Այլ տարբերակ չկա, պետք է հանրային գործընթաց գեներացնել

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը պայմանավորվել են, որ մինչև մայիսի 15-ը Տավուշի 4 գյուղերը հանձնվելու են Ադրբեջանին․

«Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Որոշել են, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան Արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը»,- ասված է հայտարարության մեջ։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանին հարցրինք՝ ի՞նչ ունի ասելու, չէ՞ որ ինքը Ոսկեպարում է, և ասում էր, որ ոսկեպարցիները թույլ չտվեցին հանձնումը․

«Այո, ասել ենք, որ չենք թողնելու, ու ամեն ինչ անելու ենք, որ թույլ չտանք։ Ես ասացի, որ փաստացի մինչ այս պահը ոսկեպարցիները կարողացել են բեկել այս ընթացքը, բայց սա ոչ թե Ոսկեպարի խնդիրն է, ոչ թե Բաղանիսի կամ Կիրանցի խնդիրն է, այլ սա համազգային խնդիր է։ Այստեղ ազգի բոլոր շերտերը ասելիք պետք է ունենան, միայն մեկ-երկու հոգով սա հնարավոր չէ անել։ Բնականաբար, բոլորս անելու ենք առավելագույնը, և մեր դիրքերից նահանջ, բնականաբար, չի լինելու, բայց յուրաքանչյուրը պետք է իր խոսքը ասի, բայց դա ոչ թե միայն պետք է խոսք լինի, այլ պետք է վարքով արտահայտված լինի»,- ասաց Պետրոսյանը։

Հիմա էլ ո՞ւշ չէ, փաստորեն գնացել թղթով բարաթով հանձնել են։ Այս հարցին Սուրեն Պետրոսյանը պատասխանեց․

«Ես իշխանական որևէ տեղեկատվության բացարձակապես չեմ հավատում, դելիմիտացիան ու դեմարկացիան այդ տրամաբանությամբ չեն անում։ Նախ ի՞նչ քարտեզի հիման վրա է դելիմիտացիան ու դեմարկացիան անում, կա՞ այդ ամբողջական քարտեզը։ Սա միակողմանի հանձնում է»,- ասաց Պետրոսյանը։

Դիտարկմանը, որ ինքը ճիշտ է ասում, բայց փաստորեն այդ միակողմանի հանձնումով էլ հանձնել են, և ի՞նչ է պետք անել այս պահին, Պետրոսյանը պատասխանեց․

«Այլ տարբերակ չկա, պետք է միայն ու միայն գեներացնել հանրային գործընթաց։ Այդ հանրային գործընթացը սկսելու է հենց Տավուշից, կնիքը լինելու է Երևանում, բայց դա պետք է սկսել Տավուշից։ Մենք բոլորս բոլորս փորձում ենք բազկաթոռին նստած փափուկ ստատուսներով երկիր փրկել, կամ գործողություններ բեկել, այդպես երբեք չի լինում»,- ասաց Պետրոսյանը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: