Ո՞ր նշաններից կարելի է հասկանալ, որ ձեր սմարթֆոնը գաղտնալսվում է

Հեռախոսի վարակվածության կամ գաղտնալսման առավել ակնհայտ և տարածված նշանները զրույցի ընթացքում կողմնակի ձայներն են, ասել է Gem4me հարթակի մշակման թիմի ղեկավար Վահե Զաքարյանը։

Lenta.ru-ին տված հարցազրույցում մասնագետը նշել է, որ սմարթֆոնի էկրանի ինքնաբուխ միացումը նույնպես կարող է վնասակար գործունեության առկայության մասին ազդանշան լինել։

«Սմարթֆոնի վրա բոլոր գործառույթների և հավելվածների զգալիորեն դանդաղ աշխատանքը նույնպես առիթ է մտածելու և պարզելու սարքի այսպիսի պահվածքի պատճառը։ Միգուցե դրա մեղավորը վիրուսն է, որը սպառում է օպերատիվ հիշողության մեծ մասը»,- ասել է մասնագետը։

Զաքարյանը նաև խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել նրան, թե որքան արագ է սպառվում բջջային ինտերնետի ծավալը։ Դրա պատճառը, ըստ նրա, կարող է լինել այն, որ սարքը չարագործներին պարբերաբար տվյալներ է ուղարկում, ուստի նման «ախտանիշը» ևս չպետք է անտեսել։

Մասնագետը խորհուրդ է տալիս հեռախոսում վիրուսային ծրագրերի առկայությունն ստուգել հատուկ հակավիրուսային հավելվածների միջոցով։

Անցանկալի կամ վնասակար ֆայլեր օգտատերերի սարքեր ուղարկելու համար հարձակվողները կարող են օգտագործել տվյալների փոխանցման անլար տեխնոլոգիաներ, ինչպիսիք են Apple AirDrop-ը: Եվ սա նշանակում է, որ նույնիսկ եթե դուք կասկածելի որևէ բան չեք ներբեռնել ձեր հեռախոս և չեք այցելել որևէ պոտենցիալ վտանգավոր կայք, դա դեռ չի նշանակում, որ ձեր հեռախոսը «մաքուր է»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում