Երեկ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը հայտարարություն էր տարածել իր շուրջ պաշտոնական, բայց իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների վերաբերյալ եւ պահանջել էր հրապարակային դատավարություն, քանի որ իր մեղադրանքները հաստատող ապացույցներ չկան, իսկ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում պատերազմի ընթացքը ներկայացնելուց հետո անհասկանալի է, թե ինչու է իր գործը քննվում փակ դռների հետեւում։ «Հավանաբար, որպեսզի այդ դռներից դուրս շահագրգիռ անձինք կարողանան ազատորեն ներկայացնել իրենց հորինվածքները»,- գրել է Միքայել Արզումանյանը։
Նրա հայտարարությունը տեղ-տեղ հնչում է որպես արդարացում։ Նա նշում է, որ ծանր իրավիճակում է ստանձնել ԱՀ ՊԲ հրամանատարությունը, երբ թշնամին պաշտպանական գոտիներ անցնելով, մոտեցել էր Շուշիին, երբ հայկական կողմը չի ունեցել բավարար ռեսուրս՝ թշնամուն դիմագրավելու համար, ինչը հայտնի էր երկրի ղեկավարությանը։ «Ես թիրախ եմ ընտրվել, որպեսզի ինչ-որ անձինք փորձեն իրենց ուղղված մեղադրանքները փաթաթել իմ վրա»,- ասում է Արզումանյանը, առանց անուններ տալու, սակայն ակնհայտ է, որ խոսքը վարչապետ Փաշինյանի մասին է։
Հիշեցնենք, որ Նիկոլն էլ իր հերթին էր առանց անուն տալու մարտի 14-ի ասուլիսի ժամանակ հիշատակել Արզումանյանի գործը, փաստացի ուղղորդելով իրավապահներին․ «Կա բարձրաստիճան զինվորական, որը մեղադրվում է Շուշիի գործով, եւ այդ գործով, երբ որ դատարանը որոշեց, որ կալանավորի, ինձ համար զարմանալի բան տեղի ունեցավ՝ մեկ էլ ամենատարբեր մարդիկ Հայաստանից, ԼՂՀ-ից դատաիրավական համակարգին, նաեւ այլ թեւերով միջնորդություններ էին ներկայացնում, որ կլինի՞ էսինչ մարդուն կալանքից ազատեք, ներողամիտ վերաբերվեք եւ այլն։ Ժողովուրդ, բա դուք չե՞ք ասում, որ պետք է բացահայտվի, պարզաբանվի, թե ով ա տվել Շուշին, ինչու է ընկել Շուշին։ Հիմա ի՞նչ եղավ, որ բոլորդ, որ այդ սրերն էիք ճոճում, ուզում եք, որ չլինե՞ն այդ գործերը, ազատվե՞ն մարդիկ, ինչի՞ համար»։
Այժմ Միքայել Արզումանյանն է մեկուսարանից հարցեր տալիս վարչապետին, որն իր Քննչական կոմիտեի միջոցով նրան մեղադրել է Արեգասարի արդեն գրավված բարձունքը թողնելու, նահանջի հրաման տալու համար։
«Եթե Արեգասարի բարձունքն իրոք գրավված է եղել յուրային ուժերի կողմից, եւ եթե սեպտեմբերի 29-ին ինքն է հրամայել հանձնել այդ գրավված բարձունքը, ապա․
1․ ինչո՞ւ դեռեւս այն ժամանակ դրա համար պատասխանատվության չի ենթարկվել։
2․ ինչո՞ւ է 1 ամիս անց նշանակվել ՊԲ հրամանատար»։
Մեղադրանքի վերաբերյալ Արզումանյանը հայտնում է․ «Ես նման հրաման տալու իրավասություն չեմ ունեցել, քանզի այդ ժամանակ չեմ հանդիսացել Պաշտպանության բանակի հրամանատարը»։
Մենք հարցրինք ՔԿ խոսնակին, թե ինչ պատասխան կտան Միքայել Արզումանյանին, որը պնդում է, որ իր դեմ ապացույցներ չկան։ «Կոմիտեն համապատասխան հրապարակումներով ներկայացրել է մեղադրանքի հիմնական էությունն ու փաստական հանգամանքները եւ այժմ հավելյալ ու կրկին դրան անդրադառնալու անհրաժեշտություն չունի։ Դատական քննության արդյունքում կքննվեն ներկայացված ապացույցները, ըստ այդմ՝ հանրության համար պարզ կդառնա, թե ինչ ապացույցներ կան, եւ թե որքանով է մեղադրանքը հիմնավոր։ Եթե Քննչական կոմիտեն համակողմանի եւ լայնածավալ քննության արդյունքում բավարար չհամարեր ձեռք բերված փաստերը եւ դրանց համակցությունը, վստահաբար, մեղադրական եզրակացություն չէր կազմի եւ վարույթը դատարան ուղարկելու միջնորդությամբ չէր դիմի հսկող դատախազին, իսկ վերջինիս կողմից էլ այն չէր հաստատվի եւ դատարան չէր ուղարկվի», — պատասխանեց ՔԿ խոսնակը։
ՀԳ․ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը պատերազմի 44 օրերից ընդամենը վերջին 12 օրն է զբաղեցրել այս պաշտոնը, երբ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը վիրավորվեց եւ այլեւս չէր կարող պաշտոնավարել։ Նա մեծ հարգանք է վայելում զինվորականության շրջանում։ Այն, որ փակ դռների հետեւում դատվող գեներալը ստիպված է անձամբ նամակ ուղարկել մեկուսարանից եւ իր գործի մասին տեղեկություններ տարածել, փաստորեն, դիմելով հանրության օգնությանը, թերեւս նաեւ նրա փաստաբան Երեմ Սարգսյանի մեղքն է։ Ճիշտ է, նա մի երկու անգամ իր ֆեյսբուքյան էջի միջոցով բարձրաձայնել է իր պաշտպանյալի իրավունքների խախտման մասին, սակայն ամենաանհաղորդ փաստաբաններից է։ Նա հաճախ չի պատասխանում լրագրողների հարցերին, զանգերին։ Իսկ լրագրողական համույթի հետաքրքրվածությունը գեներալ Արզումանյանի՝ Միշկոյի գործով անհամեմատ ավելի մեծ է նրա փաստաբան Երեմ Սարգսյանի՝ հանրության հետ շփվելու ցանկությունից։
Պարզապես արձանագրենք, որ բանտ նետված գեներալն ու վարչապետ Փաշինյանը հայտնվել են խիստ անհավասար պայմաններում` Փաշինյանը մեղադրանքներ է հնչեցնում նրա հասցեին` օգտագործելով իր պաշտոնն ու ամբիոնը, եւ այդ մեղադրանքները հասանելի են դառնում բոլորին: Իսկ Միքայել Արզումանյանը զրկված է փաստարկներ ներկայացնելու եւ իրեն արդարացնելու հնարավորությունից, որովհետեւ կա նախաքննական եւ անվտանգային խնդիրների գաղտնիության հարց, ինչպես նաեւ մարդը կալանավայրում է` զրկված լրատվամիջոցների հետ շփվելու եւ իր անմեղությունն ապացուցելու հնարավորությունից:
«Հրապարակ օրաթերթ»