս առաջնորդ եք ման գալիս, ինչի՞ համար, որ տանը նստեք, մեղքը ուրիշի վրա գցե՞ք… 95 տոկոսն ասում է, որ չի պատկերացնում Արցախն Ադրբեջանի կազմում, իսկապե՞ս, ազնի՞վ եք, եթե այո՝ դրա համար գործողություններ են պետք։ Եթե ես ասում եմ՝ ուզում եմ՝ պետք է ինչ-որ գործողություններ անեմ չէ՞, որ դա լինի։ Մեզ մոտ մի իրավիճակ է, որ երբ պետք է ինչ-որ գործողություն անել, 100.000 կամ ավելի քիչ մարդ է դուրս գալիս, որոնց մի մասին նստցնում են, մի մասի մոտ ինչ-որ խնդիրներ են լինում, թեման փակվում, գնում է, բա մնացածը որտե՞ղ են»,- հավելեց Պողոսյանը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում