Հումանիտար բեռի անվան տակ ավտոշարասյուններ ուղարկելը ոտնձգություն է «Ադրբեջանի տարածքի նկատմամբ». Բաքվում ջղաձգվել են

«Հայաստանը, որը չի կարողանում հաշտվել Ադրբեջանի Հանրապետության կողմից իր սահմանները վերահսկելու և հայկական սադրանքները կանխելու համար ստեղծված Լաչինի սահմանային անցակետի գործունեության հետ, մեքենաների շարասյուներ է ուղարկել Ադրբեջանի ինքնիշխան տարածք՝ առանց մեր կողմի հետ համաձայնեցնելու»:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը՝ ջղաձգված ու զայրացած հաղորդագրություն հրապարակելով այն մասին, թե միջազգային տասնյակ դեսպանների աչքի առաջ ցուցադրված հումանիտար բեռը «պատրվակ է»՝ ոտնձգություն կատարելու Ադրբեջանի կեղծ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ:

Հայտարարության մեջ նաև ասվում է. «Մոսկվայում բանակցություններից անմիջապես հետո հայկական կողմի նման գործողությունները, ներառյալ ներկա իրավիճակի հետ կապված մանրամասն քննարկումները, վկայում են գործընթացում այս երկրի անազնվության, իրավիճակը սրելու և միջազգային հանրությանը մոլորեցնելու մտադրության մասին։

Այս սադրանքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի պնդումները «տարածաշրջանում հումանիտար լարված իրավիճակի» մասին ոչ այլ ինչ են, քան մանիպուլյացիաներ և անօրինական գործունեությունը շարունակելու մտադրություն»։

Բաքվի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև շարունակել է կեղծ հայտարարությունն այն մասին, թե ադրբեջանական կողմը, հայ բնակիչների կարիքները հոգալու համար, առաջ է քաշել մի շարք առաջարկներ, որոնց, իբր, աջակցում են Եվրամիության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, այդ թվում՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործումը և այլն։

Նշվում է, որ Հայաստանը դեմ է բոլոր այլընտրանքային առաջարկներին և ինքնուրույն խոչընդոտում է համապատասխան մարդասիրական գործունեությանը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հումանիտար բեռների տեղափոխումը սովամահության մատնված հազարավոր բնակիչների համար անվանել է «քաղաքական շանտաժ» ու հավելել, որ Հայաստանի «սադրանքում գործիքի են վերածվել նաև Հայաստանում Եվրամիության առաքելությունը և դիվանագիտական կորպուսը»:

Վերջում Ադրբեջանը, կանխելով սեփական հասցեին սպասվող մեղադրանքները, կոչ է արել Հայաստանին դադարեցնել սադրանքները այն դեպքում, երբ հայկական կողմից սադրանքներ պարզապես գոյություն չունեն:

Հիշեցնենք՝ երեկ հայտնի էր դարձել, որ մարդասիրական օգնությամբ բեռնված երկու տասնյակ բեռնատար 400 տոննա հումանիտար օգնություն կհասցնի մինչև Կոռնիձոր: Ըստ Կառավարության աղբյուրի՝ նախատեսվում է ռուս խաղաղապահների միջոցով հումանիտար օգնություն փոխանցել արդեն 227 օր շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։

ԼՂ է ուղարկվել 60 տոննա շաքարավազ, 40 տոննա ձեթ, 100 տոննա ալյուր, 80 տոննա մակարոնեղեն, 20 տոննա աղ, 40 տոննա կաթի փոշի, 12 տոննա մանկական սնունդ և 9 տոննա դեղորայք:

Հումանիտար օգնությունը հասել է Կոռնիձոր գյուղ և մնացել այնտեղ: Առավոտյան հայտնի դարձավ, որ Հայաստանից մարդասիրական բեռով շարասյունը գիշերը չի անցել սահմանը և դեռ սպասում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մուտք գործելուն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 25-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի հերթական նիստը, որի ժամանակ որոշում էր կայացվել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցություն ուղարկելու վերաբերյալ:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: