Հերթական զիջումների լուրջ վտանգ կա. ադրբեջանագետը՝ մյունխենյան հանդիպման մասին

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ կշարունակվեն, բայց հերթական զիջումների լուրջ վտանգ կա: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով այսօր Մյունխենում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպմանը:

Շարունակական զիջումները կարող են լինել նույն Արցախի հիմնահարցում Ադրբեջանի պահանջների բավարարման, Սյունիքի հետ կապված խնդիրներում և ձգվել մինչև Ալիևի ծավալապաշտական նկրտումների վերջնակետ, որն է՝ Հայաստանն ամբաղջությամբ ու առանց հայերի:

«Առնվազն այն դիրքորոշումը, որ Ադրբեջանը որդեգրել է և դիրքորոշման բացակայությունը, որ կա հայկական կողմի մոտ, լուրջ անհանգստություններ է առաջացնում: Հայաստանի կողմից առաջարկվող բովանդակություն չկա, Ադրբեջանը գիտի՝ ինչպիսի խաղաղություն է ուզում, ուզում է խաղաղություն որտեղ հայեր չլինեն: Չեմ ասում՝ մենք այդպիսի խաղաղությամբ հանդես գանք, բայց մենք պետք է ունենանք մեր տեսլականը, այնպիսի խաղաղություն, որտեղ Արցախում և Հայաստանում հայերին որևէ բան չի սպառնում, եթե դա չկա, ուրեմն այս խոսակցություններն անիմաստ են ու ոչ մի տեղ չեն տանում»,- նշեց ադրբեջանագետը:

Նրա խոսքով, դատելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեկնաբանություններից, Մյունխենում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետի հետ բավականին ընդգրկուն հարցեր են քննարկել, չեն շրջանցել անգամ Ռուբեն Վարդանյանին: Ըստ Ալիևի՝ ադրբեջանական կողմը պնդել է, որ չի պատրաստվում Արցախի հետ կապված ինչ-որ խնդիր կամ արցախահայերի իրավունքների վերաբերյալ որևէ բան քննարկել հայկական կողմի հետ, հետևաբար՝ պարզ չէ, թե այդ դեպքում ինչ խաղաղության պայմանագրի մասին է խոսքը:

«Եթե մինչ այս ասում էին՝ Սյունիքով ճանապարհ տրամադրեք, հիմա արդեն ասում են՝ անցակետեր պետք է տեղադրվեն, այսինքն՝ իրենք անընդհատ օրակարգ են բերում նորանոր հարցեր, նորանոր խնդիրներ ու ստիպում են քննարկենլ դրանք, իսկ մենք, լավագույն դեպքում, պատասխանում ենք իրենց ասածներին, խնդիրը նաև մեզանից է գալիս, թե մենք ինչ բովանդակություն ենք տալիս կամ որքանով ենք համառում բանակցային գործընթացումմեր առաջ քաշած խնդիրները լուծելու առումով»,- ընդգծեց Հայրապետյանը:

Թե ինչպես կարձագանքի ռուսական կողմը մյունխենյան հանդիպմանը՝ ադրբեջանագետը դժվարանում է մեկնաբանել, միայն ասում է՝ Հայաստանի դաշնակիցը փորձում է իր միջնորդական առաջնորդությունը պահպանել, բայց ակնհայտորեն պաշտպանում է ադրբեջանական դիրքորոշումը, ի մասնավորի՝ ՌԴ-ն խոսում է Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետի երկարաձգման ու Արցախի կարգավիճակի հարցը անորոշ ժամանակով հետաձգելու մասին, բայց պաշտոնական Մոսկվան մինչ օրս այդպես էլ չի կարողացել այդ ամենը պարտադրել Ադրբեջանի ղեկավարությանը, ինչպես նաև բացել արդեն 70 օր ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից փակված Լաչինի միջանցքը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում