Թուրքիան հիանալի խաղաց իր խաղը՝ խաբեց Ռուսաստանի Դաշնությանը. Արթուր Խաչիկյան

«Սա ևս մեկ քայլ է՝ հեռանալու 2020 թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթից, որպեսզի գոյություն չունենա որևէ միջանցք, որով հնարավոր կլինի Արցախում ապրող աղետի մեջ հայտնված 120.000 մարդու հումանիտար օգնություն հասցնել։ Այսինքն, Եվրոպան ընդունում է, որ միջանցք, այլևս, չկա, և մենք պետք է Ադրբեջանին խնդրենք, որպեսզի, նրանք որպես «հումանիստ», իրենց անվանակոչած Աղդամով այդ մարդկանց առաջին օգնության հումանիտար բեռ փոխանցեն։ Իհարկե, «Ադրբեջան» և «հումանիզմ» եզրույթներն իրար կողքի որևէ կերպ չեն կարող տեղավորվել, պարզապես, Ադրբեջանը ցանկանում է օգտագործել միջազգային հարթակը՝ մեկ անգամ ևս հաստատելու, որ հայաստանյան կողմն, այլևս, միջանցքչի ունենալու»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոտկոր Արթուր Խաչիկյանը։

Հիշեցնենք՝ հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած հերթական եռակողմ բանակցությունից հետո ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել էր Ադրբեջանի առաջարկը՝ դեպի Արցախ Աղդամի կողմից բեռնափոխադրումներ կատարելու վերաբերյալ՝ միևնույն ժամանակ որևէ պահանջ չներկայացնելով Ադրբեջանին՝ Հաագայի դատարանի որոշման համաձայն, Բերձորի միջանցքն անհապաղ բացելու համար։

Արթուր Խաչիկյանը նկատում է՝ Աղդամով, այսպես կոչված, հումանիտար օգնության տրամադրումը հենց Արևմտյան հարթակում գրանցելու իրողությունը մեկ անգամ ևս հաստատում է, որ Արևմուտքը շատ կցանկանար, որպեսզի մենք ենթարկվենք Ադրբեջանի առաջ քաշած պահանջներին, որպեսզի այլևս խնդիրներ չստեղծենք իրենց համար։ Ինչպես նաև՝ հավաքական Արևմուտքի ձգտումն ու ցանկությունն է, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունը լքի այս տարածաշրջանը, որպեսզի նրանք այստեղ, առաց ավելորդ խոչընդոտների, լուծեն իրենց քաղաքական տնտեսական և, հատկապես, էներգետիկ խնդիրները։

Անդրադառնալով վերջին օրերին նկատելիորեն լարված ՌուսատանիԴաշնություն – Թուրքիա հարաբերությունների թեմային, Արթուր Խաչիկյանը նկատում է՝ լավ կլիներ, որ, գոնե, հիմա Ռուսատանի Դաշնությունը դասեր քաղեր իր համար շատ կարևոր և կենսական նշանակության այս իրողությունից.«Ռուսատանին շատ անգամներ են զգուշացրել, ընդ որում, ամենատարբեր խողովակներով, որ Թուրքիան իրենց խաբելու է և, ահա, այդ բազմաթիվ զգուշացումներն, արդեն, իրականություն են դարձել։ Թող հիմա Ռուսաստանի Դաշնությունը կողքից նայի այն իրավիճակին, որում ինքը հայտնվել է և դասեր քաղի դրանից՝ արդյո՞ք Թուրքիան կանխե՞ց ՆԱՏՕ-ի ընդլայնումը, արդյո՞ք այս տարածաշրջանում, ի վերջո, չի՞ լինելու թուրքական ազդեցությունը և նմանօրինակ այլ հարցեր»։

Հարցին՝ ի՞նչ քայլեր կձեռնարկի առաջիկայում Ռուսստանի Դաշնությունը, ստեղծված իրավիճակի ֆոնին՝Արթուր Խաչիկյանը պատասխանում է՝ Ռուսաստանի Դաշնությունում պրոթուրքական լոբին հաշվարկել էր՝ քանի — որ գտնվում է Արևմուտքի հետ բիրտ առճակատման մեջ, կարող է նաև պրոթուրքական դիրքորոշում որդեգրել և թուրքերի հետ միասին կիսել Կովկասը, իսկ Թուրքիան, թողնելով Արևմտյան թևն ու ՆԱՏՕ-ն, ավելի պրոռուսական կողմնորոշում կորդեգրի, սակայն, մենք տեսանք թե ինչ կատարվեց սխալ հաշվարկների արդյունքում.«ՌԴ-ն այս տարածաշրջանում մեծ չափով կորցրեց իր ազդեցութունը, Թուրքիան խաբեց ՌԴ-ին՝ ինչ — որ պետք է վերցնելով և հետո հարվածելով նրան մեջքից, ինչպես այդ մասին արդեն տարիներ ասում էին մի շարք վերլուծաբաններ, այդ թվում, նաև ես, Սատանովսկին, Պոխանովն ու ուրիշները։ Բոլորն ասում էին և զգուշացնում՝ պրոթուրքական լոբին ՌԴ-ին լավ տեղ չի տանելու։ Թուրքիան հիանալի խաղաց իր խաղը՝ խաբեց Ռուսաստանի Դաշնությանը։ Իհարկե, մենք էլ այստեղ մեր դերն ունեցանք՝ ընտրելով, ահա, այսպիսի մի իշխանություն, որն, իսպառ, տապալեց մեր արտաքին քաղաքականությունը։ Կարծում եմ, ինչ – որ բաներ հետ բերել թե՛ ՀՀ-ի, թե ՌԴ-ի համար, այլևս, շատ դժվարհաղթահարելի գործընթաց է լինելու։ Կհաղթահարվի՞ թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը»։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում